«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ այն բանից հետո, ինչ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի թափուր մնացած պաշտոնը հանձնվեց մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդուն` ալտահար Վաչե Հովեյանին, կենտրոնի համակարգում գործող կոլեկտիվները դժգոհություն էին հայտնել: Վաչե Հովեյանն ավելի վաղ մեզ խոստացել էր, որ թեմայի շուրջ մեկնաբանություն կտա: Եվ, ահա, կատարեց իր խոստումը:
-Պարո՛ն Հովեյան, Դուք տեղյա՞կ եք կոլեկտիվների` մշակույթի նախարարին ուղղված նամակից:
-Օրերս տեղեկացրին ինձ, ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ ամեն ինչին, կխոսենք բոլորի հետ առանձին-առանձին, կհասկանանք` ինչ խնդիրներ ունեն… Նորայր Նազարյանը լավ աշխատող է, աշխատում է մեզ մոտ եւ աշխատելու է: Բոլորն էլ ինչպես աշխատել են, այնպես էլ աշխատելու են, իմ խնդիրն է բարելավել նրանց աշխատանքային պայմանները:
-Կոլեկտիվի անդամները ցանկանում են տնօրենի պաշտոնում տեսնել Նորայր Նազարյանին, նրանց ինչո՞վ կարող եք շահագրգռել:
-Ես չեմ եկել ինչ-որ մեկին շահագրգռելու. ես եկել եմ աշխատելու: Սեպտեմբերի 28-ին արդեն իրենցից մեկը (անունը չեմ տա) առանձնազրույցի ընթացքում ասաց` ես հույս ունեմ, որ կփոշմանեմ իմ արածների համար: Կարծում եմ` համագործակցությունը բեղմնավոր կլինի:
-Նամակի ներքո ստորագրողները ուզում են` տնօրենը ներսի մարդ լինի, ոչ թե դրածո մեկը…
-Ամեն մարդ ունի իր ցանկությունները: Բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Հանձնաժողովի ութ անդամներից ութը ինձ կողմ է քվեարկել, Նորայրի օգտին` վեցը կողմ, երկուսը` դեմ, ես ներկայացրել եմ համապատասխան դիմում մշակույթի նախարարին եւ նշանակվել եմ աշխատանքի օրենքի բոլոր տարրերին համապատասխան:
-Իսկ մշակույթի նախարարի հետ խոսե՞լ եք նամակի թեմայով:
-Դեռ չեմ խոսել, անպայման կխոսեմ:
Չնայած այս հավաստիացումներին՝ Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ կոլեկտիվները սեպտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել նորանշանակ տնօրենի հետ եւ անչափ վիրավորված են նրա վերաբերմունքից. «Նա եկել էր անկարգ, արհամարհական, գողական կեցվածքով, կարծես արտադրամասում լիներ եւ խոսում էր բանվորների հետ: Զգացվում էր, որ կոնտակտ հաստատելու ոչ մի ցանկություն չունի: Ի դեպ, շատ լուրջ բախումներ եղան: Անձամբ ես շատ զայրացա, թողեցի, գնացի հանդիպումից: Նա քննարկում էր իր իրավասությունների մեջ չմտնող հարցեր»,-վրդովված պատմեց Թոփիկյանը: Նրա խոսքով` նման նսեմացուցիչ իրավիճակ կարող էր ստեղծվել միայն ցածրորակ, կլանային հարաբերություններում: «Կոլեկտիվից մեկը խիստ տոնով ասաց` բացառվում է, որ նրա հետ կաշխատի: Այնքան զայրացած ենք, որ նախարարությունը մեզ գցեց նման հիմար վիճակի մեջ: Ինչո՞ւ պետք է ինչ-որ լակոտ գա, իրեն այսպես պահի, ես հիմա նորից նախարարին եմ զանգում, որ խնդրեմ` բացառվի այդ մարդու հետ համագործակցությունը»,-եզրափակեց Թոփիկյանը:
Աննա Բաբաջանյան