ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԸՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆեյսբուքում գործող “ԻՐԱԶԵԿ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ” խումբը 2012թ ԱԺ ընտրություններից դեռ ամիսներ առաջ հանդես եկավ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների՝ իրենց ժամանակավոր բնակության վայրերում ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի ընտրություններին իր ընտրելու Սահմանադրական իրավունքը իրագործելի դարձնելու կոչով: Կոչը լայն արձագանք գտավ թե հանրապետության եւ թե միջազգային լրատվական բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Բայց որքան հասկանալի էր իշխանությունների լռությունը այս կարեւոր հարցի կապակցությամբ, նույնքան անհասկանալի էր ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքական ուժերի անտարբերությունը, նույնիսկ նախաձեռնությանը դեմ արտահայտվելու փորձերը: Արդյունքում ստացանք այն, ինչ ունենք՝ կեղծված ընտրություններ, խաբված ժողովուրդ, բազմամարդ միտինգներ:
Խումբն այս պահին նույնպես վերահաստատում է իր մոտեցումը իշխանությունների մեղքով Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնման խնդրի վերաբերյալ եւ կոչ անում արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին՝ հետամուտ լինել իրենց Սահմադրական իրավունքի վերականգնման օրինական պահանջին:
Կոչ ենք անում համախմբվել եւ համագործակցելով Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների հետ ճնշումներ բանեցնել ՀՀ իշխանությունների վրա՝ խնդրին դրական հանգուցալուծում տալու նպատակով:
Կոչ ենք անում ընտրակեղծիքների դեմ այս օրերին թափ առած ժողովրդական շարժման մասնակից քաղաքական ուժերին հստակ դիրքորոշում հայտնել սոցիալական ծանր պայմանների արդյունքում արտերկրում հայտնված Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքի կոպիտ ոտնահարման փաստով:
Սոցիալական ծանր պայմաններում հայտնված ու դրսում ընտանիքի հոգսը հազիվ հոգացող Հայաստանի քաղաքացին ի զորու չէ վճարել ճանապարհածախս՝ իր ընտրական իրավունքը Հայաստանում իրագործելու նպատակով: Այդ պայմանը կամ պետք է օրակարգից հանվի, կամ պետությունն ու կուսակցությունները իրենց վրա պիտի վերցնեն նրանց Հայաստան բերելու փոխադրական բոլոր ծախսերը, ինչպես, օրինակ, Իսրայելում է ընդունված: Հնարավոր տարբերակը տեղերում ընտրատեղամասեր բացելն է: 
Այս կապակցությամբ՝ կոչ ենք անում պահանջել իշխանություններից՝ իրագործելի դարձնել արտերկրում ժամանակավոր բնակության գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական գործընթացը՝ տվյալ վայրում գտնվող ՀՀ դեսպանատներում կամ հյուպատոսական ծառայության կետերում բացված ընտրատեղամասերում, ինչն էլ սահմանադրորեն նախատեսված էր մինչեւ 2008 թվականը: Այդ իրավունքի վերահաստատումով կկանխվեն մասսայական ընտրակեղծիքները մեր երկրում, այդ կնպաստի ողջ հայության քաղաքական ակտիվացմանն ու խթան կհանդիսանա մեր հանրապետության բարենորոգմանը, հայության լիիրավ ու համապարփակ մասնակցությանը Հայրենիքի հզորացման վեհ գործին։
Շուշան Ղազարյան
Սոնա Արշունեցի
Արմեն Զատիկյան
Լևոն Մախսուդյան
Արմէն Նազարյան
Մելանյա Պետրոսյանց
Նադիա Դանիելյան
Արշակ Իկիլիկյան
Վանիկ Փարսադանյան




Լրահոս