ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մինչ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարբերաբար մասնակցում է մայրաքաղաքում իրականացվող միջոցառումներին, բակերի բացման արարողություններին, Երեւանի սրտում տեղադրվող արձաններն անուշադրության են մատնվում: Արամ Խաչատրյանի արձանն այնքան է կեղտոտվել, որ առաջին հայացքից չի նշմարվում, թե իրականում ում արձանն է դա:

 

 

 

 
ՀԱՐՑ. Լսել եմ, որ զինծառայողները տրանսպորտային միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն ունեն: Խնդրում եմ ասեք՝ կա՞ նման իրավունք, եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Հարություն Հովհաննիսյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ այս հարցը կարգավորվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, ըստ որի՝ զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ զինծառայողները, արձակուրդի անցկացման վայր մեկնելիս, ՀՀ տարածքում մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից, օգտվում են անվճար, իսկ ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները՝ 50 տոկոս զեղչով: Ի դեպ, զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են ՀՀ Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ նոր անձնագիր վերցնել: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել անձնագրային բաժին: Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ եւ ի՞նչ ժամկետներում կարող եմ ստանալ այն:

Տաթեւ Մխոյան (28 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտ, պետական տուրքի վճարման անդորագիր՝ 25.000 ՀՀ դրամի չափով: Եթե քաղաքացին չունի նույնականացման քարտ, վարչարարությունը պարզեցնելու նպատակով երկու փաստաթղթերի դիմումները կընդունվեն միաժամանակ: Անձնագիրը կտրամադրվի 15-րդ աշխատանքային օրը:
Առավել սեղմ ժամկետում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու ցանկության դեպքում պետական տուրքից (25.000 ՀՀ դրամ) բացի՝ քաղաքացին պետք է վճարի նաեւ՝
1) 1 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթուղթը տրամադրելու համար 20.000 ՀՀ դրամ,
2) 3-րդ աշխատանքային օրը փաստաթուղթը տրամադրելու համար 10.000 ՀՀ դրամ,
3) 5-րդ աշխատանքային օրը փաստաթուղթը տրամադրելու համար 5.000 ՀՀ դրամ:
Եթե քաղաքացին չունի նույնականացման քարտ եւ երկու փաստաթուղթ ստանալու դիմումները (նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր) ներկայացնում է միաժամանակ, պետական տուրքերից բացի (3.000 եւ 25.000 ՀՀ դրամ)՝ պետք է վճարի նաեւ՝
1) 1 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը տրամադրելու համար 40.000 ՀՀ դրամ,
2) 3-րդ աշխատանքային օրը փաստաթղթերը տրամադրելու համար 20.000 ՀՀ դրամ,
3) 5-րդ աշխատանքային օրը փաստաթղթերը տրամադրելու համար 5.000 ՀՀ դրամ:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձնագրում ամրագրվում են նաեւ քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաեւ՝ արյան խումբը: Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով:




Լրահոս