Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ ներկայացած Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանին հանձնվելու պատմությունը ամբողջությամբ բնորոշում է այն խայտառակ իրավիճակը, որն առկա է Հայաստանի ողջ իրավապահ համակարգում: Փաստորեն ՀՀ քաղաքացին, որը, ինչպես պարզվում է, նաեւ հոգեկան խնդիրներ ունի, բավական երկար ժամանակ լավ մշակված խարդախություն է իրագործել, բայց իրավապահները չեն կարողացել ժամանակին բացահայտել այն: Այնուհետեւ նույն անձը ՀՀ ԱԱԾ-ի քթի տակ տասը օր բանակցելուց հետո հանձնվել է Հայաստանի թշնամի պետության հատուկ ծառայություններին, իսկ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը լրագրողներին է վիրավորում՝ հոդաբաշխ բացատրություն տալու փոխարեն: Եվ իրավապահների անպատասխանատվության պատճառն այն է, որ այդ ոլորտի առաջին դեմքերն իրենց ղեկավարմանը հանձնված համակարգերը համարում են սեփական «օբյեկտ», իսկ մեկը մյուսին վերաբերվում են, մեղմ ասած, թշնամանքով. այնտեղ չկան գործընկերային դասական հարաբերություններ: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այն աստիճան են իրար ատում, որ բացառապես գրություններով են շփվում: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան-Աղվան Հովսեփյան հարաբերություններն էլ չեն փայլում: ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն էլ, ըստ պտտվող լուրերի, նշված երեքին տանել չի կարողանում, քանի որ նրա համար Կոստանյանը զուտ «ջահել» է՝ անհասկանալի ամբիցիաներով, Հովսեփյանը՝ «հին գայլ», իսկ Գասպարյանը՝ PR-շիկ: Նշվածներն էլ իրենց հերթին են Գ. Հակոբյանին հոգնած պապիկ համարում: Եւ այս իրավիճակում տուժում է երկրի անվտանգությունը, բացակայում է արդարության մթնոլորտը: Ու տրամաբանական կլիներ, որ այդ խայտառակությունից հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հրատապ անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, որին հետեւեին իրավապահ պատասխանատու կառույցների ղեկավարների հրաժարականները:
Հ. Գ. Նկատենք, որ հայրենի իրավապահ համակարգի այս «բարդակը» նոր երեւույթ չէ, եւ Սերժ Սարգսյանը խնդրին խորությամբ է ծանոթ: Ի վերջո, նա երկար տարիներ եղել է ԱԱԾ ՆԳՆ ղեկավար, ու այսօրվա կադրերը հենց իր «աճեցրածներն» են, ինչը նշանակում է, որ ներկա իրավիճակի մեջ Սերժ Սարգսյանը ուղղակի պատասխանատվության բեռ ունի:
Ինչպես հայտնի է՝ մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյան, որը մեկնարկելու է հոկտեմբերի 5-ին, ՀՀ իշխանությունները պետք է վերջնական տեսքի բերեն նոր Սահմանադրության նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են ոչ մեկին չնեղացնել եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկությունները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթերում: Նպատակն այն է, որ նախագահականում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպված ֆոտոսեսիայի բոլոր մասնակիցները պարտադրված լինեն ներգրավվել նոր Սահմանադրության նախագծին կողմ քարոզչությանը: Ի դեպ, ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ սահմանադրական փոփոխությունները քվեարկության կդրվեն առաջիկա քառօրյայում, որից հետո Սերժ Սարգսյանը հրամանագրով դեկտեմբերի 6-ին հանրաքվե կնշանակի: Դե, իսկ հրամանագրի հրապարակման պահից սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ տոբակո» ընկերության ղեկավարությունը այս օրերին զբաղված է իր աշխատակիցներին Գերմանիա գործուղելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմամբ: Ըստ նույն լուրերի՝ Գերմանիա մեկնող աշխատակիցները պետք է զբաղվեն այդ երկրում ծխախոտի արտադրության գործարանի հիմնադրման աշխատանքների կազմակերպմամբ: «Ժողովուրդ»-ը իր՝ սեպտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել եւ ներդրողն այդ նպատակով նշված բնակավայրում 4 մլն 300 եվրո արժողությամբ անշարժ գույք է գնել: Նշել էինք նաեւ, որ ներդրողի անունը չնայած չի հրապարակվում, սակայն ըստ լուրերի՝ այդ ծրագրի ետեւում կանգնած է «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը: Ստացվում է, որ Հայաստանում աշխատած փողերը սկսել են «արտագաղթել» եւ ներդրվել այլ երկրներում, իսկ ՀՀ վարչապետը ամեն հարմար առիթով ներդրողներ է փնտրում:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը «Մարուքյաններ» ընկերության հետ օգոստոսի 20-ին կնքած պայմանագրով ձեռք է բերել Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ երեք էկոնոմ եւ մեկ բիզնես կարգի տոմս, որոնց համար պետբյուջեից վճարել է 1 մլն 601 հազար դրամ: Չորս օր անց՝ օգոստոսի 24-ին, նույն նախարարությունը կրկին պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ, այս անգամ արդյունքում գնել են Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ մեկ բիզնես եւ մեկ էկոնոմ կարգի ավիատոմս, որոնց համար պետբյուջեից վճարվել է 1 մլն 104 հազար դրամ: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Մարուքյաններ» ընկերությունից ասացին, որ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի բիզնես կարգի մեկ տոմսի արժեքն է 483 հազար 500 դրամ, իսկ էկոնոմինը` 173 հազար դրամ: Վերը բերված երկու գործարքների դեպքում էլ պարզ թվաբանությունից հետո պարզ է դառնում, որ տոմսերի համար վճարվել է իրական արժեքից կրկնակի անգամ ավել: Սա բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ է, թե՞ թաքնված ուղեւորների թաքնված ծախս:
ՄԱՀԱԿԱՅԻՆ
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` կապված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` սեպտեմբերի 18-ին Աժ-ում հնչեցրած իշխանափոխության կոչերի հետ: ««Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զարուհի Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունը, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն եւ փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը, … ցանկացած նման կոչ, առավել եւս գործողություն կատարելու փորձ, կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»,-ասված է ԱԱԾ հայտարարությունում:
Փաստորեն մեր «փառապանծ» ԱԱԾ-ում իրենց իրական գործառույթներով զբաղվելու, մեր ազգային անվտանգության իրական սպառնալիքները չեզոքացնելու, այս կամ այն դավաճանի ազատ ելքը երկրից կանխելու փոխարեն ձեռնամուխ են եղել քաղաքական բնույթի հայտարարություններ անելուն: Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ Գորիկ Գուրգենիչի ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը քաղաքական սպառնալիքներ են հնչեցնում ՀՀ ընդդիմության հասցեին: Հիշեցնենք, որ ԱԱԾ պետը իշխանափոխության կոչեր անողներին ԱԱԾ-ի «պադվալով» վախեցրեց նաեւ անցած տարեվերջին:
Առհասարակ, եթե փորձենք վերհիշել, թե երբ է ակտիվացել մեր ԱԱԾ-ն, ապա կտեսնենք, որ դա տեղի է ունեցել կա՛մ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին «թթու խոսք» ասող գործիչներին վախեցնելու, կա՛մ ԱԱԾ ղեկավար Գ. Հակոբյանին քննադատողների մասին «խորհրդային կլաուզաների» ոճով գրված հայտարարություններով հակադարձելու նպատակով: Վերջինի ցայտուն օրինակներից է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի դեմ նախկին «ԿԲԳ-շնիկների» միասնական հայտարարությունը:
ԱԱԾ երեկվա հայտարարությունում նաեւ ասված է. ««Տապալում, շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են»: Հետաքրքիր է՝ իսկ արդյո՞ք նույն «ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից» չեն, օրինակ, Աժ մեկ այլ պատգամավորի` Առաքել Մովսիսյանի` Շմայսի կողմից ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի մասին վատ բան ասողներին գլխատելու եւ բռնաբարելու խոստումները: Եւ կամ Սերժ Սարգսյանին հայհոյողների ականջները շան թուլայի նման կտրելու` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանի հնչեցրած սպառնալիքները: Թե՞ ՀՀ քրեական օրենսգիրքը գեղարվեստական վեպ է, որտեղ «նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշները» մեր իրավապահ մարմիններում ամեն մեկը յուրովի է ընկալում: