«ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ» ԽՆՋՈՒՅՔՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂ ՎՈՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք չէ Վովային խառնել Բուռնաշի, Խաչատուրով Յուրայի, Բաղմանյան Հայկազի, Ալիկ Սերգեյիչի, Մուկի, Շարմազանովի եւ մանր ու խոշոր այլ եղջերավորների հետ»,-գրել է Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը, որն աշխատել է «Չորրորդ իշխանություն» թերթում:
Որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կեցվածքը եւ քայլերը ոմանց անհասկանալի են, պարզ է` աշխարհայացքի ու մտածողության անհաղթահարելի բարդույթներ կան, որ ցմահ են: Բայց հնարավոր չէ ամեն ինչին այդ ըմբռնումով մոտենալ: Օրինակ, երբ սկսեցին մի ուրիշ հրճվանքով քննարկել ու քննարկել, քննադատել ու քննադատել Րաֆֆիին, ինչ է թե հանդիպել ու առանձնազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Բայց դա ոչ միայն ճիշտ է այս պահին, այլեւ նվաստացուցիչ չէ Րաֆֆիի համար: Եվ ասեմ` ինչու: Ոստիկանապետը Հայաստանի այն գործիչներից է, ում հասարակությունն իրականում չի ճանաչում: Կամ ճանաչում է միայն գեներալի կարգավիճակով` խոժոռ դեմքով, խիստ: «Ախպերության» խնջույքներին չմասնակցող, «զավտրիկի» սեղանի շուրջ ռազմահայրենասիրական կենացներ չասող Վովան բոլորովին ուրիշ տեսակ է: Իրականում նա այն քչերից է, որը չի խախտել մարդկային չգրված շատ օրենքներ: Կոնկրետ նկատի ունեմ հոկտեմբերի 27-ին նրա պահվածքը: Ստացվել է այնպես, որ անկեղծության մի պահի, առաջին տպավորության ազդեցությամբ Վովան անձամբ է ինձ պատմել իր ապրումների մասին: Ոճիրի պահին, երբ Վազգենի արդեն անշնչացած մարմինը թեքված էր աթոռին, Վովան դիմել է «Երկրապահ»-ի պատգամավորներին` Մխիկին, Ծաղիկ Ռուբոյին, էլի մի քանիսին, որ օգնեն` Վազգենին գրկած դուրս հանեն, բայց նրանք ամենավերջին սրիկայի պես ուղղակի չեն մոտեցել: Եվ Վովան ստիպված է եղել մենակ, առանց Վազգենի «զինակիցների» դահլիճից դուրս հանել Վազգենին:
Իրենց պատերազմի «հերոս» համարողները չէին կարող չիմանալ, որ պատերազմի օրենքով հրամանատարի զոհվելու դեպքում զինվորները պարտավոր են չլքել տարածքը, քանի դեռ հրամանատարի մարմինն այդտեղ է: Էլ չասած, որ Վազգենի շնորհիվ էին պառլամենտում ու ընդհանրապես` մարդահաշիվ: Երբեք չեմ մոռանա մանրամասները. «Ուժեղ էր Վազգենը, ծանր, ու ես չէի կարողանում, բայց ամեն գնով պահեցի, որ հանկարծ գետնին չընկնի Վազգենի մարմինը»: Իսկ Վազգենի «ընկեր» Գագիկ Ջհանգիրյանը Վազգենի արյունոտ ժամացույցը հանգիստ, առանց գոնե մի պահ մտածելու դրել է Արամի ափի մեջ՝ չմտածելով, թե ինչ կզգա Արամը: Վովան նման բաները շատ նրբորեն է զգում, մարդկային է ավելի, որքան էլ հավատան կամ չհավատան Վովային միայն հեռուստաեթերից ճանաչող շատերը: Սա հոգեբանական-զգացական մասն է` ինձ համար ամենակարեւորը…
Բացի այդ, Վովան իր պրոֆեսիոնալիզմով էլ այդ օրը ճիշտ պահեց իրեն` թույլ չտալով եւ վիժեցնելով նաիրիներին տեղում գնդակահարելու ծրագիրը՝ շատ լավ հասկանալով, թե դա ինչ նվեր կլինի առաջին իսկ պահից կասկածյալ կազմակերպիչներին: Ու գոնե Վազգենի մասով Վովա Գասպարյանն առայսօր իրեն անվրեպ է պահել:
Պետք չէ Րաֆֆիի հանդիպելը Վովային «զապադլո» համարել: Պետք չէ Վովային խառնել Բուռնաշի, Խաչատուրով Յուրայի, Բաղմանյան Հայկազի, Ալիկ Սերգեյիչի, Մուկի, Շարմազանովի եւ մանր ու խոշոր այլ եղջերավորների հետ: Նույնիսկ այս անունների հետ համեմատելու համար արժե նրա ներողամտությունը հայցել. նա ոչ մեկից պակաս չի հասկանում ու զզվում մարդու, «տղամարդու» այս տեսակից:
Հոկտեմբերի 27-ը փորձություն էր, որին շատ քչերը դիմացան: Թե ուրիշ որ հարցում ինչպես է պահել իրեն Վովան, իր եւ Աստծո գործն է, այս հարցում նա մաքուր է, եւ փառք ու պատիվ դրա համար: Հենց նույն պատճառով անհնար եմ համարում, որ ժողովրդական հուզումների պահին նա իրեն պահի բախտի բերմամբ ոստիկանապետի աթոռին հայտնված եւ հեղափոխությունն «օրորոցում խեղդող» Սերգեյիչ Ալիկի նման: Վովային հեղափոխություն մորթողի եւ սեփական ժողովրդի դեմ հարձակվելով ինքնահաստատվող մենթի դերում չտեսնելու այլ պատճառներ կան, որոնք գուցե լայն հանրությանն անհայտ են, բայց վստահաբար` ոչ Րաֆֆիին:
Մնացած մտածումներս մի ուրիշ առիթով կգրեմ: Հիմա ասելիքս այն էր, որ Վովայի հետ հանդիպելու համար Րաֆֆիին վրա տվածները թող իրենց համար այլ զբաղմունք գտնեն:

ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս