«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ ամսից ավել է՝ Հայաստանի հանրությունը սրտի թրթիռով հետեւում է սահմանից ստացվող լուրերին՝ հաճախ հույսը կապելով աշխարհի գերտերությունների ղեկավարների միջամտության հետ: Բայց հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությունը բավական երկար ժամանակ է՝ չի թուլանում: Այս ընթացքում՝ պատերազմի տարիներից հետո առաջին անգամ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտեց՝ հրթիռային կայաններ եւ խոշոր տրամաչափի հրանոթներ օգտագործելով: Արդյունքում, սահմանամերձ գյուղերում խաղաղ բնակչության շրջանում եւս զոհեր եղան, ինչպես նաեւ զոհեր եղան թիկունքի զորամասի հրթիռակոծության պատճառով:
Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանը միայն սեփական ուժերին կարող է ապավինել: Մեր փոխարեն ոչ ոք չի պաշտպանի մեր հայրենիքը եւ ոչ էլ մեզ համար լավ պետություն կկառուցի: Դրա համար պետք է ունենանք առավել հզոր ու մարտունակ բանակ: Իսկ այդպիսին ունենալու համար նախ պետք է հնարավորինս շուտ Հայաստանը դարձնենք իրապես զարգացող երկիր՝ հզոր տնտեսությամբ, եւ բարձրացնենք մեր մարտական ոգին: Վերջինի դեպքում, կարծես թե, առանձնապես խնդիրներ չունենք, հետեւապես մեր թիրախը պետք է լինի տնտեսությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: