Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ մոտ 4 ժամ քննարկել է իրենց կողմից ներկայացված առաջարկները: Սակայն դատելով ստեղծված իրավիճակից՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները ՓՊ աշխատանքային խմբի ոչ բոլոր առաջարկներն են ընդունել, ուստի չի բացառվում, որ ՓՊ առաջիկայում հանդես գա հայտարարությամբ:
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 15-ին խորհրդարանում մեկնարկեց նոր սահմանադրության նախագծի քննարկումը, իսկ, ահա, հոկտեմբերի 5-ին, ըստ նախնական տեղեկությունների, նախատեսված է նախագծի քվեարկությունը ԱԺ-ում: «Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ ՀՀ փաստաբանների պալատը սահմանադրական փոփոխությունների հարցով ստեղծել էր աշխատանքային խումբ, որոնք քննարկել են նախագծով առաջարկված փոփոխությունները: Արդյունքում, օգոստոսի 31-ին ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանձնաժողովի անդամներին է ներկայացրել իրենց դատողությունները եւ առկա բացթողումների հետ կապված առաջարկները:
Ինչպես հայտնի է՝ առաջարկվող փոփոխությունների 164 հոդվածը դատավորների եւ դատարանների նախագահների նշանակման կարգի մասին է: ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը նշել էր, որ նոր Սահմանադրությամբ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների ընտրությունը, սահմանափակելով միայն մեկ անգամ, հետագայում գործնական խնդիրներ կարող է ստեղծել: Ըստ աշխատանքային խմբի դիտարկման՝ կարող է լինել իրավիճակ, որ բարձրագույն դատական խորհուրդը ստիպված լինի պալատի նախագահ նշանակել այնպիսի անձի, որը կազմակերպչական ունակություններ չունի: Ուստի աշխատանքային խումբը Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանձնաժողովի անդամներին առաջարկել է, որ առնվազն երկու անգամ թույլ տրվի վճռաբեկ դատարանի եւ պալատների նախագահներին պաշտոնավարել:
Առաջարկվող փոփոխությունների մեջ 163 հոդվածը, որը դատավորների կարգավիճակի մասին է, հստակ սահմանում է, որ դատավորները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Այս հոդվածի վերաբերյալ փաստաբանների աշխատանքային խումբն իր մեկնաբանությունն է ներկայացրել` գտնելով, որ անհրաժեշտ է սահմանել նաեւ դատավորների կուսակցությանն անդամակցելու արգելքը եւ դրա համար անհրաժեշտ արգելք հանդիսացող սահմանադրական երաշխիքներ ստեղծել: Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը առաջարկել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, որ փոփոխության մեջ նշվի նաեւ դատավորը, եւ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ կամ լինել կուսակցության անդամ:
Անցել է մոտ մեկ ամիս, եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից պարզել, թե ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդամները ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի ո՞ր առաջարկներն ընդունեցին կամ մերժեցին:
-Պարո՛ն Զոհրաբյան, ինչպես հայտնի է` օգոստոսի 31-ին ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբն իր մասնագիտական կարծիքն ու առաջարկներն էր ներկայացրել ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին: Նախ իրավական տեսանկյունից՝ ինչպե՞ս կգնահատեք հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթուղթը:
-Ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքն ամփոփված է փաստաբանների պալատի աշխատանքային խմբի գրավոր կարծիքում, եւ այն մեկ խոսքով չի կարելի բնութագրել: Կան ե՛ւ դրական, ե՛ւ խնդրահարույց լուծումներ:
-Խնդրում ենք հայտնել, թե կոնկրետ Ձեր ներկայացրած առաջարկներից հանձնաժողովը ո՞րն է մերժել եւ ի՞նչ հիմնավորմամբ:
-Սեպտեմբերի 24-ին հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են փաստաբանների պալատի աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունները: Քննարկումը տեւել է մոտ չորս ժամ: Թե կոնկրետ որ առաջարկներն են ընդունելի, իսկ որոնք ոչ, կիմանանք մոտ ապագայում:
-Փաստաբանների պալատի աշխատանքային խումբն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, որ փոփոխության մեջ նշվի նաեւ, որ դատավորը եւ Սահմանադրական դատարանի դատավորը չեն կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ կամ լինել կուսակցության անդամ: Արդյո՞ք Ձեր այս առաջարկն ընդունվել է հանձնաժողովի կողմից:
-Բոլոր դեպքերում պնդել ենք մեր մտահոգությունները եւ առաջարկությունները: Հանձնաժողովը փաստաբանների պալատի ներկայացուցիչներին լսել է եւ հետագայում կանդրադառնա բերված փաստարկներին:
Այսպիսով, Արա Զոհրաբյանը դեռեւս չգաղտնազերծեց մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՀԵՏ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով: Վերջինս պարտքեր է ունեցել, եւ երբ զանգահարել են՝ պարտքն ուզելու համար, Հակոբյանը հայհոյել է զանգահարողի մորը, ինչն էլ պատճառ է դարձել դաժան հաշվեհարդարի:
Եւ այն ազատամարտիկները, որոնք համառ ջանքերով տեղի ունեցածը համարում էին քաղաքական հաշվեհարդար, այս քանի օրն «անհետացել» են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս հավաքվել են իրար «գլխի», քննարկել են տեղի ունեցածը, իմացել՝ ով եւ ինչի համար են ծեծել ազատամարտիկին, այդ իսկ պատճառով ձայն չեն հանում:
Երեկ «Ժողովուրդ»-ին վերջապես հաջողվեց կապ հաստատել ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, Դուք տեղյա՞կ եք՝ իրականում ինչի համար են ծեծել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:
-Ես գիտեմ, որ քաղաղաքական դաշտ տեղափոխվելուց հետո են խոսակցությունները լինում: Ասում է՝ միշտ զգուշացրել են, որ հեռու մնա, ծեծել են: Մեզ ինչի համար էին քաշքշում՝ ինձ, «Արաբոյի» Մանվելին, կամ հետո Սուրիկին ծեծեցին, հետո պատգամավորի են ծեծում: Ամբողջ խնդիրը մեր քաղաքական կեցվածքի համար է: Այսինքն՝ մենք որ հանդուրժեցինք, հանդուրժելու արդյունքը սա է: Շարունակությունը տեսնում ենք: Ինչ դաշտ փորձեն տանել, մենք հասկանում ենք: Բնական է՝ մարդուն ամեն ինչ անում են քաղաքական կեցվածքի համար:
-Ինչո՞ւ է Սմբատ Հակոբյանն այժմ հրաժարվում Ռուբեն Հայրապետյանի անունը տալ:
-Այդ մարդը միշտ էլ ասել է՝ Տիգրան կոչեցյալին ինքը տեսել է այդ մարդու թիկնազորում: Ինքը դրանից, հաստատ գիտեմ, որ չի հրաժարվում, որովհետեւ այդ մարդն ասում է՝ նրան է տեսել: Ուրիշ խնդիր է, որ ուրիշ Տիգրան են բերել, ներկայացրել: Հիմա այդ մարդը ասում է՝ իմ տեսած Տիգրանը չէ, ում մասին եղել է խոսքը:
-Տեղեկություններ կան, որ Ս. Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով, քանի որ նա հայհոյել է:
-Ում հայհոյել են, թող այդ մարդը հայտարարի, որ ինձ հայհոյել են, ես էլ ծեծել եմ: Այդ հայհոյողը որ չի երեւում: Ով որ հայհոյելու մասին ասել է, իրան հարցրեք:
-Պարո՛ն Պետրոսյան, մի քանի օր է՝ փորձում էինք զրուցել Ձեզ հետ, սակայն մեզ չէր հաջողվում: Արդյո՞ք այս թեմայից էիք խուսափում: Ինչո՞ւ էիք «անհետացել»:
-Մենք ապրել ենք, աշխատել ենք ու ամեն ինչ արել ենք մեր երկրի համար: Եթե շատ դեպքերում հանդուրժել ենք, էլի մեր երկրի հանդեպ ունեցած սիրուց ենք հանդուրժել: Ինչ վերաբերում է չհանդիպել կամ այդ պահին չպատասխանելուն, մարդ ենք, մենք էլ հանդիպումներ ունենք, երեկ վատառողջ վիճակում եմ եղել, օրվա երկրորդ կեսը տանն եմ եղել: Հիմա Դուք չեք կարողացել կապվել, չի նշանակում, որ մենք թաքնվում ենք: Մենք որեւէ մեկից թաքնվելու չունենք, ոչ էլ վախենալու: Որեւէ մեկս որեւէ արարք չի հանդուրժելու: Մենք գործ ունենք քաղաքական վենդետայի հետ, մարդուն սպանելու փորձ են արել: Ինչ-որ հայհոյելու համար մարդուն սպանո՞ւմ են: Այստեղ սպանության փորձի մասին է: Ես իրավաբան չեմ, բայց իմ պատկերացումներով դա սպանության փորձ է:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿԸ ՄԵՐԺԵՑ ԱԻՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գործերը «լավ չեն»: Բանն այն է, որ վերջինս շուրջ մեկ տարի է, ինչ դատապարտյալներ էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար, սակայն փորձերն անցնում են ապարդյուն: Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պ. Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանը եւ նրա տան «կաֆելչիկներ» Ս. Հարությունյանը եւ Խ. Պողոսյանը:
Մահափորձից հետո Հայրիկյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան` պահանջելով ազատազրկվածերից բռնագանձել 41 միլիոն դրամ` իր առողջությանը վնաս հասցնելու հետեւանքները վերականգնելու համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայրիկյանի հայցը, սակայն էպոսագետի կինը բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռուզան Սեդրակյանի բողոքը եւ գործը կրկին ուղարկել էր առաջին ատյանի դատարան` նոր քննություն անցկացնելու համար: Սակայն Հայրիկյանը՝ «խիստ զայրանալով որոշումից, որ չի ստացվում միլիոնները ստանալ», ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վճռաբեկ դատարանում: Օգոստոսի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Պ. Հայրիկյանի բողոքը վարույթ չընդունեց: Հայրիկյանի միակ հույսը մնացել է Կենտրոն դատարանում հերթական անգամ նոր քննության արդյունքներին սպասելը: Իսկ կհաղթի՞ ԱԻՄ առաջնորդը Կենտրոն դատարանում, թե այս անգամ պարտվողի կարգավիճակում կհայտնվի` զրկվելով 41 միլիոն դրամից, ցույց կտա ժամանակը: Վ. Սեդրակյանի գույքը մինչ օրս շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ հարազատները լավատեսորեն են տրամադրված, որ Հայրիկյանը չի ստանա պահանջած գումարը:
ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՔՆՆՉԱԿԱՆ
ԳԱԱ-ի գիտաշխատող Ռուզան Մարգունին երեկ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին եւ հայտնել, որ անիմաստ է իրեն քննչական մարմին հրավիրելը, քանի որ հանցագործն արդեն լքել է երկիրը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քննիչ Գարիկ Ստեփանյանը տիկնոջը հայտնել է, որ դեռեւս ապացույց չկա, որ իր բնակարանից անհետացած գումարը տարել է հենց Վահան Մարտիրոսյանը:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Մարգունին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի մատնահետքերի մասով հերթական անգամ փորձաքննություն նշանակեն: Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի թիմակիցների կողմից ծեծի ենթարկվուց հետո Վ. Մարտիրոսյանը տեղափոխվել էր Մարգունու տուն: Իսկ ավելի ուշ կինը հայտնաբերել էր, որ իր բնակարանից գումար է անհետացել, եւ դիմել էր ոստիկանություն: ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 2-ին հարցաքննել էր ակտիվիստին եւ խափանման միջոց էր ընտրել ստորագրությունը` երկրից չբացակայելու մասին, սակայն Վահանը սեպտեմբերի 4-ին հասցրեց լքել Հայաստանը եւ ապաստան գտնել Ադրբեջանում: