Հայտնի են Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից համատեղ կազմակերպված «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով վիդեոմրցույթի արդյունքները… Սեպտեմբերի 25-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցավ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ :
Հուլիսի 1-ից մեկնարկած «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթին մասնակցում էին Dasaran.am կայքում գրանցված բոլոր աշակերտները, ովքեր ներկայացրել էին անհատական կամ խմբակային տարբեր տեսանյութեր:
Մրցույթի նպատակը երեխաների մեջ դպրոցական տարիքից սեփական քաղաքի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու հետևողական վերաբերմունքի, ինչպես նաև օրինապահ քաղաքացի լինելու գիտակցության ձևավորումն է:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, կարևորելով երեխաների դաստիարակությունն ու կրթվածությունը, հատկապես նրանց սրտացավ վերաբերմունքը սեփական քաղաքի նկատմամբ, ցանկություն էր հայտնել աջակցել միջոցառմանը՝ պատրաստելով արժեքավոր նվերներ երկու մրցանակակիրների համար:
Մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված 25 աշակերտները պարգևատրվեցին խրախուսական նվերներով և պատվոգրերով: Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն տեսանյութի հեղինակն արժանացավ գլխավոր մրցանակին` նոթբուքին, իսկ նրա դպրոցը պարգևատրվեց համակարգչով և պատվոգրով:
Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը, կրթական ոլորտի պատասխանատու այրեր և այլոք: