«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել եւ այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին: Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունը այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել:
Պարզեցինք, որ Կարեն Ֆիլթջյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում դեռեւս 2007 թվականից:
Նա այն մարդկանցից էր, որ 2001-ից մինչ 2007-ի հունվարը, ավազակախմբի հետ մտնելով մարդկանց բնակարանները, ներկայանում էին որպես «լույսի», «գազի» մարդ, թաղապետարանի աշխատակից, տնտղում բնակարանում թալանման ենթակա ինչ կա, իսկ երկու օր անց արդեն դիմակներով մտնում բնակարաններ՝ թալանի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: