Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, շարունակվեց Պնախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Նախապատրաստական դատական նիստի մեկնարկին պատասխանող կողմը լրացումներով հանդես եկավ (տեսանյութում): Ապա երկու կողմն էլ ներկայացրեցին իրենց ապացույցները:
«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը դատարանին հանձնեց ապացույցներ, որոնք ցույց են տալիս այն փաստը, որ Ռուզաննա Խաչատրյանը հանդիսանում է հանրային, պաշտոնատար անձ: Ավելին, կողմը հայտնեց, որ նախքան խնդրո առարկա հոդվածների՝ «Հանրությունն ուզում է իմանալ» և «Հանրությունն ուզում է իմանալ 2», հրապարակումը, Ռուզաննա Խաչատրյանն արդեն իսկ երկու անգամ հարցազրույց է տվել Գայանե Պողոսյան բլոգին, որը հետագայում արտատպվել է «Հայ զինվոր» կայքում:
Կողմը, հղում անելով օրենքի համապատասխան կետին, հայտարարեց, որ կարևոր է հայցվորի վարքագիծը: Այսպիսով, Ռուզաննա Խաչատրյանն իր վարքագծով հրահրել է հանրային հետաքրքրություն:
Ավելին, պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց նաև, որ Ռուզաննա Խաչատրյանի հանդեպ հանրային հետաքրքրությունը շարունակվում է նաև այսօր:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ևս ներկայացրեց ապացույց: Ըստ սրա՝ խնդրո առարկա հոդվածում մատնանշված վթարը Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ չի եղել: Կ. Մեժլումյանը դատարանին և մյուս կողմին հանձնեց վթարի գործով դատավճիռը:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 14-ին: Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ նիստին դատարանը կանցնի դատաքննության փուլ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: