
Զանգվածային ծեծկռտուքի արդյունքում, որը գրանցվել է կիրակի օրը Գերմանիայի Կասսել քաղաքում փախստականների համար նախատեսված ճամբարներից մեկում, տուժել է 14 մարդ, այդ թվում նաև 3 ոստիկան:
Այս մասին հայտնել է Գերմանիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Ծեծկռտուքին մասնակցել է տարբեր ազգություններից ավելի քան 300 մարդ: Այն սկսվել է երկու փախստականների միջև ուտելիք բաժանելու ժամանակ: Բախումների ընթացքում փայտեր են գործի դրվել, ինչ-որ մեկն անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկաններին նախ հաջողվել է հանգստացնել անկարգությունների մասնակիցներին, սակայն որոշ ժամանակ անց բախումները նոր թափ են ստացել: Միայն մի քանի ժամ անց իրավիճակը կարգավորվել է: Կարգ ու կանոնը ապահովել է շուրջ 50 ոստիկան:
Կասսելե ճամբարում տեղակայված են շուրջ 20 երկրից 1500 փախստական: