ԱՅԳԵԶԱՐԴԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզում երկար տարիներ գործող Այգեզարդի գինու գործարանը ավելի քան մեկ տարի է, ինչ չի աշխատում: Այս ընկերությունը հիմնականում զբաղվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն գինու, կոնյակի արտահանմամբ, ներկայումս, սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով գործարանը գյուղացուց խաղող չի մթերում: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Այգեզարդի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Էդիկ Օրդոյանի հետ:

-Պարո՛ն Օրդոյան, Այգեզարդի գինու, կոնյակի գործարանն այս տարի խաղող մթերե՞լ է գյուղացուց:
-Մենք այս տարի չենք աշխատում: Եւ այս մասին մենք գյուղատնտեսության նախարարությանը տեղյակ ենք պահել՝ զգուշացնելով, որ մեր գործարանն այս տարի հնարավորություն չունի գյուղացուց խաղող մթերել:
-Ի՞նչն է պատճառը, ինչու գործարանը չի աշխատում:
-Զուտ ֆինանսական խնդիրներից է, որ ողջ տարին գործարանը ոչ մի տեսակի գործունեություն չի ծավալել: Գործարանի չաշխատելը կապված է նաեւ Ռուսաստանի շուկայում ստեղծված անկայունության, ֆինանսական, տնտեսական պայմանների փոփոխությունների հետ: Ընդհանրապես, այս տարի չենք աշխատել, դրա համար էլ ծանր վիճակում ենք հայտնվել:
-Իսկ ներքին շուկայում ընկերությունը երբեւէ իր արտադրանքն իրացրե՞լ է:
-Չէ, մենք երբեւէ ներքին շուկայում մեր արտադրանքը չենք իրացրել: Միայն՝ արտահանմամբ ենք զբաղվել եւ արտահանել ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն:
-Այս պահի դրությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ խնդիրները կարգավորելու համար: Ի վերջո, գործարանը կաշխատի՞, թե՞ ոչ:
-Փորձում ենք: Ուղղակի մի կողմից էլ Ռուսաստանում ստեղծված տնտեսական ճգնաժամը թույլ չի տալիս, որպեսզի կայուն համաձայնություն ձեռք բերենք այնտեղի գործընկերների հետ:
-Իսկ կոնկրետ ի՞նչ եք ձեռնարկում ընկերությունն այս վիճակից հանելու ուղղությամբ:
-Այդ վիճակից դուրս գալու համար ուղիներ ենք փնտրում:
-Աջակցության խնդրանքով ՀՀ Կառավարություն, մասնավորապես էկոնոմիկայի նախարարություն դիմե՞լ եք:
-Ի՞նչ աջակցություն ստանալու նպատակով դիմենք նշված պետական կառույցներին: Ինչ հնարավոր աջակցություն կա, պետական մակարդակով ցուցաբերվել է: Ուղղակի ընդհանուր իրավիճակն է այդպես, դրա համար էլ այս պատկերն է ստեղծվել:
-Բացի Ռուսաստանի Դաշնությունից՝ Ձեր արտադրանքն այլ երկիր չե՞ք փորձել արտահանել:
-Փորձել ենք, եվրոպական երկրներ ենք փորձել արտահանել: Հիմա էլ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, սակայն այս պահի դրությամբ լավ նորություն չկա: Դեռ չի ստացվում: Մենք փոքր ծավալներով ենք պատրաստ աշխատել, արտահանել, որովհետեւ եվրոպական շուկաների համար փոքր քանակներ են անհրաժեշտ, բայց դա էլ չի ստացվում:
-Ներկայումս ընկերությունը պահեստավորած արտադրանք ունի՞:
-Իհարկե, այս տարի խաղող չենք մթերել, բայց նախորդ տարիներին մեծ քանակությամբ մթերել էինք եւ ունենք պահեստավորված, չսպառված ապրանք:
-Եթե կա պահեստավորված արտադրանք, ապա ինչո՞ւ ներքին շուկայում չեք փորձում այն իրացնել:
-Ներքին շուկան շատ սահմանափակ է, եւ այնտեղ իրացում կազմակերպելն անհնար է: Ներքին շուկայի հնարավորությունները փոքր են: Մենք պետք է աշխատենք, որպեսզի մեր ընկերության բրենդը՝ կոնյակը, գինին, երկրից դուրս հանենք:
Հ.Գ. Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում գինու արտադրության ծավալները ավելացել են: Սա նշանակում է, որ խոշոր արտադրողներն իրենց դիրքերն էլ ավելի են ամրապնդել շուկայում: Եւ հենց սա է պատճառը, որ փոքր ձեռնարկատերերը չեն կարողանում ներքին շուկայում ապրանք սպառել եւ ընդլայնել իրենց ծավալները: Եթե գինու արտադրության ծավալների անկում արձանագրվեր, ապա պարզ կդառնար, որ փոքր ընկերությունների խնդիրներն են արտացոլվում ընդհանուր վիճակագրության մեջ: Իսկ, ահա, Հայաստանից դեպի ռուսական շուկա արտահանման ծավալները նվազել են: Նկատենք, որ ռուսական շուկան հայկական խմիչքների արտահանման հիմնական շուկան էր, իսկ այսօր տեղական ընկերությունները չեն արտահանում, նրանց մի մասն ուղղակի փորձում է իր շահույթի հաշվին շուկան պահել՝ չկորցնելու համար զբաղեցրած դիրքը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս