ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՆՏՐՏՈՒՔ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ «ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության օրը, հրաժարական է տալու ՀՀ կառավարությունը: Եվ քաղաքական կուլիսներում արդեն իսկ ակտիվորեն սկսել է քննարկվել ապագա վարչապետի հարցը: Թեեւ ՀՀԿ-ականները պաշտոնական զրույցներում հավաստիացնում են, որ առայժմ իրենց օրակարգում նման հարց չկա, այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում: Պատահական չէ, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատճառաբանելով նախագահականում կայանալիք խորհրդակցությունը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո չմնաց լրագրողների հետ ավանդական ճեպազրույցին: Ավելին, վարչապետը երեկ բավական անտրամադիր էր, ու դա նկատվում էր անգամ անզեն աչքով:
Որպես վարչապետի հավանական թեկնածու՝ իշխանական կուլիսներում այսօր քննարկվում է մի քանի անուն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյան, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյան, իսկ եթե հանկարծ որոշվի ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել, իշխանական կուլիսներում հնչել է նաեւ քաղաքաշինության նախկին նախարար ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի անունը:
ՀՀԿ-ականները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին որոշի իշխանության ներսում չգնալ կտրուկ փոփոխությունների, ինչի արդյունքում Տիգրան Սարգսյանը շարունակի մնալ ՀՀ վարչապետ: Համենայնդեպս, ըստ ՀՀԿ-ականների՝ վերջնական որոշում կայացնողը լինելու է Ս. Սարգսյանը, որն էլ, սակայն, լռում է:
Ուշագրավն այն է, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե ինքը վարչապետ դառնալու ցանկություն չունի: «Նախկինում ուզում էի, բայց հիմա չեմ ուզում: Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ավելի բարձր եւ ավելի լավ պաշտոն է»,-նշեց նա՝ կտրականապես հերքելով իր հրաժարականի մասին լուրերը: Հ. Աբրահամյանը երեկ նաեւ նշեց, թե ինքը ցանկություն չունի 2018թ. դառնալ ՀՀ նախագահ. «Եթե որոշ մարդիկ փորձում են ինձ վերագրել այդ հարցը, ես այդպիսի նպատակ չունեմ, թող իրենք հանգստանան: Իմ մտքով նույնիսկ այդպիսի բան չի էլ անցել»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը, ում անունը շրջանառվում է որպես ապագա վարչապետ, այս օրերին գտնվում է Հայաստանում եւ հանդիպումներ է ունենում ՀՀԿ-ականների հետ: Հ. Աբրահամյանը նշեց, որ ինքը հանդիպել է Կ. Կարապետյանի հետ, քանի որ իրենք ջերմ հարաբերություններ ունեն. «Սակայն որեւէ քաղաքական խնդիր չենք քննարկել»:
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր կարծիքով՝ վարչապետն առաջիկայում արդյոք փոխվելու է, ասաց. «Մենք մի թիմ ենք: Կառավարության ղեկավարն ու նախարարները քաղաքական մեկ թիմ են, որ հրաշալի աշխատել են վերջին տարիների ընթացքում՝ փորձելով առաջ մղել Հայաստանի զարգացման ծրագրերը: Ես՝ որպես ԿԳ նախարար, շատ արդյունավետ եմ համարում Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը: Մյուս կողմից պարկեշտ չեմ համարում Ձեր հարցադրումը՝ ակնկալելով պատասխան մի մարդու մասին, որի հետ այսօր աշխատում եմ»: Աշոտյանը, այնուամենայնիվ, ասաց, թե կառավարությունում առաջիկայում հնարավոր են որոշ փոփոխություններ: «ՀՀ ոչ մի պաշտոնյա իրականում կառչած չէ իր պաշտոնից, եւ Սերժ Սարգսյանը հետընտրական զարգացումների ու իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում տնօրինելու է համապատասխան նոր կադրային հնարավորությունները»,-նշեց նա:
Մի խոսքով, պաշտոնակռիվն արդեն սկսվել է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս