ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՆ ՊԱՀՈՒՄ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ներկայում առողջությունը վերականգնում է «Կարմիր խաչ»-ի հիվանդանոցում: «Փորձում ենք վերականգնուել՝ օրեկան 7-8 միջոցառում։ Ես դեռ շատ հեռու եմ ինքս ինձնից՝ անցեալում եղածիս 10, առավելագոյնը՝ 20 տոկոս»: Անդրադառնալով մահափորձի բացահայտմանը` նախագահի նախկին թեկնածուն նշել է. «Մահափորձը յետաքննողները իրենց տարօրինակ են պահում… կատարողներին բացահայտնել են բայց ոչ մի առաջընթաց։ Երեւի բավարար անկախութիւն չունեն։ Դա կարող է նաեւ վտանգավոր լինել»:

ԷՊՈՍԱԳԵՏԻ ՈՐԴԻՆ Է
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ խոստովանել է, որ ԵՊՀ-ի դասադուլ հայտարարած ուսանողներից մեկն իր որդին է: Նախագահի նախկին թեկնածուի խոսքով` իր որդին դասադուլին միացել է ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի պահվածքից հետո եւ մյուս ուսանողների հետ ստորագրահավաքով պահանջում է նրա հրաժարականը: Նա նաեւ նշել է, որ առաջին հերթին պետք է հրաժարական տան ԵՊՀ ռեկտորը եւ մյուս բոլոր ռեկտորները, որոնք երիտասարդներին թույլ չեն տվել արտահայտել իրենց կարծիքը:

ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, հրաժեշտ տալով մարզպետարանի աշխատակիցներին, ասել է. «Շիրակի բնակիչնե՛ր, աշխատակազմի ներկայացուցիչնե՛ր, հարգելի՛ գործընկերներ, այս պարտությունը ես ընդունել եմ որպես իմ պարտություն, Հայաստանի Հանրապետության նախագահն այս մարզում չի պարտվել: Ես եմ պարտվել եւ դուք` էստեղ նստածներդ, մարդիկ, որոնք դրա համար պատասխան պետք է տային: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք աշխատել են»: Գիզիրյանն ընդգծել է, որ ինքը շիրակցիներից նեղացած չէ եւ իրեն շիրակցի է համարում: Թե ով կպաշտոնավարի Գիզիրյանից հետո, առայժմ հայտնի չէ: Դեռ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար չեն նշանակել:

ՍՏԵՂԾԵ՛Ք ԿՈՄԻՏԵՆԵՐ
ՀԱԿ նախկին դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ուսանողների դասադուլին, «Առավոտ»-ին ասել է. «Ուսանողները պետք է գնան ինքնակազմակերպման ճանապարհով: Ամեն բուհում զուգահեռ ՀՀԿ-ական ուսխորհուրդներին թող ստեղծվեն կոմիտեներ, որոնց համախմբմամբ կստեղծվի համահայկական ուսանողական գործադիր կոմիտե: Առաջարկում եմ, որ այս կառույցը գործի այսօրվա ուսխորհուրդներին զուգահեռ, քանի որ ուսխորհուրդներն ուղղակի ներկայացնում են միայն ՀՀԿ-ի շահերը, ոչ թե ուսանողների»:

ԱՐԴՅՈՔ ԿԹԵԹԵՎԱՑՆԵՆ
Կառավարությունը երեկ մերժել է ատամնաբույժների հարկային բեռը թեթեւացնելու՝ ՀՅԴ խմբակցության առաջարկը: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասել է, որ առավել նպատակահարմար է կառավարության քննարկած նախագիծը, որով նախատեսված է չհարկել ատամնաբուժական կլինիկաներում առկա ռենտգեն ապարատները եւ մեկ տեխնիկի եւ նրա աշխատանքում անհրաժեշտ երկու օգնականների հաստիքը դիտարկել որպես մեկ աշխատատեղ` հետեւաբար վճարելով մեկ հաստիքի համար նախատեսված հարկերը: Դումանյանը համոզմունք  է հայտնել, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կառավարության այս փոփոխությունները զգալի կթեթեւացնեն ատամնաբույժների հարկային բեռը:




Լրահոս