Երեկ ՀՀԿ անցկացրել է իր գործադիր մարմնի հերթական նիստը, եւ ինչպես նախորդ երկու շաբաթներին, բնականաբար, այս անգամ եւս իշխանական կուսակցության ղեկավար կազմի հիմնական քննարկման թեման եղել են սահմանադրական հանրաքվեի կազմակերպման հետ կապված խնդիրները: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հիմնական հարցը, որը հուզում է իշխանական կուսակցության հատկապես օլիգարխ-գործարար պատգամավորներին, դեռեւս մնում է անպատասխան:
Ներիշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը բոլոր ՀՀԿ-ականներին եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ ԲՀԿ-ի եւ մնացած ներկա եւ նախկին իշխանական պատգամավորներին խոստանում է, որ հաջորդ խորհրդարանում նրանք անպայման լինելու են: Սակայն հատկապես նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին վաղուց են ճանաչում, շատ լավ հասկանում են, որ երբ նա բոլորին նույն բանն է խոստանում, ապա առնվազն նրանց մի մասին հաստատ «քցելու» է: Տարիներ շարունակ իշխանության միջանցքներում դեգերող եւ իշխանական կերակրամանից իրենց մասնաբաժինը ստացող ԱԺ-ի կոճակ սեղմող գործարարները լավ գիտակցում են, որ եթե սովորաբար տարբեր կուսակցություններով խորհրդարան մտածներին եւս Սերժ Սարգսյանը խոստացել է մանդատով ապահովել, ապա դա կարող է տեղի ունենալ հենց իրենց մանդատների հաշվին: Այլ կերպ ասած՝ բոլորը գիտեն, որ իրենց մի մասն է միայն «ընտրյալների» շարքում տեղ զբաղեցնելու: Բայց ինչպես, ինչ սկզբունքներով են որոշվելու, թե ովքեր են «ընտրյալները»: Հենց այս հարցն են երկար ժամանակ փորձում իրենց համար պարզել գործարար պատգամավորները:
Իհարկե, այդ խնդիրը այժմ նրանց չէր հուզի, եթե առջեւում սահմանադրական հանրաքվեն չլիներ: Նրանք բոլորը շատ լավ հասկանում են, թե իրենցից ինչ է ակնկալում Սերժ Սարգսյանը՝ փող եւ էլի փող, շատ փող՝ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ծախսերի, ՀՀԿ-ական քարոզիչների գործունեությունը ֆինանսավորելու համար: Բայց գործարար պատգամավորները չեն կարող հենց այնպես գումարներ ծախսել, նրանք պետք է վստահ լինեն, որ ապագա խորհրդարանում իրենք անպայման լինելու են: Հակառակ դեպքում սահմանադրական հանրաքվեի համար գումար հատկացնելը նրանց համար կարող է դառնալ չարդարացված «ներդրում»:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին գիտակցելով, որ եթե ժամանակից շուտ իր խաղաքարտերը բացի, ապա «քցված» գործարար-պատգամավորները կարող են իր դեմ գործել: Ի վերջո, գործարար-պատգամավորների համար միեւնույն է՝ կառավարման համակարգը նախագահական է, թե խորհրդարանական: Նրանց համար կարեւորն այն է, որ իրենք վայելեն իշխանական բուրգի գլխին կանգնածի բարեհաճությունը: Կլինի Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, նրանց համար առանձնապես էական չէ: Բայց եթե համոզված լինեն, որ Սերժ Սարգսյանն իրենց «քցելու» է, եւ իրենք ապագա խորհրդարանում չեն լինելու, ապա շատ արագ կգցվեն Ռոբերտ Քոչարյանի գիրկը: Վերջինս դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք փակում են իշխանության վերադարձի նրա ճանապարհները, որոնք ուղղված են դեպի նախագահական աթոռը: Այլեւս ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման դեպքում Ռոբերտ Քոչարյանը փաստացի կհայտնվի խաղից դուրս վիճակում:
Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը եւս, շատ լավ ճանաչելով իր «հաճախորդներին», գիտի, որ գործարար-պատգամավորներն անորոշության պայմաններում չեն համարձակվի իր դեմ գործել՝ հույս ունենալով, որ մի գուցե «շեֆի» ընտրությունը հենց իրենց վրա կանգ առնի: Ու ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը թերեւս պետք է փորձի գործարար-պատգամավորներին համոզել, որ նրանց բոլորի վաղվա ճակատագիրը կախված է նրանից, թե իրենց ինչպես կդրսեւորեն սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Ուստի առավել հավանական է, որ գործարար-պատգամավորները մի որոշ ժամանակ կնեղվեն, կնվնվան, բայց վերջում կանեն այն, ինչ իրենց կասի Սերժ Սարգսյանը, քանի որ իրենք են ընտրել այլընտրանք չունեցող այդ ճանապարհը: Ավելին` կծախսեն իրենց գումարները` հանրաքվեն անցկացնելու համար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՕԵԿ-ը հայտարարում է, թե իր նախաձեռնած «Ազգային վերածնունդ» միավորմանն ինչ-որ քաղաքական ուժեր եւ հասարակական կազմակերպություններ են միանում, եւ արդեն նրանց թիվը հասել է 140-ի: Իսկապես պատկառելի թիվ է, եւ Արթուր Բաղդասարյանն էլ իրեն հռչակել է «Ազգային վերածնունդ»-ի առաջնորդ: Իսկ քանի՞ հասարակական կազմակերպություն կա Հայաստանում, որոնցից մոտ 140-ը միացել են ՕԵԿ-ին: «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից պարզեց, որ այսօր Հայաստանում կա գրացված եւ գործող 4317 հասարական կազմակերպություն: Դե իհարկե, 4317-ից կարող են մեկուկես հարյուրն էլ միանալ ՕԵԿ-ին: Ինչու ոչ. միեւնույն է՝ նրանց մեծ մասը միայն անունով է ՀԿ:
ԽԱՂՈՂԸ ԿԿՈՐՉԻ
Նախօրեին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարվել է, որ ադրբեջանական գնդակոծությունների պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 25-30 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվի: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գնդակոծվող խաղողի այգիները գտնվում են գյուղի «Ուռի հողեր» կոչվող տարածքում: Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել 150 տոննա խաղող: Այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածները իրենց բերքը պետք է հանձնեին Իջեւանի, Այգեպարի եւ Դեբեդավանի գործարաններ: Գյուղապետն ասաց, որ «Ուռի հողերում», խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, իսկ սեպտեմբերի 17-ին էլ նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից լուրջ վնասվել է: Այսինքն` ադրբեջանցիներն իրենց գնդակոծություններով չեն թողնում գյուղացիներն իրենց բերքը հավաքեն: Սպանում են:
ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
2014 թվականի դեկտեմբերին, երբ ծեծի էին ենթարկվել ազատամարտիներ Մանվել Եղիզարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը, ԱԺ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն օր ու գիշեր տուն չէր գնում: «Չի կարելի երկրի արժեքների վրա ձեռք բարձրացնել, սա առնվազն դավաճանություն է: Դավաճանություն սրբության եւ արժեքների վրա: Նման արարք կատարողները չեն գիտակցում, որ ձեռք են բարձրացնում այն տղաների վրա, ովքեր պաշտպանել են նրանց ու նրանց ընտանիքներին: Ես այդ տեսակ մարդկանց չեմ կարողանում համեմատել ուրիշների հետ, քան այսօրվա Նաիրի Հունանյան կարող եմ կոչել»,- հայտարարել էր Գասպարյանը: Մի քանի օր առաջ դաժան ծեծի է ենթարկվել նաեւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, սակայն Գասպարյանը ոչ միայն նրա կողքին չէ, այլ նաեւ որեւէ կերպ չի արձագանքել: Ուր է անհետացել Գասպարյանը, «Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ փորձում է պարզել նրանից, սակայն ապարդյուն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞
Armlur.am-ի տեղեկություններով` երեկ՝ վաղ առավոտյան, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում իր տան բակի ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 38-ամյա Էդգար Միքայելյանի դին: Միքայելյանը ավելի քան 5 տարի առաջ եղել է ԿԳՆ «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ի շտաբի նախկին պետ եւ այս օրերին գտնվում էր դատական պրոցեսների մեջ: Մեկ տարի առաջ Միքայելյանը մեղադրվում էր ոմն Մարտիրոս Աղայանի հետ ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դատարանը վճռել էր նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: Կայքի հետ զրույցում Էդգար Միքայելյանի պաշտպան Թադեւոս Առաքելյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը, բավականին երկար ժամանակ մնալով անազատության մեջ, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել: Պաշտպանը նաեւ հայտնել է, որ Միքայելյանի հետ կապված եւս մեկ գործ կա հարուցված, սակայն հրաժարվել է մանրամասնել:
ՍԱՀՄԱՆԸ ՏԵՍԱՆԿԱՐԵԼ
ԱՄՆ կոնգրեսի անդամներ Էդ Ռոյսը եւ Էլիոթ Ինգըլը նամակով դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկությունը:
Ամերիկացի կոնգրեսականներն առաջին հերթին առաջարկում են հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին, ապա կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետեւող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, ինչպես նաեւ նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն եւ կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը: Նրանք արդեն իսկ Կապիտոլիումում ստորագրահավաք են նախաձեռնել` կոչ անելով գործընկերներին եւս միանալ Ջեյմս Ուորլիքին ուղղված այս նամակին:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Սիանում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ:
ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությանը: Նա շրջայց է կատարել նորաբաց ուսումնական հաստատությունում, ծանոթացել պայմաններին, ուսումնական ծրագրերին ու դասավանդման մեթոդաբանությանը: Դիլիջանի կենտրոնական դպրոցն ստեղծվել է 2013 թվականին, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանի մինչեւ 160 աշակերտի համար:
ՇՔԱՆՇԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ, ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ: Քննարկվել է փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում Յու. Չայկան Ա. Հովսեփյանին է հանձնել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանը՝ կոորդինացիոն խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։
ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍՊԱՆԴ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով նախօրեին զոհվել են Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի երկու բնակիչ, կան նաեւ վիրավորներ: Զոհվածները կանայք են՝ 1921թ-ին եւ 1974թ-ին ծնված, իսկ վիրավորները տղամարդիկ են: Պառավաքարում էլ հակառակորդի կրակոցից 70-ամյա տղամարդ է զոհվել: