ԱՄՆ-ում կայացած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկար սպասված հանդիպումը ամենայն հավանականությամբ, Հայաստանի կյանքում որեւէ բան չի փոխի, քանի որ գերտերությունների ղեկավարներն իրենց զրույցի ընթացքում ժամանակ ու անհրաժեշտություն չգտան՝ խոսելու Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի փոխհարաբերությունների մասին:
Եվ փորձագիտական այն շրջանակները, որոնք հույս ունեին, թե սահմանային լարվածությունը կթուլանա գերտերությունների ղեկավարների հանդիպումից հետո, կարծես թե սխալվեցին, քանի որ այդ հարցն նույնիսկ չի էլ քննարկվել: Այս անգամ կողմերին մտահոգող առավել մեծ խնդիր կար. Իսլամական պետության զինյալներին զսպելը:
ArmLur.am-ը փորձեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանից պարզել՝ արդյո՞ք Պուտին-Օբամա հանդիպման համար ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կերպ փորձե՞լ է օրակարգի հարց դարձնել Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ հասնել նրան, որ Արցախի հարցը քննարկվի երկու գերտերությունների ղեկավարների միջեւ:
Ի պատասխան պարոն Բալայանը հայտնեց. «Ընդհանրապես հանդիպող կողմերը իրենք են ձևավորում հանդիպման օրակարագը, որը Ձեր կողմից հիշատակված հանդիպման պարագայում բավականին հագեցած է։ Ինչպես տեղյակ եք թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են և ակտիվ կերպով աշխատում են ղարբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում եղել է համանախագահների երկու հայտարարություն»։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիվանագիտական խողովակներին չի հաջողվել աշխարհաքաղաքական առումով որեւէ բան փոխել իրականության մեջ: Ուստի ստիպված ենք բավարարվել նրանով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբի՝ ԵԱՀԿ-ի կողմից արդեն երկու հայտարարություններ են տարածվել՝ իրավիճակը հանդարտեցնելու կոչերով:
Հուսանք՝ գոնե այդ հայտարարությունը սթափեցնող ազդակ կլինի հակառակորդի համար:
Նաիրա Հովհաննիսյան