«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատամարտիկին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով:
Երեւանի կենտրոնում
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մասնակցել էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին: Երթի ավատին ՀՀԿ գրասենյակի մոտ իր տեսակետն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, իսկ ահա ավելի ուշ, երբ բողոքի ակցիան ավարտվել է, ազատամարտիկը քայլելիս է եղել Աբովյան փողոցով, նրան են մոտեցել 5-6 հոգի եւ ծեծի ենթարկել: Ազատամարտիկին տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ստացել էր քթի եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդեր, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ կողի կոտրվածք, գլխի վերքին դրվել էր 6 կար: Նրա վիճակը կայուն է:
Տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարություններով են հանդես գալիս դեռեւս մեկ տարի առաջ բռնության ենթարկված ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը եւ այլք: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծիք էր հայտնել, թե միջադեպը կապված է ազատամարտիկի քաղաքական պայքարի հետ. «Մի բան կարող եմ ասել՝ ինչ-որ մի ուժ կա, որ ուզում է ջնջել ազատամարտիկ անունը»: Իսկ, ահա, «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգողներից, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, դիմելով իշխանություններին, ասել էր. «Եթե դուք չհայտնաբերեք մեղավորներին եւ չպատժեք, մենք ենք պատժելու»:
Իհարկե, զայրույթը հասկանալի է, պատժելու պահանջը՝ միանգամայն ընդունելի, բայց այս դեպքում զարմանալի է ազատամարտիկների ամպագոռգոռ հայտարարությունները՝ եթե մեղավորներին չհայտնաբերեն եւ չպատժեն, ապա դա իրենք կանեն: Հետաքրքիր է՝ իրենց ծեծի հարցում ազատամարտիկներն ինչո՞ւ այդպիսի համառություն չցուցաբերեցին:
Ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր՝ 2014-ի դեկտեմբերի 9-ին Ռազմիկ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը եւս ծեծի էին ենթարկվել: Նրանք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ միասին հաց էին կերել, իսկ, ահա, ավելի ուշ սկսել էին դժգոհել Սերժ Սարգսյանի կառավարման համակարգից, որին էլ հաջորդել էր հայհոյանքը: Եվ այս հայհոյանքի համար հաց ուտելուց հետո ծեծի էին ենթարկվել: Ավելին՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել էր, որ ազատամարտիկներին իր հրահանգով են ծեծել. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:
Այս խմորը շատ ջուր կվերցներ, եթե ազատամարտիկները որոշեին պատժել Լեւոն Երանոսյանին, սակայն նրանք բողոք չներկայացրին իրավապահներին, իսկ գործն էլ փակվեց, գնաց: Ասել է թե՝ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը դեռեւս մեկ տարի առաջ սկզբունքայնություն դրսեւորեին, անպատժելիության մթնոլորտը կփոխվեր, եւ գուցե նոր հանցանքներ չծնվեին:
Մեկ տարի անց հերթական ծեծը
Եթե «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եզիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեպքում ծեծը պայմանավորված էր Սերժ Սարգսյանին հայհոյելու հանգամանքով, իր մեջ քաղաքական դրդապատճառ ուներ, ապա արդյո՞ք Սմբատ Հակոբյանի հետ տեղի ունեցածը եւս քաղաքական հիմքեր ունի: Տեղեկացնենք, որ երեկ ազատամարտիկը հայտնել է, որ ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին՝ ոմն Տիգրանի, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է: Ռուբեն Հայրապետյանն էլ, անդրադառնալով տեղեկություններին, ասել էր, թե ազատամարտիկը քաղաքական պատվեր է կատարում եւ զրպարտում է իրեն: Ավելին՝ ըստ նրա՝ ինքը Տիգրան անունով թիկնազորի անդամ չունի:
Ով է Տիգրանը
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սմբատ Հակոբյանը եւ Տիգրանն ապրում են նույն համայնքում եւ բավականին մտերիմ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Եւ ըստ իրավապահ շրջանակներում քննվող վարկածի՝ երբ Տիգրանին տեղեկություններ են հասել, որ Սմբատ Հակոբյանն իր մասին լավ չի արտահայտվել, նա որոշել է պատժել: Ասել է թե՝ ազատամարտիկի եւ Տիգրանի միջեւ անձնական խնդիրներ են եղել, որն էլ երեկ ստացել է իր հանգուցալուծումը:
Նկատենք, որ թեեւ ՀՀ ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպում քաղաքական հաշվեհարդարի հիմքերը չէր տեսել, սակայն գործը վերահսկող դատախազը, ըստ էության, վախենալով հնարավոր աղմուկից՝ ցուցում էր տվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչին փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հարուցվել է քրեական գործ: Սմբատ Հակոբյանը ճանաչվել է տուժող: Իսկ թե ովքեր են եղել Տիգրանի հետ մյուս տղաները, որոնք ծեծել են Սմբատ Հակոբյանին, եւ ինչ կպատմեն նրանք քննիչներին, ցույց կտա տարվող քննությունը: Համենայնդեպս, երեկ արդեն հերքվեց խոսակցությունները, թե բռնություն գործադրողները ներկայացել են հատուկ ծառայության աշխատակիցներ:
Անշուշտ, ծեծով հարց լուծելը մեր երկրին որեւէ լավ հանգրվանի չի մղի: Սերժ Սարգսյանի ստեղծած այս «բեսպրեդելը» պետք է ավարտվի: Այլընտրանք, պարզապես, չկա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ
Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես օրերս Երեւանից, ինչպես նաեւ Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ եւ թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ:
Արդյունքում, մասնագետները զարմացել են Պերմյակովի հիշողության եւ պահվածքի վրա: Ըստ մեզ հասած լավատեղյակ աղբյուրների՝ վերջինիս պահվածքը չափից շատ հանգիստ է եղել: Երբ փորձագետները փորձել են նրանից հետաքրքրվել, թե ինչու է նա սպանել երեխաներին, վերջինս լռելուց հետո ասել է, թե չգիտի. «Բայց ափսոս էին»:
Չի բացառվում, որ 102-րդ ռազմաբազայում այս թեստի անցկացումը կապ ունի տուժողների իրավահաջորդների փաստաբանների կողմից նախաքննության մարմին ներկայացրած միջնորդության հետ: Ինչպես հայտնի է՝ վերջիններս միջնորդել էին համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական եւ դատագենետիկական փորձաքննություն նշանակել: Ուստի չի բացառվում, որ ռազմաբազա այցելած մասնագետների գործողությունները կապ ունեն նշանակված փորձաքննությունների հետ: Հավելենք, որ ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը: ՀՀ քննչական կոմիտեն այդ փաստաթղթերն ուղարկել էր թարգմանության: Գործի թարգմանությունն ավարտվել էր, եւ հայերեն թարգմանված գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար:
Իսկ, ահա, փաստաբաններն առայժմ ձեռնպահ են մնում խոսել այն մասին, թե քրեական գործի հետ ծանոթանալուց հետո ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Նրանք խոստանում են այդ մասին հայտնել առաջիկայում հրավիրվելիք համատեղ ասուլիսում:
ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ
Լարված իրավիճակ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երկրորդ շղթայում: Սեպտեմբերի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին, երկրորդ շղթայում մի քաղաքացի իր բերքը՝ դեղձը, բերել էր բակ՝ վաճառելու նպատակով: Հարակից խանութների սեփականատերերին, ըստ ամենայնի, դուր չէր եկել փաստը, եւ նրանք ահազանգել էին ոստիկանություն՝ հայտնելով, թե բակում փողոցային առեւտրով են զբաղվում: Արդյունքում, դեպքի վայր էր եկել մի ոստիկան եւ քաղաքացուն հայտնել, որ օրենքով արգելված է փողոցային առեւտուրը, ուստի վերջինս պետք է հավաքի իր բերքը եւ հեռանա: Զրույցին խառնվել էին բակի բնակիչները եւ ոստիկանին ասել, թե եթե կա մեկը, որ պետք է հեռանա, ոստիկանն է: Արդյունքում, բնակիչների, վաճառականի եւ ոստիկանի միջեւ լեզվակռիվ էր սկսվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավիճակը բակում հանդարտվել էր այն ժամանակ, երբ բերք վաճառող քաղաքացին հավաքել էր իր դեղձը ու հեռացել բակից:
ՌՄԲԱՀԱՐՎԵԼ Է
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ին, Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուսլան Սերգեյի Մկրտչյանը (ծնվ. 1986թ )՝ կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վերքեր ախտորոշմամբ: Ըստ նախնական տվյալների՝ Ռ.Մկրտչյանը նշված վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, մարտական հենակետում ինժիներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
Քաղաքացի Ռուստամ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցը խոշտանգել է իրեն, բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել եւ հրել՝ հարկադրելով ցուցմունքներ տալ այն մասին, թե իբր անձնական օգտագործման համար թմրամիջոց է ձեռք բերել, որից հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է քաղաքացի Ն. Պ.-ին: Բացի այդ՝ հիշյալ բաժնի մեկ այլ ոստիկան սպառնացել է իրեն՝ հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ 309.1 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ԱՆՁՆԱԳԻՐԸ ՉԷԻՆ ՎԵՐՑՐԵ՞Լ
Բաքվից քաղաքական ապաստան հայցող Վահան Մարտիրոսյանը Ադրբեջան է տեղափոխվել Վրաստանով։ Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ նա հայ-վրացական սահմանը հատել է Բագրատաշենի անցակետից՝ սեպտեմբերի 4-ի կեսգիշերին, ժամը 00.46-ին։ Դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, ըստ ոստիկանության՝ գողության մեջ կասկածվող Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Առայժմ անորոշ է, թե այս կարգավիճակում ինչպես է նրան հաջողվել առանց խոչընդոտների հատել սահմանային անցակետը։
ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԿԲԱԺԱՆԵՆ
Սեպտեմբերի 25-ին Գյումրիում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող «Ո՛չ» ճակատի առաջին հանրահավաքը: aravot.am-ի տեղեկացմամբ` կիրակի օրվանից «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության` մայրաքաղաքից ժամանած անդամները տեղի հասարակական ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ 5000 իրազեկման թռուցիկներ են բաժանել Գյումրիում, եղել են կենտրոնական շուկայում, տարբեր թաղամասերում: