ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական ներկապնակը զարդարող մի շարք քաղաքական եւ հանրային գործիչներ իրենց ելույթներում մշտապես կարեւորում են ժողովրդի կարծիքը եւ հայտարարում, թե հաշվետու են միայն ժողովրդին: Սակայն երբ գալիս է հստակ գործողությունների ժամանակը, նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառաբանությամբ մոռանում է իր կողմից ասված խոսքերը: «Ժողովուրդ»-ը քաղաքական եւ հանրային գործիչներից փորձեց պարզել, թե ինչու նրանք չեն միանում 530 հազար ձայն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, որտեղ ներկա են տասնյակ հազարավոր մարդիկ:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կբացատրեք հանրահավաքներին չմասնակցելու Ձեր որոշումը. Դուք ժողովրդի հե՞տ չեք:

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեկ անգամ ներկա եմ եղել, ճիշտ է, ոչ առաջին շարքերում, բայց ներկա եղել եմ: Ստացել եմ իմ տպավորությունը,  լսել եմ՝ ինչ օրակարգ են առաջարկում, իսկ մնացած հանրահավաքային միջոցառումների մասին տեղեկանում եմ լրատվամիջոցներից: Մենք ընտրությունների արդյունքների վիճարկմանը ո՛չ այս եւ ո՛չ էլ այն կողմից չենք մասնակցում: Վիճարկող կողմերին մեր ուղերձը հետեւյալն է՝ մենք, հասկանալով պատասխանատվության հնարավորությունը, լսեցնում եւ հասկացնում ենք իշխանությանը, որ զերծ մնա ուժ կիրառելու գայթակղությունից: Հեշտ բան է հաղթել ուժով, ասել՝ գնա՛ տուն: Բայց կա հասարակության մի հատված, որն ունի իր կարծիքը, եւ մենք պետք է այնպես անենք, որ այս ամենից շահի քաղաքացին:

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ
խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բայց եթե հանրահավաքների ծրագիրն ինձ համար անընդունելի է, ինչի՞ համար պետք է ներկա լինեմ: Դա ժողովրդի հանրահավաք չէ, այլ բան է: Այո՛, այդ 500-ից ավելի մարդիկ մեր ժողովուրդն է, եւ այո՛, խնդիրներ կան, եւ այդ մասին մենք ականջալուր ենք լինում: Գիտեք, այլ բան է ժողովրդի հետ լինելը, եւ այլ բան է ժողովրդի ընդվզումներին մասնակցելը: Ոչ թե մենք խնդիր պետք է ունենանք ժողովրդի ընդվզումներին մասնակցել, այլ մեր խնդիրն այլ է, այսինքն՝ այն հարցերը, որոնք առաջ են քաշում, դրանց լուծումները գտնելը: Այնպես որ, մենք մեր ժողովրդի հետ ենք եւ հարգում ենք ընդվզողների տրամաբանությունը:

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հանրահավաքներին ներկա չեմ լինում, քանի որ չեմ հավատում եւ, ցավոք, մի քիչ շատ բան գիտեմ հանրահավաքների դերակատարներից: Ես իմ ազգի եւ ժողովրդի հետ եմ լինելու միշտ, բայց ես չեմ համարում, որ հանրահավաքներին մասնակցելով են ապացուցում ժողովրդի հետ լինելը: Ես գործի մարդ եմ եւ չեմ սիրում ժամանակ վատնել խոսելով, ու, առհասարակ, ո՞վ է ասել, որ հանրահավաքներին իշխանության կռիվ չէ, որոնք օգտագործում են ժողովրդին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության
եւ վերականգնողական կենտրոն» հկ նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս