Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականությանը և ինքն իրեն հակասող հայտարարություն արեց. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջացրած սահմանային լարվածությանն ու հրադադարի կոպիտ խախտման դեպքերին, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի, անքակտելի մասն է:

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի Արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով՝ «ՀՀ ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ՀՀ անբաժան մասը, Ադրբեջանի տարածքի օկուպացման հերթական ապացույցն է հանդիսանում ու ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀՀ իրական դեմքը»:

Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյաnի հետ՝ պարզելու համար, թե Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել:

Վերջինս նշեց, որ ՀՀ նախագահի հայտարարությունն իր համար անհասկանալի է և դժվար է մեկնաբանել: «Սերժ Սարգսյանի քաղաքական հայտարարությունները մեկնաբանելը կարծում եմ բարդագույն գործ է ու կարիքն էլ չեմ տեսնում: Յուրաքանչյուր պետական այրի ասածն ընկալելի է, եթե տրամաբանական է և հակասության մեջ չէ իր նախկինում արտահայտած մտքերի հետ: Այս տարի ապրիլին Սերժ Սարգսյանը Պոզների հետ հարցազրույցում բացատրում էր, թե ինչու չենք ճանաչում Արցախի անկախությունը. եթե ճանաչենք, ապա պետք է դուրս գանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:

Իսկ հիմա ասում է Արցախը Հայաստանի անքակտելի մասն է. ի՞նչ նկատառոմներով է դա ասում, ես չգիտեմ, բայց որ գեոքաղաքական, քաղաքական առումով այդ հայտարարությունը ոչ մի կանխարգելիչ նշանակություն չունի, դա փաստ է: Միգուցե Սերժ Սարգսյանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մյուսներին այդ հայտարարությամբ ցույց տալ, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ի վերջո կարող են հանգեցնել այն որոշման, որ Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչի դե յուրե Հայաստանի անքակտելի մաս»,- նկատեց Կարապետյանը:

Հետաքրքիր է,  արդյո՞ք այդ հայտարարությունը կբերի այսօրվա ռազմական էսկալացիայի նվազմանը: Այս հարցին ի պատասխան Արամ Կարապետյանն ասաց. «Իմ կարծիքով նման հայտարարությունները այսօրվա ռազմական էսկալացիայի նվազմանը չեն բերի»:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս