Երեկ Երեւանում «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ կայացած «Կարտոֆիլ 2015» համաժողովում հայ եւ վրացի ֆերմերները քննարկեցին կարտոֆիլի արտադրության եւ իրացման շուկաների հնարավորությունները: Համաժողովի ընթացքում նշվեց, որ առաջիկայում Հայաստանը կարող է դառնալ կարտոֆիլագործության եւ կարտոֆիլի սերմացուի արտադրության կենտրոն:
Ըստ ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի՝ հաջորդ տարի օգոստոսին Հայաստանում կկազմակերպվի կարտոֆիլագործության միջազգային համագումար, որին կմասնակցեն նաեւ ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ: «Իսկ առայժմ մենք կփորձենք վրացական շուկան ձեռք բերել այնտեղ նաեւ սերմացու արտահանելու առումով: Ինչու չէ, նաեւ պարենային կարտոֆիլ էլ կարող ենք մշտական արտահանել: Մտադրություն կա հաջորդ տարվա համագումարին հրավիրել նաեւ Իրաքի, Իրանի եւ այլ երկրների ներկայացուցիչների»,-նշեց Բերբերյանը:
Հոլանդական կարտոֆիլի սերմեր արտադրող ընկերության տարածաշրջանային տնօրեն Հերո Վեստրայի խոսքերով՝ իրենց կազմակերպությունը Հայաստանում՝ շուրջ 14 տարի, իսկ Վրաստանում մոտ 8 տարի զբաղվում է սերմերի մատակարարմամբ: «Ժողովուրդ»-ը Հերո Վեստրայից հետաքրքրվեց՝ հոլանդական ընկերությունը 14 տարիների ընթացքում երբեւէ կանգնել է կարտոֆիլի ցեց կոչվող հիվանդության խնդրի դեմ: Չէ որ կարտոֆիլի ցեցի պատճառով Հայաստանի մի քանի մարզերի գյուղացիներ մեծ վնասներ կրեցին: Հարցին ի պատասխան՝ հոլանդացի մասնագետը նշեց. «Իհարկե, մենք անպայման այդ հարցին անդրադառնում ենք, որովհետեւ աշխատում ենք բերել հենց այն սերմերը, որոնք տվյալ հիվանդության, շոգի եւ այլ խնդիրների նկատմամբ ավելի դիմացկուն կլինեն: Մեր կազմակերպությունը կարտոֆիլի տարբեր տեսակների առաջարկ անում է: Բացի այս՝ կազմակերպությունը մոտ 80 երկրում աշխատում է, այսինքն՝ կլիմայական ամենատարբեր գոտիներում է գործում եւ ըստ այդմ էլ կարողանում է համապատասխան առաջարկներ անել: Ըստ էության, այո, խնդիրներ միշտ լինում են ոչ միայն կարտոֆիլի ցեցի հետ: Քանի որ կլիման փոփոխվում է, խոնավությունը կարող է տարբեր աստիճանի լինել, եւ այս պատճառով կարող են խնդիրներ առաջանալ: Դրա համար մենք միշտ գյուղացիներին առաջարկում ենք ոչ թե ունենալ մեկ տեսակի սերմ, այլ սերմի երկրորդ տարբերակ եւս, որը գուցե ոչ այնքան շատ բերք տա, բայց իրականում լինի ավելի դիմացկուն եւ ամեն դեպքում ապահովի բերք»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ով է փոխհատուցում գյուղացուն այն դեպքում, երբ գնված կարտոֆիլի սերմացուն ցեցով է վարակվում, ինչի արդյունքում գյուղացին մեծ վնասներ է կրում: Արդյոք այդ դեպքում ընկերությունը որոշակի պարտավորություններ կրո՞ւմ է, թե՞ ոչ. «Օրինակ՝ եթե կարտոֆիլը չի վաճառվում, ապա այն երկրորդ անգամ կարելի է որպես սերմ օգտագործել: Այսինքն՝ ինքը չի կորչում: Իսկ փոխհատուցման մասով բարդ հարց եք տալիս, որին կարող են միայն ֆերմերները պատասխանել»,- ասաց հոլանդացի կարտոֆիլագործը:
Համաժողովին ներկա Վրաստանի Տիանետի վարչական շրջանի ներկայացուցիչ Մինդիա Շեթեքաուրին հայտնեց, որ իրենց մարզը կանաչ տարածաշրջան է, եւ իրենց առաջնային խնդիրը գյուղատնտեսական մթերքների արտադրությունն է: «Մենք որոշեցինք այս կոնֆերանսին մասնակցել, որովհետեւ այս թեման մեզ շատ սրտամոտ է եւ հետաքրքիր: Պատմականորեն ՀՀ-ն մեր բարեկամ եւ հարեւան երկիրն է, եւ համոզված ենք, որ ընդհանուր ուժերով կկարողանանք մեր նպատակներին հասնել եւ ավելի մեծ բարձրունքներ նվաճել: Մենք նաեւ համոզված ենք այն բանում, որ ինչպես վրաց, այնպես էլ հայ գործարարների համագործակցությունը երկու երկրներին էլ մեծ արդյունք կտա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շեթեքաուրին:
Նշենք, որ համաժողովին ներկա էին նաեւ կարտոֆիլագործության երկարատեւ փորձ ունեցող հայ ֆերմերներ, որոնցից ոմանք բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները՝ կապված կարտոֆիլի իրացման, արտահանման, տեղափոխման ծախսերի եւ փաթեթավորման հետ:
Օրինակ՝ «Սերմնաբույծ» ընկերության ներկայացուցիչ Վռամ Գյուլզադյանը Կառավարությանը կոչ արեց քայլեր ձեռնարկել կարտոֆիլի արտահանման գործընթացը դյուրացնելու ուղղությամբ` նշելով, որ Հայաստանում արտահանումը հեշտ է ընթանում միայն խոշոր արտադրողների համար, իսկ գյուղացիական մանր տնտեսություններն այդպես էլ պետության կողմից աջակցություն չեն ստանում:
Ամփոփելով՝ նշենք, որ նման միջոցառումներն, իհարկե, օգտակար են բազմակողմանի շփումների, կապերի հաստատման եւ փորձի փոխանակման տեսանկյունից: Ցանկալի կլինի, սակայն, որ դրանց արդյունքում գործարկվեն նաեւ կոնկրետ ծրագրեր, որոնք կհեշտացնեն Հայաստանում ֆերմերների գործունեությունն ու կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ