Ստրասբուրգում Վեհաժողովի աշնանային լիագումար նստաշրջանի կապակցությամբ գումարված նիստի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է հետեւյալ հայտարարությունը.
«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն իրականացվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ արդյունքում ստացվել է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ փաստաթուղթ:
Հանձնաժողովը նաեւ ողջունում է այն փաստը, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են հանրաքվեով: Այն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ մասնակցելու հանրաքվեին եւ դրա մասը կազմող խորհրդակցություններին:
Հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող բարեփոխումներում որոշ հարցեր քաղաքականապես վիճելի են, եւ դրանց շուրջ հայաստանյան հասարակության մեջ թեժ քննարկումներ են տեղի ունենում: Քաղաքական համակարգի ընտրության հարցը Հայաստանի քաղաքացիների գործն է, եւ միայն նրանք են որոշում ընդունելու առաջիկա հանրաքվեի ժամանակ, ուստի հանձնաժողովը կոչ է անում քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին՝ ապահովել, որպեսզի հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշների համաձայն»: