ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ «ՍԻԿՏԻՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրքերը թեժացան, ուսանողական դասադուլը երեկ արդեն հանդիպեց լուրջ, կազմակերպված դիմադրության, որն ավելի շատ ոչ թե դիմադրողական, այլ հարձակվողական բնույթ էր կրում: Դասադուլի ակցիայի դեմ դուրս եկած հակաակցիայի ներկայացուցիչներն իրենց «ակցիան» չէին իրականացնում ցուցապաստառներով եւ խաղաղ կոչերով: Դրա փոխարեն գործի էին դնում հարայ-հրոցների եւ հայհոյանքների հնարքները:
Բանը նույնիսկ հասավ ծեծկռտուքի.  գռեհիկ ու ագրեսիվ պահվածքով երիտասարդները (ախալքալաքցիներ), որոնք հավանաբար գործում էին ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ամետ ուսխորհուրդների անդամների հրահանգներով, ԵՊՀ-ի մոտ հարձակվեցին դասադուլավորների վրա եւ սկսեցին հարվածել: Ի դեպ, բացի դասադուլավորներից, մեկ հարված է ստացել նաեւ «ՀԺ»-ի լրագրողուհին՝ Տաթեւ Խաչատրյանը: Ծեծկռտուքն այնուհետեւ շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի մոտ, երբ դասադուլը տեղափոխվեց այնտեղ, եւ դադարեց միայն ոստիկանների միջամտությամբ:
Փաստորեն, իշխանություններն արդեն այնքան են խուճապի մատնվել, որ սկսել են գործի դնել ամենաէժանագին տեխնոլոգիան՝ ամենաստորին օղակի կամակատարներին` համալսարանի «լավ տղերքի» տեսքով: Այստեղ եւս, ինչպես եւ մեր աներձագա-բաջանաղատիրական պետության մյուս ոլորտներում, կա նույնիսկ կլանային բաժանում, օրինակ` «ախալքալաքցիների կլան»: Նրանց երեկ դասադուլավորների վրա «ֆաս տվեց» ոչ այլ ոք, քան ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը: Դասադուլավորներին ոչ կոռեկտ պահվածքի մեջ մեղադրող ռեկտորի օգնականի կոչով հայտնված ախալքալաքցի երիտասարդները ամբողջովին «քյարթու» ոճի մեջ եւ գռեհիկ պահվածքով սկսեցին հարայ-հրոցներով ու վիրավորանքներով դիմել դասադուլավորներին: Ազգիս «ապագան» հանդիսացող «համալսարանական կրթությամբ» այդ երիտասարդներից մեկը նույնիսկ երկու անգամ չզլացավ բղավելով դիմել դասադուլավորներին` «սիկտիր» (հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը), որի համար դիտողության չարժանացավ ո՛չ տարածքում ներկա ոստիկանների, ո՛չ էլ իրենց իշխանապաշտպան «ակցիայի» անմիջական ղեկավար Գեւորգ Մելքոնյանի կողմից: Ավելին, Մելքոնյանը դասադուլավորների` «Մենք ձեզ սիրում ենք» կոչին պատասխանեց. «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Եթե սա ԵՊՀ ռեկտորի օգնականի մակարդակն է, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել ամենաստորին օղակի «լավ տղերքից»:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ է մտածում այս մասին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նորմա՞լ է համարում, որ իր ուսանողն աղջիկներին գոռում է «սիկտիր». այս հարցին ռեկտորը պատասխանեց. «Իսկ Դուք նորմա՞լ եք համարում, որ այդ նույն աղջիկները կարող են կանգնել եւ իրենց մատներով ցույց տալ այն ամերիկյան կոմբինացիան, նկարն էլ թերթերում եւ կայքերում կա», նաեւ հավելեց, որ մայր հայհոյելու դիմաց ««սիկտիր» բառը նույնիսկ շատ մեղմ էր ասված»:  «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե ինչ մայր հայհոյելու մասին է խոսքը, երբ տեսանյութում պարզ երեւում է, որ կոնկրետ այդ` «սիկտիր» գոռացող երիտասարդին ոչ ոք չէր հայհոյել, ինչին ԵՊՀ ռեկտորը պատասխանեց, թե տեսանյութում ցուցադրված է այն, ինչ ձեռնտու է տեսանյութը տարածողներին: Ըստ Ա. Սիմոնյանի՝ դասադուլավորների մեջ «ուսանողներ չկային, այլ հատուկ պատրաստված, պրովոկացիա անելու համար այդտեղ եկած մարդիկ էին», եւ հենց իրենք էլ վիրավորում էին ԵՊՀ ուսանողներին: Անդրադառնալով «ախալքալաքցի» երիտասարդներին` ռեկտորը պատասխանեց. «Ախալքալաքցի երիտասարդները ո՞րն ա, դրանք մեր ուսանողներն են»:
Վերջում ԵՊՀ ռեկտորը նաեւ նշեց, որ եթե իր օգնականներից մեկն անվայել արարք է իրեն թույլ տվել կամ արտահայտություն արել, ապա ինքը կպատժի կամ նկատողություն կտա: Ի պատասխան ռեկտորի խոսքի` «Ժողովուրդ»-ը հիշեցրեց Գեւորգ Մելքոնյանի` «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին» արտահայտությունը, ինչին ԵՊՀ-ի ռեկտորը պատասխանեց հարցով. «Իսկ Դուք այդտեղ վիրավորական բա՞ն եք տեսնում»:
Դե եթե այսպես է կարծում մայր բուհի ռեկտորը, ուրեմն մնացած բոլոր մեկնաբանություններն արդեն ավելորդ են:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս