Ստամբուլի «Մարալ» երգի-պարի համույթը տոնեց իր 35-ամյա հոբելյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ստամբուլի Եսայան սանուց միության «Մարալ» երգի-պարի համույթի 35-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:

unnamed (1)
Ծրագրում ներկայացված էին ազգագրական, ռազմական, ինչպես նաև հարսանեկան պարեր և տարբեր գավառների պարանմուշներ, որոնք բեմադրել է խմբի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չափքանը:

unnamed (2)

Բացման խոսքով հանդես եկավ Եսայան սանուց միության ատենապետուհի Մարիամ Տրամերյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար, մասնավորապես նշեց. «Պոլսից ձեզ ենք փոխանցում ողջ հայության անսահման սերն ու կարոտը: «Մարալ» երգի-պարի համույթը իր հիմնադրման 35-ամյակը Պոլսում փառահեղ կերպով նշելուց հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում ևս տոնում է իր հոբելյանը, որի համար հայտնում ենք մեր անսահման երախտագիտությունը: Պոլսահայությունը 100 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքից հետո աշխարհասփյուռ դարձավ, իսկ մյուս հատվածը շարունակում է մաքառել հայկական մշակույթի, հայ ինքնության պահպանման համար»: Նա նշեց նաև, որ Պոլսի պատրիարքարանի շուրջ համախմբված պոլսահայերը վերականգնել են իրենց ազգային կառույցները՝ հոգևոր և մշակութային հաստատությունները՝ պահպանելով իրենց մայրենի լեզուն և ազգային դիմագիծը:

unnamed (3)

Համերգի ավարտին ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով.«Ուրախ եմ, որ Եսայան սանուց միության «Մարալ» երգի-պարի համույթն արդեն 35 տարեկան է, և սիրով շնորհավորում եմ այս գեղեցիկ իրադարձության առթիվ: Անգնահատելի է «Մարալ» համույթի դերը հայկական մշակույթի և ազգային ինքնության պահպանման, ազգի միավորման ու համախմբման գործում: Ուստի՝ իմ երախտիքի խոսքն եմ ուղղում համույթի բոլոր նվիրյալներին, մասնավորապես Կարպիս և Իրիս Չափքաններին հայանպաստ ու ազգանվեր գործունեության, հայ մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին անմնացորդ ծառայելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով համույթին 35 ամյակի առթիվ՝ մաղթում եմ նորանոր բեմեր, ջերմ ու տաք հանդիսատես և ստեղծագործական բեղուն ուղի»:
Հայ մշակույթի պահպանման, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար նախարարը «Մարալ» երգի-պարի համույթին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Համերգի ավարտին Եսայան սանուց միության ատենապետուհի Մարիամ Տրամերյանը համույթի ողջ անձնակազմի կողմից, ի նշան երախտագիտության, հուշանվեր հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Ստամբուլի «Մարալ» երգի-պարի համույթը հիմնադրվել է 1980թ. Բենոն Կուզաբաշի և նրա ընկերների կողմից: Համույթի գործունեության հիմնական նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, պարերը, երգ-երաժշտությունը:

1992 թվականից պարուսույցի պաշտոնը ստանձնել են 1980-ականների «Մարալի» պարողներ Կարպիս-Իրիս Չափքան ամուսինները:

Ներկայումս «Մարալ» համույթն ունի 6-14 տարեկան երեխաների 90 հոգանոց մանկական խումբ, 16-33 տարեկան 50 պարողներից կազմված պարախումբ:

2010թ. «Մարալ» պարախումբը Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանի հրավերով եղել է Վանում և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո համերգ է տվել Վանի կենտրոնական մարզասրահում:




Լրահոս