ՈՒԽՏԴ ՈՒԽՏԻ ՆՄԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանրապես, որքան  մանր ու լուսանցքային է լինում կուսակցությունը, այնքան ավելի ամպագոռգոռ անվանում է ունենում: Դրանում մենք հերթական անգամ համոզվեցինք, երբ փորձեցինք տեղեկանալ «Ազգային Միասնության Ուխտ» կուսակցության գործունեության մասին: Մի՛ զարմացեք, պարզվում է, այդպիսի կուսակցություն էլ կա, որի գրասենյակը   ոչ թե որեւէ կորած գյուղում է գտնվում, այլ ոչ ավել, ոչ պակաս` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Թե ինչ հիմքերով  է  Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը տարածք տրամադրել այս քաղաքական կուսակցությանը,  կանդրադառնանք առաջիկայում: Իսկ առայժմ ձեզ ենք ներկայացնում մեր ծանոթությունը  մի ամբողջ ազգային, այն էլ միասնական ուխտի ղեկավարի` Ռաֆայել Համբարձումյանի հետ: Քանի որ մենք երբեք չէինք լսել այդ կուսակցության մասին, նախ` փորձեցինք ճշտել, թե քաղաքական ո՞ր դաշտում է այսօր գործում ԱՄՈՒԿ-ը եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Ոչ մի դաշտում էլ չի գործում»: Բնականաբար, մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ միջոցներով է գոյատեւում ոչ մի դաշտում չգործող այդ կուսակցությունը. «Չգիտեմ, ի՞նչ ֆինանսներ պիտի լինեն: Մենք ֆինանսական որեւէ աղբյուր չունենք: Մարդիկ իրենք կազմակերպում են եւ անում են, ինչ- որ պետք է մեզ:  Դրա համար էլ մենք էս ընտրություններին չմասնակցեցինք, որովհետեւ վիթխարի գումարներ էին պետք»: Իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք կուսակցությունը մասնակցել  ապագա խորհրդարանական ընտրություններին: Պարզվում է` այո: «Մենք պիտի աշխատենք մասնակցել, բայց ընդհանուր եզրեր գտնվելով այն կուսակցությունների հետ, որոնց հետ մենք կկարողանանք ընդհանուր եզրերի գալ»,- իրենց մարտավարությունն ահա այսպես քաղաքագիտորեն մեզ բացատրեց ԱՄՈՒԿ-ապետը: Լավ, իսկ քանի անդամ ունի «Ազգային Միասնության Ուխտը»: Պարզվում է` մի «Զապորոժեցից» ավել, բայց մի ավտոբուսից քիչ. «Շատ քիչ անդամներ ունենք: Ամբողջն իրար հետ` երեւի մի 30 հոգի, չնայած մարդիկ էդպիսի բաներ չեն ասում, բայց ես ասում եմ»: Հավանաբար պարոն Համբարձումյանը տեղյակ չէ ՀՀ քաղաքական կուսակցությունների մասին օրենքին, ըստ որի` քաղաքական կուսակցությունն առնվազն 2000 անդամ պետք է ունենա: Թե չէ` ինքն էլ հաստատ այդպիսի բան չէր ասի: Ամեն դեպքում, գովելով պարոն Համբարձումյանի անկեղծությունը, չենք կարող, սակայն, նույնն ասել նրա  համեստության մասին: Պարզվում է` նա վիրավորվում է, երբ նրան դիմում են ազգի ճակատագիրը վճռելուց պակաս հարցով: Երբ փորձեցինք տալ կուսակցության հետ կապված հերթական ճանաչողական  հարցը, պարոն Համբարձումյանի նյարդերը տեղի տվեցին. «Սա ի՞նչ բան է: Ես հրաժարվում եմ ձեզ պատասխանելուց: Եկել եք էստեղ,  փոխանակ ասեք` էս Հայաստանի վիճակը ծանր  ա, ոնց պիտի դուրս գանք էս  վիճակից, ի՞նչ պիտի անենք էս ժողովրդին էս հոշոտումից փրկելու համար, դուք եկել եք, ինձ ասում եք` քանի՞ գրասենյակ ունեք, քանի՞ անդամ ունեք: Ես  էդ հարցերին չեմ պատասխանում»: Ահա այսպիսի բաներ: Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 




Լրահոս