ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղաքական գործընթացները  ոչ մի կերպ չեն կարողանում ընթանալ առանց արվեստագետների միջամտության, եւ դա, իհարկե, ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: Երգիչ Ռուբեն Հախվերդյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  իր ելույթում ասել է. «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»:
Ռուբեն Հախվերդյանը վերջին օրերի իր հայտարարություններում մի քանի անգամ թույլ տվեց բավական անզգույշ արտահայտություններ՝ կոռեկտության սահմաններից դուրս: Նա Ազատության հրապարակի, Մատենադարանի եւ նման հարթակները, որպես կանոն, բաց չի թողնում եւ հաճախ հայտնվում է ոչ սթափ վիճակում` այդպիսով ոչ թե օգնելով շարժմանը, այլ այն, մեղմ ասած, հարամելով: Նախկինում աչքի ընկնելով իր դաշնակցական կողմնորոշմամբ, ապա ՀՅԴ-ից հիասթափվելով՝ դեռ 2008-ին Հախվերդյանը նման «տրյուկ» էր փորձել անել Մատենադարանի հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ հարբած ցանկացել էր բարձրանալ հարթակ, սակայն ոչ թե ելույթ ունենալու, այլ իր իսկ խոսքերով՝ զուգարան գնալու նպատակով: Այս անգամ թեեւ զուգարանային կարիքներ հոգալու խնդիր չունեցավ, սակայն մեկ անզգույշ (կամ գուցե եւ` ոչ անզգույշ) արտահայտությամբ՝ Արցախը ադրբեջանական հեռավոր գավառ անվանելով, հանրահավաքի ողջ մասնակիցների, նաեւ լրատվամիջոցների եւ ֆեյսբուքյան հասարակության ուշադրությունը շեղեց իր վրա՝ կարծես թե երկրորդական պլան մղելով մնացած գործընթացները: Մասնավորապես, որ երեկ Ազատության հրապարակ էր եկել սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Ընդ որում, Ֆրանսիայից եկել էր հատուկ այդ նպատակով:
Հարց է առաջանում. նման հարթակներում մշտապես հայտնվող եւ անկայուն հայացքներ ունեցող արվեստագետն իրականում ի՞նչ նպատակ էր հետապնդում, եւ մի՞թե այս դեպքում գործ ունենք ընդդիմադիր հայացքներով, ժողովրդի հոգսերով մտահոգված մտավորականի հետ: Չէ՞ որ նույն հարթակում ներկա էր եւս մեկ արվեստագետ՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի, որն աչքի ընկավ իր զուսպ, կոռեկտ եւ տեղին ելույթով, որով հստակ արտահայտում էր, թե ինչ է ուզում եւ ինչի համար է այդտեղ եկել: Ու երբ համեմատում ենք, հասկանալի է դառնում, թե իրականում ով ինչ նպատակ կարող է հետապնդել:
Հ.Գ. Ավելի ուշ Հախվերդյանը tert.am-ին պարզաբանել է. «Ես ասում եմ՝ Սովետի ժամանակ դա ինչ գավառ էր, ադրբեջանական գավառ չէ՞ր: Ներկայում ո՛չ հայկական է, ո՛չ էլ ադրբեջանական: Իսկ իմ ասածն էն ա, որ նրանք, Կեւորկովի մոտ աշխատելով այդ հետամնաց գավառում, հետամնաց մարդիկ են, եւ չենք ուզում, որ նրանք կառավարեն մեզ: Նրանք կայացել ու դաստիարակվել են ադրբեջանական գավառում, եւ չէր կարելի նրանց պաշտոններ տալ, որովհետեւ նրանք աշխատել են Կեւորկովի մոտ, որը հայատյաց էր»: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Սերժ Սարգսյանը եղել է ԼՂԻՄ կոմկուսի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի օգնականը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս