Ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Minval.az կայքը, պարզաբանել է, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմկենեց ո՛չ Նյու Յորք, ո՛չ Մոսկվա:
Անցած շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Եվրոպայում ամենամեծ մզկիթի վերաբացման արարողությունը, որին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Որոշ փորձագետներ նշում են, որ այն փաստը, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել միջոցառումներին, որոնց ներկա են գտնվել Պուտինն ու Էրդողանը, բավականին զարմանալի է: Նրանց խոսքով՝ հավանաբար դրա համար լուրջ պատճառներ են եղել:
«Վերջին ամիսներին Ռուսաստանի հետ Ադրբեջանի մերձեցումը Արևմուտքի երկրների հետ լուրջ առճակատման հանգեցրեց: Արևմուտքի երկրները բացահայտ հայտարարեցին, որ սկզբունքային հարցերում զիջումների չեն գնա Ադրբեջանի իշխանությունների հետ: Հավանաբար, հաշվի առնելով այս ամենը, Իլհամ Ալիևը չի ցանկանում բացահայտ ներկայացնել իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հայտարարել են փորձագետները:
Իլհամ Ալիևը չի մասնակցել նաև նախօրեին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: Միջոցառմանը երկիրը ներկայացրել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ադրբեջանացի քաղաքագետ Նաթիկ Միրին կարծիք է հայտնել, որ լուրջ անհրաժեշտություն չի տեսնում Ալիևի՝ Մոսկվա այցի մեջ, քանի որ Պուտինի և Ալիևի դիրքորոշումներն առանց այդ էլ պարզ են:
Փորձագետներից մեկը նշում է, որ հրաժարվելով Մոսկվա այցից՝ Ադրբեջանի նախագահը հող է նախապատրաստել, որպեսզի մի քանի օրից չմեկնի նաև Նյու Յորք:
Հիշեցնենք, որ օրերս ՄԱԿ-ում Իլհամ Ալիևն արժանացավ Հարավ-Հարավ մրցանակի` հազարամյակի զարգացման նպատակների հաջող կատարման համար: Ադբրեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ այդ մրցանակը շնորհվում է երկրներին, որոնք հաջողությունների են հասել գյուղատնտեսության և արդյունաբերական անվտանգության զարգացման հարցում: