Ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ այսօր ազգը փնտրում է խորագույն ակունքներին ու արժեհամակարգին վերադառնալու հնարավորությունը: Ներկայացնում ենք պարոն Խզմալյանի հետ մեր զրույցի շարունակությունը (սկիզբը՝ նախորդ համարում):
-Կասկածից վեր է, որ Րաֆֆին միայնակ դա անել չի կարողանալու: Եթե ժողովուրդն ընտրել է Րաֆֆուն, ապա հիմա Րաֆֆին պարտավոր է ընտրել ժողովրդին: Ոչ թե նախկին ու ներկա կուսակցական-քաղաքական երեսփոխանները, ոչ թե օտարերկրյա խորհրդականները, այլ ազգի հավաքական ուժը, քաղաքացիական հասարակությունը, որը կուսակցությունների զրնգուն բացակայության պարագայում իր վրա է վերցրել բռնապետության դեմ պայքարի բեռը: Միայն այսպիսի նոր քաղաքական սերունդը կարող է ապահովել մեր ընդհանուր նպատակը, որի մասին այս օրերին հաճախ խոսում է Րաֆֆին:
Մենք վերից վար ստիպված ենք փոխելու դատական, օրենսդրական, գործադիր իշխանությունները, հարկային ու մաքսային ծառայությունների ոչ միայն կազմը, այլեւ ողջ ուղղվածությունը: Եթե մենք կարողանանք բացել այդ դռները, մենք կունենանք 4-րդ հանրապետություն: Եթե Րաֆֆին դիմի այս ահռելի ներուժին, ապստամբությունը կվերածվի իրական հեղափոխության:
Մեզ հիմա համակարգափոխություն է պետք: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Ժողովրդի համար, ի տարբերություն մարդու, անելանելի վիճակներ չկան: Ժողովուրդը գտել է ելքը. այն ինքնապաշտպանության, ինքնամաքրման մեջ է: Այդ պայմաններով մենք ստանում ենք նոր իշխանություն, նոր հասարակություն, նոր երկիր: Հիմա հենց դա է տեղի ունենում մեր աչքի առաջ:
-Շատ քաղաքացիների մոտ հիմա մեծ հիասթափություն է, շատերն անգամ պայքարելու տրամադրություն չունեն, մտածում են՝ ինչ էլ անեն, անիմաստ է…
-Եթե խոսքն ընտրությունների արդյունքների մասին է, մենք ամիսներ շարունակ դրա համար էինք հորդորում մարդկանց՝ մի՛ հավատացեք ընտրություններին, ղումարբազների հետ իմաստ չունի խաղի մեջ մտնել, միեւնույն է, քվեաթերթիկները կեղծված կլինեն: Բայց դա բոլորովին չի կարող հուսահատության պատճառ լինել: Ովքեր այդպես են բացատրում իրենց պասիվությունը, կա՛մ շատ միամիտ են, կա՛մ էլ դրանց մի մասը հանցակից է: Որովհետեւ իսկապես մի քանի հարյուր հազար ձայն ռեժիմը ստացել է, ու այդ մասին հիմա խոսում են այն մարդիկ, որոնք, ամաչելով սեփական մեղքերի համար ու գիտակցելով, որ իրենք էլ են նպաստում այս խայտառակության շարունակությանը, այդպես են արդարանում: Մարդիկ, որոնք չեն արդարանում, այլ գործում են, պաշտպանում են սեփական ընտրությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը դրա խորհրդանիշն է: Րաֆֆին այդ առումով ճիշտ է ասում, խոսքը Րաֆֆու եւ Սերժի պայքարի մասին չէ, մենք բոլորս լավ հասկանում ենք՝ ինչի եւ ինչի միջեւ ենք ընտրություն կատարում: Եվ այդ ընտրությունն ամսի 18-ին չի ավարտվել, միայն սկսվել է:
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի վաղվա օրը, ի՞նչ կլինի մեր վերջը:
-Մեր վերջը գոյություն չունի, մարդն է մահկանացու, ազգը, հատկապես մեր պես ազգը, վերջ չունի, այնպես որ Սերժ Սարգսյանի գրագողությամբ օգտագործվող «Սա Հայաստանն է, եւ վերջ» բառն իր դեմ խաղաց: Ես տվյալ դեպքում կօգտագործեի Չերչիլի հայտնի խոսքերը. «Սա, իհարկե, վերջը չէ, անգամ վերջի սկիզբը չէ, սա ակնհայտորեն սկզբի վերջն է»: Այսինքն՝ սկիզբն անցանք, հիմա մտնում ենք մի փուլ, որտեղ պայքարն է շատ հստակ միջոցներով` դասադուլներով, գործադուլներով, բոյկոտներով… Ես կարող եմ կանխատեսել, որ մարդկանց ամենագիտակից մասը շուտով կհրաժարվի գնումներ կատարել բոլորիս հայտնի որոշ սուպերմարկետներից, ես կանխատեսում եմ, որ եթե դիմադրությունը շարունակվի, մարդիկ կարող են հրաժարվել հարկեր վճարելուց, տուգանքներ վճարելուց, անօրինական պահանջները կատարելուց: Դա արդեն արվում է: Այդ ճանապարհով իշխանությունը մտնում է հայտնի եւ իր համար շատ վտանգավոր փուլ. սվինների վրա շատ բան կարելի է անել, բայց նստել սվինների վրա՝ բավական բարդ զբաղմունք է, որովհետեւ կարող ես պատկերացնել, թե որտեղ ես հայտնվելու: Եթե այսպես շարունակեն, կստանան դա, որովհետեւ ուժ չունեն, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ հատուկ ծառայությունները, ո՛չ բանակը իրենցը չեն, դա մերն է, մեզ է պատկանում եւ չհաշված մի քանի սրիկաների եւ ծախու գործիչների, որոնց անուններն ու դեմքերը, գործերը մենք անգիր գիտենք եւ չենք էլ մոռանալու երբեք, մնացած ջախջախիչ մեծամասնությունը երբեք ձեռք չի բարձրացնի սեփական ժողովրդի վրա:
Իմիջիայլոց, մարտի 1-ին էլ ոստիկանության եւ բանակի վիթխարի մեծամասնությունը նման բան չի արել, մենք շատ լավ գիտենք, թե ով է կրակել: Այդ պատմությունը բոլորովին վերջացրած չէ:
ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է, ՐԱՖՖԻՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ