Նախագծով առաջարկվում է տարբերակում դնել սոցիալապես պակաս ապահով վարորդների համար. քննարկում խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Կորյուն Նահապետյանն Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին խնդրեց ներկայացնել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» նախագծի էությունը:

«Նախագծով առաջարկվում է վարչական ակտով տուգանքները վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով նշանակել այն դեպքերում, երբ խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման և 250-350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ առնվազն 5 տարվա գործարանային թողարկման և 120-250 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչև 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթև մարդատար ավտոմոբիլով, բեռնատար ավտոմոբիլով, միկրոավտոբուսով կամ ավտոբուսով: Նախագծով առաջարկվում է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում դնել սոցիալապես պակաս ապահովված վարորդների համար և նրանց տուգանքի չափը նվազեցնել 50 տոկոսի չափով»,- ներկայացրեց փոխնախարարը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկեց թեմայի շուրջ հանրային քննարկում կազմակերպել, որին ի պատասխան Արսեն Մկրտչյանն ասաց, որ նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Այս ընթացքում նրանք ներառել են նաև հանրային քննարկումներ կազմակերպել:

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հետաքրքրվեց, թե նախագծով կոնկրետ ինչ առանցքային փոփոխություններ են նախատեսվում:

«Նախատեսվում է, որ վարչական իրավախախտումների նկատմամբ անմիջապես ուժ չկիրառվի և ներդրվի նախազգուշական ու բողոքարկման համակարգը: Բողոքարկման համակարգի արդյունավետությունն այն է, որ տուգանքն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ տվյալ խախտման հետ կապված բողոք չլինի», – հավելեց Մկրտչյանը:




Լրահոս