ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարն ընդգծել է դեսպանի անձնական մեծ ներդրումը հայ-իրանական հարաբերություններում, մասնավորապես, կրթության և գիտության ոլորտում, Armlur.am-ին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:
Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ Մոհամմադ Ռեյիսիին` որպես գիտնական, կշարունակի աջակցությունը կրթական տարբեր ծրագրերի իրականացմանը: «Իհարկե, կան դեռ բազում խնդիրներ հայ-իրանական համագործակցության համատեքստում, սակայն ակնհայտ է, որ դրանց լուծման հարցում մեր մոտեցումները մշտապես եղել են արդար և պրոֆեսիոնալ»,-նշել է նախարարը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հնչած բարձր գնահատականի համար` ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում իսկապես հաջողվել է կյանքի կոչել բազում նախագծեր: Նա վստահեցրել է, որ նոր դեսպանի օրոք այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ, ավելին` կմեկնարկեն նոր նախագծեր: Մոհամմադ Ռեյիսին նաև ընդգծել է, որ նախարարությունը մշտապես ընդառաջել և արագ լուծում է տվել իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դիպլոմների փոխճանաչման հարցը, ինչպես նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության, ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի, ԵՊՀ-ի և Թեհրանի համալսարանների միջև համագործակցության հնարավորությունը: