ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին ութ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ տվյալները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճի թիվը 0,3 տոկոսով նվազել է:

Այս տարվա առաջին յոթ ամիսների ամփոփ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եղել է 4,3 տոկոս, իսկ օգոստոսի արդյունքներով այդ թիվը դարձել է 3,9: Ուշագրավ է, որ երեկ հրապարակված վերը նշված օպերատիվ տվյալները գրեթե բոլոր ուղղություններում բացասական միտումներ են պարունակում: Այսպես, չնայած օգոստոսը սովորաբար գյուղատնտեսության համար ամենաբերքառատ շրջանն է, բայց գյուղատնտեսության համախառը բերքի ծավալները եւս հուլիսի համեմատ նվազել են 1,3 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ այս տարվա բարենպաստ կլիմայական պայմանների եւ անցած տարվա ցրտահարությունների շնորհիվ ընթացիկ տարում գյուղատնտեսության համախառը բերքի նշանակալի աճ է արձանագրվել: Իհարկե, դժվար է ասել, թե այդ աճն իրականում որքան է, բայց պաշտոնական թվերով այս տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով գյուղատնտեսության համախառը արդյունքի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 14,8 տոկոս: Սակայն երեկ հրապարակված տվյալներով արդեն ութ ամիսների արդյունքներով վերը նշված ցուցանիշը դարձել է 13,5 տոկոս:
Առեւտրի շրջանառության ծավալների պաշտոնական թվերը եւս շարունակում են նվազել: Մասնավորապես, նախորդ ամսին, երբ հրապարակվեցին այս տարվա յոթ ամիսների արդյունքները, առեւտրի շրջանառությունն անցած տարվա նույն ժամանակի համեմատ նվազել էր 4,7 տոկոսով: Սակայն ութ ամիսների արդյունքներով այս անկումն ավելի է մեծացել եւ կազմել է 5,4 տոկոս: Հասկանալի է, որ պաշտոնապես ներկայացվող առեւտրի ծավալներն ամբողջությամբ չեն արտացոլում ոլորտում տիրող իրական պատկերը: Մյուս կողմից ՀՀ ԱՎԾ-ն մշտապես ամեն կարգի «նկարչությունների» դիմել է, որպեսզի տնտեսությունում առկա զարգացումները կարողանան դրական լույսի ներքո ներկայացնեն: Ուստի, եթե ԱՎԾ-ն այլեւս չի կարողանում բացասական միտումները թաքցնել, ապա նշանակում է՝ իրավիճակը առավել քան վատ է: Մասնավորապես, եթե ԱՎԾ-ն ընդունում է, որ այս տարվա ութ ամիսներին մարդիկ անցած տարվանից 5,4 տոկոսով պակաս են առեւտուր կատարել, ապա այդպիսով խոստովանում է, որ մարդկանց գնողունակությունը նույնքան անկում է ապրել: Բայց եթե հաշվի առնենք, որ այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա համեմատ գնաճը կազմել է 4,8 տոկոս, ապա ստացվում է, որ սպառողների գնողունակությունն ավելի քան 10 տոկոսով է նվազել: Սա, կրկնում ենք, ըստ պաշտոնական թվերի:
Ի դեպ, ըստ օպերատիվ տվյալների՝ արտահանման ցուցանիշը որոշակի աճել է եւ ութ ամիսների արդյունքներով հավասարվել է անցած տարվա թվին: Սակայն ուշագրավն այն է, որ այս տարվա սկզբից ՀՀ մաքսային ծառայությունը դադարել է հրապարակել, թե որ ապրանքից, որքան եւ որ երկիր է արտահանվում: Այս վիճակագրությունը չհրապարակելու նպատակն այն է, որ հնարավորինս թաքցնեն արտահանման հետ կապված խայտառակ վիճակը: Բանն այն է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտահանման թվի աճը պայմանավորված է բացառապես մեկ ապրանքի` պղնձի խտանյութի արտահանման ծավալների կտրուկ աճով: Կրկին ոչ պաշտոնական տվյալներով՝ պղնձի խտանյութի արտահանման ծավալներն անցած տարվա համեմատ աճել են մոտ 25 տոկոսով, իսկ կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, ձկան եւ մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալները կտրուկ նվազել են: Այսինքն՝ չնայած պաշտոնական թվերով արտահանման վիճակը թվում է, թե կարգավորվել է, սակայն իրականում ավելացել են միայն մեկ ձեռնարկության եկամուտներն, իսկ այս տարվա սկզբից տնտեսությունում սկսված բացասական գործընթացները շարունակվում են, եւ դրանց ընթացքը ոչ մի դրական փոփոխություն չի կրել:
Բայց դե, վերը բերվածը չի նշանակում, որ Կառավարության առաջիկա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հայտարարի, որ Հայաստանի տնտեսությունում դրական զարգացումներ են տեղի ունենում, եւ նախարարներից որեւէ մեկին չի հանձնարարի, որ իրենց տեսած «դրական» լիցքերը նաեւ լրագրողներին փոխանցեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 28-ին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը սպասվում է, որ հայկական պատվիրակության համար «ծանր» է լինելու: Արդեն իսկ ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի «փախուստը» միջազգային ատյաններում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Ըստ այդմ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այդ հանգամանքը գիտակցելով՝ արդեն իսկ պատրաստվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները աշխատանքային քննարկումներ են անցկացնում, որպեսզի հստակ համաձայնեցնեն, թե ով ինչ ելույթ պետք է ունենա՝ ադրբեջանական պատվիրակության հարձակումներին արժանվույն պատասխանելու համար:

 

ՀՐԱՅՐԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ
Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի աշխատասենյակում նոր Սահմանադրության նախագծին նվիրված քննարկում է կազմակերպվել: Այն անցկացվում էր «դռնփակ»: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է առաջիկա օրերին իմի բերել բոլոր խնդիրները, առաջարկություններն ու շտկել բոլոր այն թերությունները, որոնք ի հայտ են եկել նախագծի քննարկումների ընթացքում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Թովմասյանի աշխատասենյակ էին շտապում նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները, նրանց եւս հանձնարարված է հանձնաժողովին ներկայացնել իրենց դժգոհությունները: Ի դեպ, ՀՀԿ-ում նոր Սահմանադրության նախագծի հետ կապված կարծիքներն այդքան էլ միանշանակ չեն, մասնավորապես երիտասարդ թեւը վստահ է, որ նոր Սահմանադրության փոփոխությունների կարիք չկա:

 

ՀԵՆՑ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ
Երեկ 53 տարեկան հասակում Գերմանիայում մահացել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Գերմանիայում բուժվում էր. նրա մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել: Մովսիսյանը 13 տարի (2001-2014թթ.) զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը: Հենց նա է ժամանակին ծրագրել եւ իրագործել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականաշնորհման խայտառակ գործարքը եւ «Նաիրիտի» փոշիացման գործընթացը: Այդքանով հանդերձ Մովսիսյանը փաստորեն մահացավ հենց ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության օրերին: Տարօրինակ զուգադիպություն է: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը իր ցավակցությունն է հայտնում Մովսիսյանի ընտանիքին եւ հարազատներին՝ նրա անժամկետ մահվան կապակցությամբ:

 

ԱԺ-ՈՒՄ ԿԻՆ Է ՎԱՏԱՑԵԼ
Երեկ ՀՀ ԱԺ Բաղրամյան պողոտայի անցագրային բաժնում արտառոց դեպք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ զոհված զինվորի մայրը ցանկացել է խորհրդարանի անդամներից որեւէ մեկի հետ հանդիպել ու ներկայացնել այն իրավիճակը, որում իրենք հայտնվել են: Կինը մտել է անցագրային կետ ու ուշագնաց է եղել: Աշխատակիցների ահազանգով դեպքի վայր է ժամանել շտապօգնության անձնակազմը, եւ կնոջը բուժօգնություն են ցուցաբերել:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԿՆԿԱԼԻՔԸ ՔԻՉ Է
«Ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց առաջընթաց գրանցել ղարաբաղյան կոնֆլիկտի հարցով համաձայնագրի որոշ հարցերի շուրջ բանակցություններում եւ նվազեցնել լարվածությունը շփման գծում»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով տարեսկզբից ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկու երկների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ակնկալիքներ ունեն: «Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհամաձայնեն հանդիպել մինչեւ տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ՝ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում»,-ասել է նա:

 

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՇԵԼ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին: Պատվիրակության կազմում են տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Սեպտեմբերի 22-ին վարչապետ Հ. Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որի ընթացքում Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ: Այսօր նախատեսված է վարչապետ Աբրահամյանի հանդիպումը ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԵՑ
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին էլ շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Ս. Սարգսյանն իր հրամանագրով ընդգծել է՝ ինչպես է վերաբերվում բռնություններին ու կոծկումներին։ «Փաստորեն Սարգսյանն ասում է՝ էսպես էլ շարունակեք, ծեծեք, ջարդեք, ինչ ուզում եք, արեք, դուք վերջում կգնահատվեք։ Կառաջարկեի ուղղակի մի նոր մեդալ ստեղծեին՝ Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար եւ շնորհեին այդ մեդալը՝ ում ցանկանային, Սաքուլիկին՝ պաշտպանության նախարարը, Բաբուլիկին եւ այլն»,- «Ազատությանն» ասել է իրավապաշտպանը։

 

ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ
Անդրադառնալով սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կողմից Աժ-ում արած հայտարարությանը, թե ի պատասխան Լեւոն Զուրաբյանի մտահոգությունների` իրենք հանում են ԱԺ նախագահի` լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրվելու դրույթը, եւ այսուհետ ԱԺ նախագահն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ եւ կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունն ԱԺ-ում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը Aravot.am-ին ասել է, թե այդպիսով Պողոսյանը «իսկապես ցույց տվեց, թե ինչքան փայլուն է տիրապետում դեմագոգիայի հնարքներին: Եվ իր ելույթով նա դեմագոգիայի եւս մի ռեկորդ խփեց: Ընդ որում, սա չի կարելի համարել պատասխան մեր առաջարկին, որովհետեւ մեր կողմից առաջարկ չի եղել»:

 

ԿՎԵՐՍԿՍԵ՞Ն
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը երեկ հայտարարել է, թե առաջիկա ամիսներին հնարավոր է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումների վերսկսումը Բունդեսթագում: «Հիմա էլ Բունդեսթագում լսումներ են ընթանում, սակայն բանաձեւի քննարկման օրվա հետ կապված կոնկրետ ժամկետ ասել չեմ կարող»,- նշել է դեսպանը: Քիեսլերը նաեւ տեղեկացրել է, որ այժմ Գերմանիայում պատմության նոր դասագրքեր են պատրաստվում, որտեղ բաժիններից մեկը նվիրված է լինելու անցյալ դարի ցեղասպանություններին` ներառյալ Հայոց ցեղասպանությունը:




Լրահոս