Պատրաստ է Նեստոժեն մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա “Նեստոժեն” մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:
2013թ. փետրվարի 27-ին զույգ երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցելև երկվորյակ քույրերի՝ 3 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։
“Վաղարշապատի հիվանդանոց” ՊՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:
Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։




Լրահոս