ՀՀԿ-ԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԵՐԸ՝ ԱՅԼԱՅԼՎԱԾ ԴԵՄՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրապետական կուսակցության գրասենյակում մոտ 4 ժամանոց խառնաշփոթ էր: Ժամը 18:30-ից մեկնարկեց ՀՀԿ 160 հոգանոց խորհրդի նիստը եւ ավարտվեց ժամը 22:20-ի սահմաններում: ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ամենավերջինը հեռացավ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Դատելով խորհրդի եւ գործադիր մարմնի անդամների պահվածքից՝ առաջին որոշումը, որ կայացվել էր նիստի ժամանակ, լրագրողներին «ցրելու» «պատվավոր վճիռն էր»:
Չնայած տեղեկատվության «փակ, գաղտնիության» հրահանգին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ խորհրդի նիստի սկզբում ելույթի իրավունքը տրվել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին, որը ներկայացրել է ընտրությունների արդյունքները, երկրում առկա իրավիճակն ու միջազգային հանրության արձագանքները: Այնուհետեւ ՀՀԿ-ականները միմյանց հույս են տվել, որ ամեն ինչ կարգին է, վերահսկելի, իսկ սկսված հանրահավաքային շարժումն էլ շուտով կմարի:
Կայունության սիրահար Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե 58 տոկոսը բավական բարձր ցուցանիշ է, հետեւաբար, չնայած թերություններին, դժգոհելու առիթ չկա: Մի խոսքով, իր թիմին Սարգսյանը հանգստացրել է, որ ամեն ինչ նորմալ է, ու պետք է շարունակել աշխատել առավել զգոն եւ ուշադիր:
Այսպիսով՝ ՀՀԿ խորհրդի նիստն ավարտվել է ժամը 19:30-ին, որից հետո սկսվել է գործադիր մարմնի նիստը, որն ավելի երկար է տեւել:
ՀՀԿ խորհրդի նիստից առաջինը դուրս եկավ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, որը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե որեւէ արտառոց հարց չեն քննարկել: Սեդրակյանը վստահեցրեց, թե նիստի ժամանակ ներկայացվել է ընտրությունների պատկերը, ինչ խախտումներ են արձանագրվել, որպեսզի դրանք շտկվեն: «Նախագահը, բնական է, գոհ է, որովհետեւ 58 տոկոսը նորմալ արդյունք է»,-վստահեցրեց ԱԺ պատգամավորն ու հեռացավ:
Այնուհետեւ սկսվեց «կինոյի երկրորդ մասը»: Մոտավորապես 15 րոպե ընդմիջումով իրար հետեւից այլայլված դեմքով դուրս էին գալիս մարզպետերը եւ արագ քայլերով հեռանում՝ չցանկանալով լրագրողների հետ որեւէ բառ փոխանակել:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը (Կովալ) արտաքուստ բարձր տրամադրությամբ դուրս եկավ նիստից, բարեւեց ու արագ հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել որեւէ հարցի: Որոշ ժամանակ հետո դուրս եկան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Շատ ինքնագոհ էր փորձում երեւալ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նույնիսկ վստահեցրեց, թե նիստերի ժամանակ որեւէ մեկի պաշտոնանկության հարց չի քննարկվել: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) եւս գոհ էր: Իսկ ահա Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ոչ: Ղուլարյանն այնքան շփոթված էր, որ դուրս գալով գրասենյակից՝ արագ քայլերով փորձեց հեռանալ ու լրագրողների վրա էլ բարկացավ. «Ինչո՞ւ եք իմ հետեւից գալիս, կարող ա ես ուրիշ տեղ եմ գնում, չե՞ք ամաչում»: Ապա արագ նստեց մեքենան ու սլացավ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը անկեղծորեն նշեցին, որ իրենք իրավասու չեն որեւէ հարցի պատասխանել: Մարզպետերի հեռանալուց հետո՝ մոտ 30 րոպե անց, ՀՀԿ գրասենյակից հեռացան ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այնուհետեւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք ԳՄ նիստի ժամանակ քննարկել են Երեւանի ավագանու ընտրությունների հարցը. «Բոլորն էլ միաձայն համաձայն են եղել, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քանի որ մենք գտնում ենք, որ նա բավարար աշխատանք է տարել եւ արժանի է գլխավորելու ցուցակը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս