Ամեն անգամ, երբ որեւէ ակտիվիստ կամ քաղաքական գործիչ է ծեծի ենթարկվում, առաջին արձագանքը լինում է այն, որ տվյալ անձին ծեծել են իշխանությունների հրահանգով քաղաքական հայացքների համար: Սակայն «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի ծեծի պատմությունը հուշում է այն բանալին, որով կարելի է տարբերակել քաղաքական պատվերով եւ ապաքաղաքական պատվերով ծեծվածներին: Բանն այն է, որ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հայտնի դարձավ, որ անձամբ Սերժ Սարգսյանն է հետաքրքրվել նրա որպիսությամբ: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ազատամարտիկի հետ հեռախոսազրույց է ունեցել: Մինչ այս քանի-քանի նման աղմկոտ դեպքեր են տեղի ունեցել, բայց ՀՀ իշխանությունները նման մակարդակով երբեւէ չեն արձագանքել: Նման պայմաններում լրիվ սպասելի էր Հակոբյանի արձագանքը, որը երեկ լրագրողներին ասել է, թե ինքը հավատում է, որ Վլադիմիր Գասպարյանը կբացահայտի իր հետ տեղի ունեցածը: Ի դեպ, երեկվա դրությամբ ազատամարտիկին ծեծելու կասկածանքով արդեն իսկ երեք մարդ էր բերման ենթարկվել: Առաջիկայում, թերեւս, պատճառներն էլ հայտնի կդառնան: Համենայնդեպս, երեկ արդեն իրավապահ շրջանակներից «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սմբատ Հակոբյանը պարտքեր ունի, եւ պարտքատերերից մեկին «մայր» հայհոյելու համար են նրան ծեծի ենթարկել, սակայն ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական պատվերով են բռնություն գործադրել՝ չհիմնավորելով ով եւ ինչու:
Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան: Այնուհետեւ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Իսկ դեպքից մի քանի օր անց օրենսդիրն անցավ խորը ընդհատակ: Երկար ժամանակ պատգամավորը ո՛չ խորհրդարան էր գնում եւ ո՛չ էլ հանրային վայրերում էր հայտնվում: Լուրեր տարածվեցին, որ պատգամավորին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ «դաստիարակչական ապտակ» հասցրել նրան: Արդյունքում, կարելի է ասել, որ Հրանտ Դավթյանը հետեւել է Վլադիմիր Գասպարյանի կոչին եւ կարծես թե «սթափվել» է: Համենայնդեպս, երեկ նա «ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե ինքը ոստիկաններին չի հայհոյել, սուտ է, բամբասանք է:
Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա: Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրեւ քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է` քրոջ որդին: Այսօր Գրիգորյանը նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվողների շարքերում է, իսկ նրա քեռին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն է եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ զինվորներին շարայինով ուղարկելու է կողմ քվեարկելու: Արմեն Գրիգորյանն իր եւ քեռու անհամատեղելի հայացքների մասին, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց «Ժողովուրդ» օրաթերթին. «Բայց ով է ասել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի բարեկամն է, պետք է երկուսն էլ նույն դիրքորոշումն ունենան, որեւիցե տեղ գրված չի, որ եթե ինչ-որ մեկը մեկին բարեկամ է, երկուսն էլ նույն դիրքորոշումը պետք է ունենան»: Դե, իհարկե, անշուշտ:
Տեւական ժամանակ է, ինչ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքն հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին հերթական անգամ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին: Այս անգամ ընկերության գույքը` հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով: Պարզվում է՝ ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին: Ի դեպ, Համբարձումյանին պատկանող այդ ընկերությունը զբաղվում էր հացի եւ խմորեղենի արտադրությամբ ու ժամանակին համարվում էր խոշոր արտադրող:
ՁԵՎԱԿԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հերթական նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում բնական գազի բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 29-ը։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:
ՀԾԿՀ-ի լրատվական ծառայության տարածած այս տեղեկատվությունն իրականում զավեշտալի է այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունների, նաեւ` նույն ՀԾԿՀ-ի գործունեության արդյունքում Հայաստանի ողջ գազաբաշխիչ համակարգը հարյուր տոկոսով տրված է «Գազպրոմ Արմենիային», անգամ Հայաստանի սեփականությունը հանդիսացող վերջին 40 կիլոմետրանոց խողովակաշարն էլ մի քանի ամիս առաջ օտարվեց եւ անցավ «Գազպրոմ Արմենիայի» սեփականությանը, հետեւաբար ուրիշ ում, եթե ոչ այս ռուսական ընկերությանը պետք է տրվի գազամատակարարման օպերատորի ծառայության լիցենզիա:
Ուստի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս բծախնդրությունը` «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիան ընդամենը մինչեւ 2017 թվականի սեպտեմբերը երկարաձգելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Իսկ ի՞նչ է՝ 2017 թվականից հետո ՀԾԿՀ-ն այդ լիցենզիան ինչ-որ այլ ընկերությա՞ն է տալու: Սա ինչ ձեւականություն է, թե իբր` տեսեք, տեսեք, մենք ինչ-որ բան ենք կարգավորում: Իրականում ակնհայտ է, որ ՀԾԿՀ-ն մի անիմաստ, ձեւական կառույց է, որի պահպանությունն էլ, ի դեպ, բավականին թանկ է նստում շարքային հարկատուներիս վրա: Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանությունների գործունեության հետեւանքով այսօր եւ առաջիկա տասնամյակներին մեր երկիրը նման կառույցի կարիք չի ունենալու, քանի որ Հայաստանը՝ որպես պետություն, իր հզորություններն օտարելով` վաղուց եւ անվերադարձ զրկվել է դրանց գործունեությունը վերահսկելու անգամ ձեւական հնարավորությունից:
Ուստի ավելի ճիշտ կլինի, եթե առաջիկա սահմանադրական փոփոխությունների շրջանակներում վերանայվի նաեւ Հայաստանում կարգավորող այս եւ նման այլ` ավելորդ, ձեւական կառույցների գոյությունը: Իսկ ռուսական ընկերությունների, այդ թվում եւ «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիաների երկարաձգումն էլ` յուրաքանչյուր տասը կամ հարյուր տարին մեկ (դժվար թե այդ ընթացքում ինչ-որ բան փոխվի), շատ հանգիստ կարող է իրականացնել նույն էներգետիկայի նախարարությունը: