ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԵՐԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմական գիտությունների թեկնածու ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է.
«Ավարտվեցին 2013թ. ՀՀ նախագահական ընտրությունները, եւ հայտնի են արդյունքները: Ուսումնասիրելով եւ համեմատելով դրանք նախորդ 5 նախագահական ընտրությունների արդյունքների հետ՝ հետաքրքիր պատկերների ականատես եղանք:
Նախորդ ընտրությունների (բացառությամբ 1991թ.) ժամանակ իշխանական թեկնածուին միշտ սատարել են հիմնականում մարզերի, մասնավորապես՝ քաղաքային համայնքների ընտրողները, այդպես էր 1996թ.-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժվեց մայրաքաղաք Երեւանում, բայց մարզերից ստացված արդյունքները հօգուտ նրա էին:
Այդպես էր 1998-2003թթ., երբ ընտրվեց ու վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին հիմնականում մարզերի ընտրողների քվեներով դառնալով նախագահ: Սակայն մարզերի բնակիչների ձայները միայն ընտրություններին կարեւորելով` այդուհետեւ ուշադրության չարժանացրին մարզերին:
2008թ. նախագահի պաշտոնը ստանձնելով՝ Դուք՝ որպես նախագահ, կարեւորեցիք ՀՀ մարզերում տիրող իրավիճակը եւ, ուսումնասիրելով հիմնախնդիրները, բավականին լուրջ ներդրումային ծրագրեր ուղղեցիք դեպի մարզերը` բացի բյուջետային կոնկրետ հատկացումներից, ամեն տարի յուրաքանչյուր մարզին պահուստային ֆոնդից տրամադրելով շուրջ 1 մլրդ դրամ հրատապ խնդիրների լուծման համար:
Այս ամենը հաշվի առնելով է, որ փետրվարի 18-ին առավել մեծ վստահության ակնկալիք պետք է լիներ հատկապես մարզերի ընտրողներից: Բայց ընտրության արդյունքները ամփոփելուց հետո պարզվեց, որ գործող նախագահի օգտին բավականին ցածր արդյունքներ են գրանցվել մարզերում, հատկապես` քաղաքային համայնքներում:
Չգիտեմ՝ գործող նախագահի խորհրդատուները երբեւիցե կփորձեն վերլուծել, թե ինչու են տարիներ ի վեր անուշադրության մատնված մարզերն աջակցել իշխանություններին, իսկ ներկայում, երբ  թվում է` ուշադրությունը գնալով զգալի է դառնում մարզային բնակչության նկատմամբ, նրանք վստահության քվե չտվեցին գործող նախագահին:
Արդյունքները հանգեցրեցին մի շարք խնդիրների, մասնավորապես կապված տարվող կադրային քաղաքականության հետ: Նախ՝ ՀՀ ՏԿ նախարարը վաղուց իր տեղում չէ. հանդիսանալով հիմնական կապող օղակ համայնքների եւ կառավարության միջեւ՝ նա, մեղմ ասած, ոչ ճիշտ է իրականացնում այդ կապը: Մի՞թե դժվար է հասկանալ, որ տարիներ շարունակ մարզերում միայն կարմիր ժապավեն կտրելն ու մարզպետերի կազմակերպած խնջույքներին մասնակցելը բավարար չէ, ու վաղուց ժամանակն է իրականում հանդիպել համայնքի բնակիչներին եւ լսել նրանց հուզող հարցերը:
Մարզպետերի աշխատանքը գնահատվում էր հարկ ու տուրք հավաքելով` չստեղծելով այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտար բարձրացնելու բնակչության կենսամակարդակը: Իրավասու ատյանների անտարբերության արդյունքում է, որ բոլոր մարզպետերը դարձել են տեղական ֆեոդալներ, որոնց հիմնական գործը մնացել է պաշտոնների առքուվաճառքը, մարզերը օտարների եւ յուրայինների բաժանելը: Եվ ձեւավորվում է մի իրավիճակ, երբ ընտրողն ընտրությունը կատարում է ոչ թե հանուն իր վաղվա օրվա, այլ տեղական ֆեոդալներից ազատվելու մեծ ցանկությունից ելնելով:
Կարծում ենք, Բաղրամյան 26-ում լուրջ հետեւություն պետք է անեն` առաջարկելով լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել, մասնավորապես` պաշտոններից ազատել ՀՀ ՏԿ նախարարին, բոլոր մարզպետերին, ինչպես նաեւ կառավարության այն անդամներին, որոնք կցված են եղել իրենց ծննդավայր-բնակավայրերում` այդ պաշտոնանկություններով նպաստելով մարզերի բնակչության բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, հավատի վերականգնմանը եւ մարզերում առողջ մթնոլորտի ձեւավորմանը»:




Լրահոս