Ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին, ԱԽ անդամներից զատ, մասնակցել են նաեւ ՀՀ կառավարության անդամները, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ մարզպետերը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն Ս. Սարգսյանը հետագա աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարեւորել է երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը եւ երկրորդը՝ ընտրությունների անցկացումն առանց ատելության մթնոլորտի: «Հիմա շատ կարեւոր է, էական է, որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում եւ սոցիալական ցանցերում եղած նյութերը, եւ, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաեւ իրավապահները»,-ասել է Սարգսյանը: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Սարգսյանը հանձնարարել է ոստիկանությանը եւ դատախազությանը շարունակել ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումների քննարկումը: Ասել է թե` հերթական իմիտատիվ խորհրդակցությունն է եղել` հերթական դատարկ հայտարարություններով ու հանձնարարականներով: Մինչդեռ այս օրերին շատերի մոտ լուրջ ակնկալիքներ էին ձեւավորվել առ այն, որ առկա իրավիճակում Սերժ Սարգսյանի միակ ելքը վիրահատական փոփոխություններ իրականացնելն է, եւ որ Սերժ Սարգսյանը պետք է հնարավորինս արագ ձերբազատվի իր արատավոր շրջապատից` դրա համար օգտագործելով հենց ընտրությունների ընթացքում տեղ գտած աղաղակող կեղծիքներն ու թերությունները: Ընդ որում, կարծես թե որպես փոխզիջումային տարբերակ, նման առաջարկ էր արել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը Ս. Սարգսյանի հետ իր հայտնի հանդիպման ընթացքում: Արդյոք Սերժ Սարգսյանը չի պատրաստվում առհասարակ բովանդակային, լուրջ փոփոխություններ կատարել, թե առայժմ հապաղում է` իր շրջապատի առավել վարկաբեկված անձանցից ձերբազատվելու որոշումն ավելի հարմար պահի որպես խաղաքարտ օգտագործելու համար, դժվար է ասել: Ըստ ամենայնի, իշխանությունները դեռ հետեւում են, թե ինչպիսին կլինի այսօրվա հանրահավաքը, եւ հատկապես` մարտի 1-ին ընդդիմության միասնական հանրահավաքը: Եվ կախված այն բանից, թե որքանով ազդեցիկ ու մարդաշատ կլինեն այդ հանրահավաքները, եւ որքանով կկոշտացվեն իշխանությանը առաջադրվող պահանջագրերը, Սերժ Սարգսյանը կորոշի` արժե արդյոք «ժերտվա տալ» իր շրջապատից որեւէ մեկին:
ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ