ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործունեության 10 տարիների ընթացքում 6,9 մլրդ դրամի ներդումներ է կատարել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործունեության տասը տարիների ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 6,9 միլիարդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում գյուղական համայնքների զարգացման համար:

Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում մարզերում իրականացված ծրագրերից են.

Բնակարաններ՝ Գյումրիի և Վանաձորի` երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի

Ջրամատակարարման համակարգի կառուցում

Խմելու ջրի ապահովում ջրամատակարարում գրեթե չունեցող մի շարք գյուղերում
Այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին լուսավորման և ջեռուցման համակարգերի համար)

Ջեռուցման համակարգի ապահովում մանկապարտեզներում և դպրոցներում
Պաշտպանիչ պատի կառուցում սահմանամերձ գյուղերում

Էլեկտրական ցանկապատի կառուցում ընտանի կենդանիներին և անասնագոմերը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու նպատակով

Աջակցություն Կոշ համայնքում գործող՝ երեխաների ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոնին

Նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում մարզային ծննդատներին
Բժշկական սարքավորումներով և նավիգացիոն համակարգով արդիականացված շտապօգնության մեքենաների տրամադրում մարզային բժշկական կենտրոններին, ինչպես նաև գործակարգավարական համակարգի արդիականացում

Հաշմանդամների կարիքներին հարմարեցված մեքենաների տրամադրում՝ ներառական կրթության ծրագրերի շրջանակում

Արագ արձագանքման 911 հեռախոսահամարի տեղայնացում
Կիսակառույց տների շինարարության ավարտ և վերանորոգման աշխատանքներ գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներում

Մարզային կրթական հաստատությունների և մշակութային օջախների վերանորոգում
Ուսանողների կրթաթոշակի ապահովում

Համակարգչային սենյակների ստեղծում մարզային կրթական հաստատություններում

Մարզային կրթական հաստատություններում ինտերնետ կապի ապահովում

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում դասախոսությունների և դասընթացների կազմակերպում՝ մարզերի բուհերի ուսանողների համար

Մշտադիտարկման ժամանակակից սարքավորումների տրամադրում Ուրցաձորի էկոկրթական կենտրոնին

Բազային նոր կայանի կառուցում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում՝ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հարևանությամբ և այլ ծրագրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է շուրջ 204 կայուն աշխատատեղ մարզերում՝ մարզային 54 և շարժական 10 սպասարկման կենտրոնների միջոցով:

«Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է գյուղի և քաղաքի, մարզերի և մայրաքաղաքի միջև կյանքի որակի տարբերության կրճատում: Դրան կարևոր է հասնել հատկապես պատերազմից և բնական աղետներից տուժած սահմանամերձ բնակավայրերում: Մենք, որպես ընկերություն և անհատներ, անում ենք հնարավորինը, որպեսզի մարզերում բնակվող մեր հայրենակիցները չհուսահատվեն, իրենց չզգան լքված և շարունակեն հավատալ իրենց երեխաների լուսավոր ապագային:

Մայրաքաղաքում կամ սահմանամերձ գյուղում ծնված լինելու փաստը պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, և ոչ մեր՝ կամավոր ընտրությամբ: Որպես գիտակից անհատ գործելը, սակայն, լիովին մեր ընտրությունն է: Մենք՝ վաղվա օրով մտահոգ հայերս, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, պետք է շարունակենք կերտել մեր ապագան. ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն: Ընտրությունը մերն է. կարող ենք ապրել կամ բացառապես հանուն անհատական երջանկության՝ հոգ տանելով բացառապես մեր մասին, կամ՝ որպես երջանկության բանաձև դիտարկել հանրային բարօրության կերտմանը մեր մասնակցությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում, որպեսզի առօրյա կյանքում չհեռանանք հանրային բարօրություն կերտման՝ դեռևս տասը տարի առաջ ընդունած արժեհամակարգից, այն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ տարիներից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը որդեգրելով որպես առանցքային ռազմավարական մոտեցում՝ ընկերությունը շարունակում է առաջնորդվել ԿՍՊ սկզբունքներով, բոլոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման և իրականացման հարցում: Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23,8 միլիարդ դրամ է հատկացրել Երևանում և Հայաստանի մարզերում՝ ԿՍՊ նախաձեռնությունների իրագործման նպատակով:




Լրահոս