ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԱՐԿԱՑԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած համայնքային ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորը նշել էր, որ ինքը կարող է ներկայացնել կտրոնները: Նրա այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանից մինչեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «իրար էին խառնվել»՝ պարզելու համար, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին նման տեղեկություն: Նրան երկու օր ժամանակ էին տվել` փաստեր ներկայացնելու համար, սակայն մինչ օրս պատգամավորը խոստացած կտրոնները չի ներկայացրել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարի հայտարարությունից հետո փորձել էինք հասկանալ, թե սեպտեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում քանի բաժանորդ է Մարալիկում էլէներգիայի սպառման դիմաց վճարումներ իրականացրել, եւ որքան գումար է ընդհանուր հաշվով մուտք արվել ՀԷՑ-ի հաշվին, որպեսզի հնարավոր լիներ պարզել, թե քանի կտրոն է «դուրս գրվել» ՀԷՑ-ից:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀԷՑ-ի հանրային կապերի բաժնից պաշտոնապես հաղորդեցին, որ նշված ժամանակահատվածում Մարալիկ քաղաքում վճարումներ է արել 72 բաժանորդ՝ ընդհանուր 329 հազար դրամի չափով: Տեղեկացնենք, որ սա Մարալիկ քաղաքի բաժանորդների 3.5 տոկոսն է կազմում: Այսպիսով՝ եթե յուրաքանչյուր ընտանիքում միջինը 2-3 անդամի հաշվարկով փորձենք պատկերացնել իրավիճակը, ապա կստացվի մոտավորապես 150-220 ընտրող: Եվ այստեղ հարց է առաջանում՝ եթե Մարալիկի ընտրություններին մասնակցել է 3154 ընտրող, գործող քաղաքապետը վերընտրվել է 1965 ձայնով, իսկ ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել է մոտ 865 ձայնի տարբերությամբ` ստանալով 1110 քվե, ապա այս իրավիճակում ի՞նչ կարող էին փոխել մոտ 200 ընտրողի բաժանված «լույսի» կտրոնները:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մարալիկից ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք Արամ Մանուկյանը իր հայտարարությունը հաստատող ապացույցները ներկայացրել է:
-Պարո՛ն Պետոյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ձեզ եւս հանձնարարվել է «բացահայտել», թե Մարալիկի ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման ի՞նչ կտրոններ է բաժանել: Ի՞նչ եք պարզել՝ արդյո՞ք իրականում նման բան եղել է:
-Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կտրոնի մասին է խոսքը, ի՞նչ ՀԷՑ-ի կտրոն, իրականում նման բան չկա, ես Արամ Մանուկյանին էլ եմ մոտեցել, ասել եմ՝ իմ ընտրատարածքում է, ես ամեն ինչից տեղյակ եմ ու խնդրում եմ՝ մեկնաբանես, թե ինչ կտրոնի մասին է խոսքը: Այսքան տարիներ մենք քաղաքական պրոցեսներում ենք, ու առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ ՀԷՑ-ի կտրոն են բաժանում բնակիչներին: Արամ Մանուկյանն ասում է` ինչ-որ կիլովատ է գրված այդ կտրոնների վրա, բայց ո՞վ է տեսել նման կտրոն, ո՞ւր է այդ կտրոնը: Չեմ հասկանում՝ ՀԷՑ-ն իր հաշվին ընտրությո՞ւն է անցկացնում, դա անտրամաբանական է, ինչու նման բան պետք է լինի, նման հասկացողություն չկա:
-Ըստ ներկայացված տեղեկությունների՝ թեկնածուներն են ՀԷՑ-ից կտրոններ «գնել» ու բաժանել տեղի բնակիչներին: Արդյո՞ք թեկնածուների հետ զրուցել եք, ու ինչ են այդ հարցի հետ կապված նրանք ասում:
-Ոչ մի թեկնածուի կողմից նման բան չի եղել Մարալիկում, ես դա բացառում եմ, որովհետեւ ես անձամբ տեղյակ եմ, քանի որ դա իմ ընտրատեղամասն է, ես գիտեմ այդ ժողովրդին ու գիտեմ, որ նման բան իրականում տեղի չի ունեցել: Ես պաշտոնապես, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ Մարալիկում մի դրամի շարժ տեղի չի ունեցել, ես հստակ ինֆորմացված եմ: Նման բան չի եղել, որովհետեւ նախապես թեկնածուների միջեւ պայմանավորվածություն է եղել, որ նման կարգի բան չի կարող լինել: Նույնիսկ սուրճ չեն հյուրասիրել, ես՝ որպես պատգամավոր, գնացել եմ գործող քաղաքապետի շտաբը, նույնիսկ սուրճ չեն հյուրասիրել, այսինքն՝ նման շարժ չի եղել: Ես կարող եմ հիմնավորել:
-Այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորը եւս հավաստիացրել է, որ իր ասածը հիմնավորող փաստեր ունի եւ խոստացել է ներկայացնել նշված կտրոնները:
-Ո՞ւր է, ե՞րբ է հիմնավորելու, քանի օրվա ընթացքում, եթե ապացուցելու բան ունենար, ինձ թվում է՝ մինչեւ հիմա արդեն փաստեր կներկայացներ, ու բոլորս էլ կունենայինք այդ ինֆորմացիան: Բայց իրականում նման բան չկա, էլ դրա ի՞նչը հիմնավորեն, ոչ թե չեն կարող հիմնավորել, այլ չկա նման բան, որ ասեն: Մարդիկ ինչ տան, եթե նման չեկեր չկան, եթե իրենք նման բան չեն տեսել, իրենց որեւէ մեկը նման բան չի տվել, որտեղից նման չեկ ստեղծեն, որ ցույց տան: Ես իրականության կողմնակից եմ: Քանի որ երկու թեկնածուին էլ ճանաչում եմ, ես որեւէ մեկին չեմ ցանկանում թերագնահատել, ես ջղայնանում եմ, որ իրականությունը չի խոսվում, ինչի համար իսկական խառնաշփոթ է ստեղծվում: Փոքր համայնքներում պետք չէ լարվածություն ստեղծել, էստեղ բոլորն իրար ճանաչում են, միմյանց դեմ պետք չէ սրել:
-Արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ իր ասածը փաստերով չհիմնավորելու դեպքում Արամ Մանուկյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի:
-Դա իր մտածելու խնդիրն է, բայց եթե նման քաղաքական հայտարարություն է արվել, բարձր ամբիոնից նման բան է ասվել՝ առանց փաստերի, ուրեմն դրանից հետո պետք է բարի լինես այն կամ հերքես… չգիտեմ, չեմ ասում՝ ներողություն խնդրի կամ չխնդրի, բայց պետք է հայտարարվի, որ դեզինֆորմացիա է տվել, իրեն սխալ տեղեկություն են տվել:

 

 

 

 
ՀԷՑ-Ը ՎԱՃԱՌՎԵԼ Է, ԲԱՅՑ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

Սեպտեմբերի 11-ին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կրկին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Ոստիկանությունը հաջորդ առավոտյան դարձյալ «ցրել» էր բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ոմանց կրկին ոստիկանության բաժիններ բերման ենթարկելով: Այս օրերին, սակայն, նախաձեռնությունը որեւէ նոր բողոքի ակցիայով հանդես չի գալիս, անգամ այն բանից հետո, երբ հայտարարվեց ՀԷՑ-ի վաճառքի մասին:

«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են Բաղրամյանի՝ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո «լռում»:
-Ծրագրեր ունենք, բայց քանի որ վերջին ժամանակներս Կառավարությունը բավականին տարատեսակ հայտարարություններ է անում էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, այս պահին մեր անելիքների մասին որեւէ ձեւով չենք բարձրաձայնում: Մենք առայժմ չենք հրապարակում մեր ծրագրերը, բայց ճիշտ պահին անպայման դա կանենք:
-Կարելի՞ է ասել, որ տեւական ժամանակով նախաձեռնությունը դադարեցնելու է իր պայքարը:
-Այս ժամանակահատվածում դադար կա, ու դա բոլորն են տեսնում, դա կապված է ոչ թե մեր ծրագրերի հետ, այլ մշտապես փոփոխություններ են տեղի ունենում, բացի հայտարարություններից՝ նաեւ իրավիճակ է փոխվել: ՀԷՑ-ն է վաճառվել, Կառավարությունը տարբեր որոշումներ է կայացնում, տարբեր հայտարարություններով հանդես գալիս:
-Բայց ՀԷՑ-ի վաճառքից հետո ինչպե՞ս եք շարունակելու Ձեր պայքարը եւ արդյո՞ք շարունակելու եք:
-Ո՛չ, նախաձեռնության պայքարի առանցքը երբեք չի եղել ՀԷՑ-ի վաճառքը, մեր պահանջներն այլ են եղել, ՀԷՑ-ի վաճառքը այս հարցին որեւէ լուծում չի տալու, էլեկտրաէներգիան կրկին քաղաքացու համար թանկ է, կապ չունի, որ այժմ ՀԷՑ-ը վաճառվել է: Նախաձեռնությունը ինքնանպատակ քայլեր անելու խնդիր չունի, մենք ցանկանում ենք լուծել հոսանքի հարցը: Բնականաբար Կառավարության հայտարարությունները եւ իրավիճակի փոփոխությունը պետք է վերլուծել` հասկանալու համար, թե ինչ են անում, որն է նրանց նպատակը, ու ինչ է լինելու այս ամենից հետո: Ժողովրդին քո պայքարին կանչելու համար դու պետք է ունենաս հարցին պատասխան, ինչո՞ւ նա պետք է գա փողոց, ու ի՞նչի համար ենք մենք պայքարելու միասին: Հարցը դեռ բաց է, թանկացման խնդիրը դեռեւս կախված է բոլորիս գլխին:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՔՐԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑՎԵՑ
Երեկ Երեւանի դատախազի որոշմամբ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից կատարված վրաերթի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ Արթուր Ավագյանը օգոստոսի 23-ին իր եղբոր` ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Էդգար Սնխչյանին: Վրաերթից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր, քանի որ տուժողը բողոք չէր ներկայացրել: Սակայն մի քանի օր առաջ Էդգար Սնխչյանը ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացված դիմումով բողոքարկել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաեւ նշել էր, թե կասկածներ ունի, որ իրեն վրաերթի ենթարկելու պահին ավտոմեքենայի ղեկին եղել է հենց Կարեն Ավագյանը, ոչ թե նրա եղբայրը: Պատգամավորն էլ հայտարարում է, որ իրեն շանտաժի են ենթարկում:

 

ՏԱՐԱԾՔ ՀՖՖ-ԻՆ
Գյումրու քաղաքապետը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին եւ Կառավարության համաձայնությունն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք տրամադրելու համար: Խոսքը Գյումրիի «Մուշ-2» թաղամասում 6 հեկտար հող հատկացնելու մասին է: Նշված տարածքում ՀՖՖ-ն արդեն իսկ 1 մլրդ 202 մլն դրամի ներդրում է կատարել եւ կառուցել է ֆուտբոլի ակադեմիա` ութ հատ ֆուտբոլի դաշտերով, որոնցից 6-ը բնական, 2-ը` արհեստական խոտածածկով: Կառավարությունը Գյումրիի քաղաքապետարանին կթույլատրի վերը նշված տարածքը հատկացնել ՀՖՖ-ին:

 

ՉՈՒՆԵՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014 թվականի տարեվերջի դրությամբ ունի 12 մլն դրամ եւ 9 հազար դոլար: Մինչդեռ Պողոսյանի ամսական աշխատավարձը կազմել է 677 հազար դրամ: Իսկ, ահա, դատավորի կնոջ՝ Մարինե Կարապետյանի դրամական միջոցներն անցած տարի եղել են 6.5 մլն դրամ եւ 2 հազար դոլար: Դատավորի տիկնոջ ամսական աշխատավարձը կազմել է 190 հազար դրամ: Դատավորի կինն անցած տարի 400 հազար դրամով վաճառել է «Ford Laser GLI» մակնիշի ավտոմեքենա: Հիշեցնենք, որ Գագիկ Պողոսյանը Մարտի 1-ի քրեական գործերը քննած, ասել է թե՝ քաղաքական պատվերներով անմեղ մարդկանց անազատության մեջ պահելու որոշումների եւ դատավճիռների տակ ստորագրած դատավորներից է:




Լրահոս