ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ
lenta.ru-ն գրում է, որ Գերմանիայում վերացնում են բեռլինյան պատի ամենաերկար հատվածը, որը տեղակայված է Ֆրիդրիխսխայն թաղամասում: Բեռլինի պատի այդ հատվածի երկարությունը 1316 մետր է: Պատի քանդված հատվածները կտեղադրվեն Շպրեե գետի ափին: Իշխանությունների խոսքով` այդ հատվածում նոր շինություններ են կառուցվելու: Սակայն քաղաքացիները դեմ են. նրանք անթույլատրելի են համարում շինությունների կառուցումը նախկին, այսպես կոչված, «մահվան գծի» վրա:
«ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՊ»
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գահից հեռանալուց հետո կստանա «Պատվավոր պապի» կոչում: Այս մասին հայտնել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին: Ըստ նրա՝ պապը կպահի Բենեդիկտոս 16-րդ անունը, եւ նրան կարող են դիմել նորին սրբություն: Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը նոր հրաման է ստորագրել, որը թույլ է տալիս կոնկլավ հրավիրել նախատեսվածից ավելի շուտ, որի ընթացքում պետք է նոր պապ ընտրվի: Հռոմի պապը գահը կլքի փետրվարի 28-ին:
ՍԱՌՑԵ ՔԱՆԴԱԿՈՒՄ
Կրասնոյարսկի մարզի Կոզուլկա գյուղի խաղահրապարակում ոստիկանությունը հայտնաբերել է 8-ամյա աղջնակի դի: Պարզվել է, որ աղջիկը փորձել է անցնել խաղահրապարակում կանգնեցված սառցե քանդակի անցքի միջով, սակայն մնացել է դրա մեջ եւ այլեւս չի կարողացել դուրս գալ: Նա մահացել է շնչահեղձությունից: Այդ սառցե քանդակն արդեն իսկ ապամոնտաժվել է: Ոստիկանությունն ու տեղական իշխանությունները սկսել են զննել մնացյալ սառցե կառույցները, որոնք կարող են վտանգ ներկայացնել երեխաների կյանքի համար: