ՄԵՂԱՎՈՐԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2006թ. hոկտեմբերի 8-ին սափրագլուխների կողմից ծեծի էր ենթարկվել Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը: Վերջինիս ծեծի ենթարկողները մեկ բան էին պահանջել. «Ներողությո՛ւն խնդրիր», իսկ թե ումից,  հանցագործները չէին մանրամասնել: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որը, սակայն, որոշ ժամանակ անց կասեցվեց հանցակազմի բացակայության պատճառով:
Նշված օրը` ժամը 10:20-ի սահմաններում, սափրագլուխները Կիեւյան փողոցի թիվ 16 շենքի մոտ կամացուկ դիպել էին նրա ուսին, ու երբ Սուրեն Աբրահամյանը իրեն հատուկ ժպիտով շրջվել էր, շեշտակի հարված էր ստացել դեմքին, որից անմիջապես վայր էր ընկել:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ս. Աբրահամյանը անպատժելիության, լկտիության դրսեւորում էր որակել տեղի ունեցածը եւ նշել, որ «վարձու գրոհայինները մսագործի նման իրենց գործն էին անում»: «Պրոֆեսիոնալ ձեւով խփեցին, տապալեցին գետնին ու սկսեցին ոտքերով հարվածել: Հիմնական վնասվածքները ոտքերիս էին: Որոշ չափով կարողացա տեսնել մեկի դեմքը»,-պատմել էր նա: Ականատեսները տեղեկացրել էին, որ ծեծողները 2 հոգի էին եղել, իսկ մեկն էլ մեքենայի մեջ էր սպասել: Ծեծողները զգուշացրել էին Աբրահամյանին, որ ներողություն խնդրի, բայց չէին մանրամասնել, թե ումից:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանի համար միանշանակ էր, որ Ս. Աբրահամյանի վրա այս հարձակումը կապված է նրա արած քաղաքական հայտարարությունների հետ: «Մեզ մոտ երկրորդ կարծիք չկա»,-նշել էր նա: Այդ օրերին հակակրիմինալ շարժման շրջանակներում Ս. Աբրահամյանը հայտարարել էր, թե իշխանական բարձր էշելոններում քաղաքական կրիմինալն է կուտակված, եւ որ դրանց ղեկավարում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը եւս, ըստ նրա, կրիմինալ է: «Էս ամեն ինչի մեղավորն Անդրանիկ Մարգարյանն է, անկախ նրանից` ինքը պատվիրատուն է, թե ոչ»,-իր խորին համոզմունքն էր արտահայտել Ս. Աբրահամյանը:
Հարցին, թե արդյոք չի կարծում, որ կազմակերպիչը կարող է լինել  երրորդ ուժ, որի նպատակը նաեւ Անդրանիկ Մարգարյանի դեմ սադրանք կազմակերպելն էր, Սուրեն Աբրահամյանը պատասխանել էր. «Եթե անգամ երրորդ ուժն է կազմակերպել, միեւնույն է, վարչապետն է մեղավոր, քանի որ իր կողքին են հավաքված չարագործները»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, որ Ս. Աբրահամյանի հանդեպ կատարված հարձակումն ու բռնությունը ուղղված են իրենց կուսակցության դեմ: «Անիմաստ գործ է փորձել մեզ վախեցնել: Միայն տգետը հերոսություն կհամարի թիկունքից հարվածներ հասցնելը»,-ասել էր նա:
Ներքին գործերի նախկին նախարարը թեպետ շնորհակալ էր ոստիկանության աշխատակիցներից, որ եկել էին իրեն տեսնելու եւ օգնություն ցուցաբերելու, բայց վստահ էր, որ գործն առաջ չի գնա, եւ պատվիրատուները չեն պատժվի: Փոխարենը Արամ Սարգսյանը վստահեցնում էր, որ այս գործը փակ չի մնա, ու պատվիրատուները կբացահայտվեն: «Նրանք պատժվելու են միանշանակ: Ու պատժվելու են ոչ թե իրենց տարբերակներով, այլ դատարանի առաջ, դատական կարգով»,-նշել էր նա` հավելելով, որ այդպիսին է իրենց պատկերացրած Հայաստանը:
Ս. Աբրահամյանը նաեւ այդ օրերին հիշեցրել էր, որ իր վրա մի քանի անգամ մահափորձ է կատարվել: «Ոչ մի կրիմինալ, քրեական հեղինակություն, նույնիսկ Յապոնչիկը, չէր համարձակվի կադրային գեներալի նկատմամբ նման կերպ վարվել, քանի որ բարոյականությունը չէր ների ինձ վրա ձեռք բարձրացնել: Իմ պայքարը նրանց դեմ միշտ ազնիվ է եղել: Ես ամոթ եմ ապրում այս երկրի համար, ուր ապրում ենք, որ այսքան անկառավարելի է: Ամոթ եմ ապրում բոլոր արժանի եւ անարժան գեներալների համար, իմ մարտական ընկերների համար, որոնք կարող են հանդուրժել, որ վաստակ ունեցող գեներալին ծեծեն` իրենք էլ չիմանալով, թե ինչու են դա անում: Տղամարդ եք` ինձ հե՛տ հաղորդակցվեք: Իսկ այն գեներալները, որոնք կրավորական կեցվածք են ընդունել, մտել ծակերը, այս կամ այն ֆեոդալի կամ օլիգարխի պատվերն են կատարում, թող իմանան, որ ուզած պահին իրենց հետ էլ են այսպես վարվելու: Ով համակարգից դուրս եկավ, այսպես են վարվելու իր հետ»,-ընդգծել էր Աբրահամյանը:
Դեպքից 5 տարի անց կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սուրեն Աբրահամյանի հետ: «Ոչ մի բան չեմ մտածում այդ մասին: Ես այն ժամանակ էլ այն կարծիքին էի, որ այսպես էլ պետք է լիներ, որ սա իրենց սարքածն է, ու այդ ամենը չի բացահայտվելու»,-նշեց նա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս