Դերասան, ռեժիսոր Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից հատուկ ժամանել է Երեւան` մասնակցելու Ազատության հրապարակում փետրվարի 28-ին կայանալիք հանրահավաքին: Դերասանը հետեւել է ե՛ւ քարոզարշավին, ե՛ւ ընտրությունների ընթացքին, հիմա էլ արդեն ցանկանում է հետեւել հետընտրական զարգացումներին: «Այսպիսի ընտրություններ մեզ մոտ դեռեւս չեն եղել, բայց հեռվից որոշ բաներ կարող են այնքան էլ ճիշտ չթվալ. կգամ, տեղում ամեն ինչ ինձ համար ավելի պարզ կդառնա…»,-նշել է նա: Դերասանը կիսատ է թողել Ֆրանսիայում սկսած իր ներկայացումն ու շտապել Հայաստան: Թե ինչքան ժամանակ կմնա այստեղ, ինքն էլ չգիտի, քանի որ գալիս է դժվար պահին մարդկանց կողքին կանգնելու: «Կմնամ, ինչքան անհրաժեշտ կլինի… Այսօր Հայաստանում ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ երկիրը վերակառուցելու: Եվ ոչ թե կոսմետիկ, այլ ռադիկալ, խորքային փոփոխություններ անելու: Քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն, հրաժարվեն ամեն տեսակի հավակնություններից ու նստեն երկխոսության: Մենք մի անգամ արդեն այդ բացառիկ հնարավորությունը կորցրինք, այս անգամ սխալվել չի կարելի: Սա է պահի հրամայականը: Ինչո՞ւ է մեր քաղաքական միտքն աշխատում ըստ մինչ այժմ գործող ստանդարտների: Այդ ստանդարտները տանելու են դեպի փակուղի: Ինչո՞ւ մենք ռիսկ չենք անում մտածել, որ կարելի է գտնել միանգամայն նոր, բացառիկ ճկուն, մինչ այժմ պատմությանն անհայտ եւ հայ ժողովրդի ու հայ պետականության շահերից բխող լուծումներ… Կրկնում եմ՝ այսօր մեզ մոտ ստեղծվել է բացառիկ հնարավորություն` աշխարհը ցնցելու հեղափոխության հայկական տարբերակով… Հայ ժողովուրդն այսօր նորից ոտք դրեց լույսի ճանապարհին»,-ասել է Վարդան Պետրոսյանը «Լրագիր»-ին տված հարցազրույցում:
ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ