ՈՐՔԱՆ ԽՃՈՂՎԱԾ, ԱՅԴՔԱՆ ԼԱՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գործող Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության վարումը վերապահված է նախագահին: Անկախությունից ի վեր Հայաստանում նախագահի անձնական ունակությունները, գիտելիքներն ու աշխարհայացքն են պայմանավորել մեր պետության արտաքին քաղաքականությունը: Սակայն նման առանձնահատկությունը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է, ուստի պետության արտաքին քաղաքականությունը նախագահական կառավարմամբ երկրներում պարտադիր կերպով կապված է նախագահի անձի հետ: Սահմանադրության նոր նախագիծը, սակայն, միանգամայն վերափոխում է նաեւ այս ոլորտը, ընդ որում, այս դեպքում եւս փոփոխությունը հօգուտ Հայաստանի չէ:

Այսպես՝ առաջարկվող տարբերակում 142-րդ հոդվածը, որը սահմանում է կառավարության կարգավիճակն ու գործառույթները, արձանագրում է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Այսպիսով` ՀՀ արտաքին քաղաքականության վարման պատասխանատվությունը վերցվում է մեկ կոնկրետ անձից եւ հանձնվում ամբողջ կառավարությանը, ինչպես բնորոշ է խորհրդարանական կառավարում ունեցող պետություններին: Թեեւ Սահմանադրության առաջարկվող տարբերակում նշված չէ, սակայն ենթադրվում է, որ արտաքին քաղաքականության իրականացումը դրվելու է վարչապետի վրա: Սրանով հանդերձ որքան էլ տարօրինակ է՝ նոր Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության վարման կարգը մանրամասնորեն սահմանված է Հանրապետության նախագահին վերաբերող գլխում: Ստացվում է, որ արտաքին քաղաքականության պատասխանատու է հռչակվում կառավարությունն ու դրա ղեկավարը, սակայն միաժամանակ այդ բնագավառում իրական լիազորությունները տրվում են նախագահին:
Հղում անելով 132-րդ հոդվածին՝ մանրամասնենք, որ ՀՀ նախագահին է վերապահվում լիազորությունը կնքել միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկով օրենքով սահմանված կարգով նշանակել եւ հետ կանչել ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունել օտարերկրյա դիվանագետների հավատարմագրերն ու հետկանչագրերը: Ավելին՝ ՀՀ նախագահն է հաստատելու, չեղարկելու վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը, կրկին վարչապետի առաջարկությամբ: Վերջապես, նախագահը, նորից ելնելով վարչապետի առաջարկից, շնորհելու է դիվանագիտական աստիճաններ: Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ուներ նախագահին այդքան իրավասություններ տալը, եթե այդ ամենը վավեր է վարչապետի առաջարկության պարագայում: Ի վերջո, ինչպե՞ս է տեղի ունենալու այդ առաջարկությունը՝ գրավո՞ր, թե՞ մասնավոր կամ հրապարակային բանավոր հաղորդմամբ: Սա չափազանց կարեւոր հանգամանք է՝ հաշվի առնելով Հայաստանում այսօր տիրող դրությունը: Օրինակ՝ երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեցին, դա տեղի ունեցավ վարչապետի որոշումով, սակայն գործող Սահմանադրությամբ այդ իրավասությունը պատկանում էր նախագահին՝ ուղեկցված վարչապետի առաջարկությամբ: Այս դեպքում կանգնում ենք բավականին տարօրինակ իրադրության առջեւ՝ ի՞նչ է լինելու, եթե նախագահը արհամարհի վարչապետի առաջարկը եւ, ասենք թե, դեսպան նշանակի մի մարդու, որին դեմ է վարչապետը: Ո՞վ կամ ի՞նչն է կարգավորելու այդ կազուսը: Այս մասին, սակայն, ոչինչ ասված չէ՝ տեղ թողնելով հերթական անորոշությունների համար:
Ի դեպ, գործող Սահմանադրությամբ հստակորեն սահմանվում է, որ նախագահը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանը, իրականացնում պետության արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում միջազգային պայմանագրեր, նշանակում ազատում դեսպանների, ընդունում օտարեկրյա դիվանագետների: Առաջարկվող կարգով, սակայն, ստեղծված են բոլոր պայմանները, որ պետության արտաքին քաղաքականության վարման պատասխանատվությունը երկատվի նախագահի եւ վարչապետի միջեւ: Հարկ կա՞ բացատրելու հարգարժան հանձնաժողովականներին եւ ՀՀԿ-ական ինտելեկտուալներին, թե Հայաստանի համար ինչպիսի ճակատագրական ռիսկերի կարող է հանգեցնել այս անհաջող փորձարկումը:
Հայացք ձգելով խորհրդարանական կառավարմամբ պետությունների փորձին՝ հիշատակենք գերմանական մոդելը: Այստեղ նախագահը ներկայացնում է Դաշնությունը միջազգային ասպարեզում եւ դրա անունից կնքում է օտար պետությունների հետ համաձայնագրերը: Նա է նշանակում եւ ընդունում դիվանագիտական ներկայացուցիչներին: Նույն պատկերն է Իտալիայում: Հարկ ենք համարում, սակայն, արձանագրել, որ այս երկու պետություններն էլ Երկրորդ աշխարհամարտում պարտություններ էին կրել եւ ակտիվ արտաքին քաղաքականության մասին այսօրվա համակարգի հիմքերի գցման փուլում խոսք լինել չէր կարող: Համոզված պնդում ենք, որ կառավարման այս երկու մոդելներն էլ վերոնշյալ պատերազմում նրանց կրած պարտության անմիջական արդյունքն էին, ուստի անհարիր ու անհամապատասխան են Արցախյան պատերազմում հաղթանակ տարած հայաստանյան իրականությանը:
Ավելի անորոշ, դիտավորյալ կերպով խճողված տեքստ, քան Սահմանադրության այս տարբերակն է, կարծես հնարավոր չէր կազմել: Ի՞նչ իմաստ ուներ պատերազմող երկրի արտաքին քաղաքականության հարցում այսպիսի խառնաշփոթ ստեղծել: Կարելի է կարծել, որ Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկողի դերակատարություն ստանձնած հանձնաժողովը դիտավորյալ կերպով է նման անհեթեթ իրավիճակ ստեղծել նաեւ արտաքին քաղաքականության վարման բնագավառում՝ նախ՝ թույլ չտալու համար Սերժ Սարգսյանի մոտ նախագահ կամ վարչապետ աշխատող գործիչներին ազատություն ունենալ այդ անչափ կարեւոր ոլորտում, եւ ապա՝ որքան հնարավոր է՝ լղոզել պատասխանատվությունն ու խորացնել կառավարման ոլորտի անկայունությունը: Վստահաբար կարող ենք փաստել, որ սարգսյանական հանձնաժողովը փայլուն կերպով կատարել է իր առաջադրանքը՝ պետական ինստիտուտները հաջողությամբ հարմարեցնելով Սերժ Սարգսյանի հետնախագահական կարգավիճակին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐԻՑ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում գրանցված «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն դատի է տվել Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: «ՄԱՆ-ԳԱԳ» ընկերությունը քաղաքացիական հայցով պահանջում է «Իջեւանի բենտոնիտ կոմբինատին» պարտադրել կատարել պայմանագրային պարտավորությունը, վճարել պայմանագրով սահմանված գումարը եւ հատուցել պատճառված վնասը: «ՄԱՆ-ԳԱԳ» ՍՊԸ-ն նաեւ դատարանին միջնորդել է, որպեսզի որպես հայցի ապահովման միջոց արգելանք դրվի Իջեւանի բենտոնիտ կոմբինատի գույքի վրա, ինչն էլ դատարանի կողմից բավարարվել է:
Սեպտեմբերի 23-ին սույն գործով կայացել է նախնական դատական նիստ: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գործարանին պարտքերի համար դատի են տալիս: 2014թ.-ին Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի էին տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Բացի այդ՝ Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի էր տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին՝ դարձյալ գումարի բռնագանձման պահանջով: «Արջերմեկ» ՍՊԸ-ն ջերմամեկուսացման աշխատանքներ էր կատարել, որոնց դիմաց Բետոնիտը ընկերությանը չէր վճարել շուրջ 3.3 միլիոն դրամ:
Նշենք, որ Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967թ.: Գործարանի հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Իջեւանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ: Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել: Սակայն կոմբինատը պարբերաբար հայտնվում է պարտքերի եւ դրա հետեւանքով՝ դատական գործընթացների մեջ: Մեր տեղեկություններով` 5-6 տարի առաջ վրացիները «Բենտոնիտից» արտադրական հոսքագիծ են գնել, որը ներկայումս հաջողությամբ աշխատում եւ բենտոնիտի փոշի է արտադրում Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԼՌԵՑԻՆ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ծեծված Սմբատ Հակոբյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ է, իրականում անձնական խնդիրների պատճառով է բռնության ենթարկվել: Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Սմբատ Հակոբյանը մեծ թվով պարտքեր ունի տարբեր մարդկանց ու հենց այդ պատճառով էլ հայտնվել է աղմկալի իրադարձությունների կենտրոնում:

Armlur.am-ի տեղեկություններով՝ նրան զանգահարել են՝ պարտքը ուզելու համար, Սմբատ Հակոբյանը հայհոյել է զանգահարողին՝ իր խոսքերն ուղղելով վերջինիս մորը: Պարտքատերն էլ կուտակված զայրույթը պարպել է՝ ընկերների հետ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելով:
Սակայն Հակոբյանն այս մասին իր գործընկեր ազատամարտիկներին ոչինչ չի ասել՝ հայտարարելով, թե իրեն հալածում են քաղաքական գործունեության, քաղաքացիական ակտիվության եւ, վերջապես, ազատամարտիկի կոչումը արատավորելու, նսեմացնելու համար: Սակայն իրականում, երբ նրա գործընկերները տեղեկացել են, թե ինչն է եղել խնդիրը, այսօր արդեն լռում են եւ դատապարտող հայտարարություններ չեն անում:
Իհարկե, ծեծը երբեւէ չի կարելի խրախուսել կամ համարել հարցերը լուծելու տարբերակ, բայց փաստ է, որ ամեն ծեծ չէ, որ պետք է դարձնել քաղաքական հալածանք ու հերոսանալու առիթ: Ի վերջո, ազատամարտիկը, լրագրողը, թե մտավորականը պետք է իր կոչմանը հավատարիմ մնա, այլ ոչ թե որտեղ անհրաժեշտ է՝ հանդես գա ազատամարտիկի կոչմամբ, իսկ որտեղ ինքն է ցանկանում՝ խուլիգանի վարքագիծ դրսեւորի:
Թերեւս սա է պատճառը, որ ողջ օրվա ընթացքում Armlur.am-ի թղթակցի ջանքերը՝ գտնելու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին, ապարդյուն անցավ. նրանք այլեւս չեն ցանկանում այդ թեմայով խոսել՝ զլանալով անգամ հեռախոսազանգերին պատասխանել:
Հուսանք, այնուամենայնիվ, իրավապահները չեն օգտվի առիթից եւ անպատիժ թողեն՝ թեկուզ անձնական դրդապատճառներով ծեծի ենթարկած բանդիտներին:
Սակայն երեկ՝ երեկոյան, Ս. Հակոբյանը հայտարարեց, թե. «Այս ամբողջ միջադեպը քաղաքական հաշվեհարդար է, անձնական որեւէ բանի հետ կապ չունի: Ես այն մարդկանցից եմ, որ մարդկանց չեմ հայհոյում: Ես կարող եմ հայհոյել միայն այն դեպքում, երբ ինձ հեռախոսով հայհոյեն: Գործի վարույթը ցույց կտա, որ սա քաղաքական հաշվեհարդար էր»:
Ի դեպ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի փոխանցած տեղեկությունների՝ այս գործով 1978թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը եւ 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը ձերբակալվել են:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս