«Ես պետք է շարունակեմ ապրել այն բանի համար, որ մինչեւ էսօր դեռ ձեր մեջ ապրում է սերը հայ երգի նկատմամբ»,-հանդիսատեսին այս խոսքերն ուղղեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը` «Օֆելյա» ֆիլմի պրեմիերայի օրը` սեպտեմբերի 24-ին:
Ռեժիսոր Հայկ Վարդանյանի վավերագրական ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013թ.-ից ու ավարտվել վերջերս: Ֆիլմում հիմնականում հենց երգչուհին է պատմում իր անցած ուղու մասին, ինչպես նաեւ դուստրը` ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը:
«Մենք հայ ենք, հայ երգն ենք պաշտում, ուրեմն պիտի պաշտենք մինչեւ վերջ, աշխատեք ձեր բալիկների մեջ ավելի շատ սերմանել հայկական ժողովրդական, գուսանական երգերի, կոմիտասյան երգերի հանդեպ սերը. ապրող երգերը սրանք են»,-ֆիլմի ավարտին ներկաներին դիմեց երգչուհին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց փոքրիկ ճեպազրույց ունենալ նրա հետ: Մենք խոսեցինք նրա նվիրական ցանկությունների մասին:
-Տիկի՛ն Օֆելյա, այս պահին ի՞նչ մեծ ցանկություն ունեք:
-Կուզենայի ավելի երիտասարդ լինել…
-Երկրի հետ կապված Ձեր ցանկությունը ո՞րն է:
-Որ պատերազմ չլինի, քաղցած մարդ չլինի, երջանիկ լինեն բոլորը, չքանան այդ պատերազմները…
-Ինչպիսի՞ երիտասարդություն կցանկանայիք տեսնել այսօր:
-Կուզենամ բոլորը տուն ունենան, ամուսնանան եւ սերունդ ունենան:
-Սփյուռքի հայրենակիցներին ի՞նչ կցանկանաք:
-Համբերություն…
-Իսկ մեր ղեկավարությանը, իշխանավորներին ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել…
-Իհարկե` բարեհամբույր, բարի, ժողովրդի մասին մտածող… Ինչպիսին որ կան… (ծիծաղում է):
Հավաքված ժողովուրդը «ձեռքից ձեռք էր խլում» տիկին Օֆելյային, ուստի մենք զրույցը շարունակեցինք ռեժիսորի եւ մյուս ներկաների հետ:
Հայկ Վարդանյանին հարցրինք` արդյո՞ք շատ կադրեր են դուրս մնացել ֆիլմից, ու ամենամեծ դժվարությամբ եւ հուզմունքով ինչի մասին է խոսել երգչուհին. «Մոտավորապես 18 ժամ տեւողությամբ նյութ ունենք, սակայն օգտագործել ենք 55 րոպեն, գուցե ֆիլմի կամ հաղորդման տեսքով մյուս մասը մի ուրիշ անգամ ներկայացնենք: Իհարկե, կային թեմաներ, որոնց մասին տիկին Օֆելյան դժվարությամբ էր խոսում, օրինակ` ամուսնական հարաբերությունների մասին»,-մանրամասնեց նա:
Ռեժիսորի խոսքով` ֆիլմը Հայաստանում դեռ չի ցուցադրվելու. բանակցություններ են տարվում, որպեսզի այն ցուցադրվի սփյուռքի տարբեր գաղթօջախներում, այնուհետեւ ֆիլմը «կշրջագայի» նաեւ Հայաստանում:
Հայ ժողովրդի մերօրյա լեգենդի մասին զրուցեցինք ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանի հետ, ով եւս ներկա էր դահլիճում. «Նրա մասին կարելի է անվերջ խոսել, բայց ես մի դեպք կպատմեմ, որը ցույց է տալիս, թե որքան մեծ ժողովրդականություն է վայելում Օֆելյա Համբարձումյանը: Մի քանի տարի առաջ մեզ երկուսիս հրավիրեցին Փարիզ, մենք էլ ֆրանսերեն չգիտեինք, չէինք կարողանում հասնել այնտեղ, որտեղ հարկավոր էր: Հանկարծ մեզ մոտեցավ մի զույգ, այդ մարդկանցից ոչ մեկ Օֆելյային չէին տեսել բեմի վրա, միայն լուսանկարներով եւ երգերով գիտեին, որ մեզ տեսան, այնքան ուրախացան, նախ լուսանկարվեցին Օֆելյայի հետ, հետո տարան այնտեղ, որտեղ հարկավոր էր: Այդպիսով` Օֆելյայի ճանաչված լինելու շնորհիվ մենք օտար ափին էլ դուրս եկանք այդ դժվարին իրավիճակից»,-պատմեց նա:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Օֆելյա Համբարձումյանի ֆենոմենը նրա սերն է, իսկ դա տիեզերքի ամենամեծ ուժն է. «Նրա ֆենոմենը իր սերն է` ուղղված հողին, երկրին, երգին, մարդկանց, մեծ հոգի է ինքը բաշխել, միայն որ մտածում ես, թե ինչպես է ծերունազարդ Իսահակյանի հոգին տաքացրել կամ երիտասարդ Համո Սահյանի ջահելության տարիներին նրան սեր փոխանցել, հասկանում ես, որ մեծ մարդ է Օֆելյան…»:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ «MISS EARTH»-ԻՆ
«Miss Earth» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանն առաջին անգամ կներկայացնի «Թոփ մոդել Հայաստան-2015»-ի հաղթող Լիլիթ Մարտիրոսյանը: Հայ գեղեցկուհու լուսանկարն արդեն տեղադրվել է մրցույթի կայքում:
Լիլիթը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ «Miss Earth»-ը «Miss World»-ի եւ «Miss Universe»-ի հետ համարվում է աշխարհի երեք խոշորագույն գեղեցկության մրցույթներից, որոնց Հայաստանը երբեւէ չի մասնակցել: «Շատ ուրախ եմ, որ դեբյուտը վստահվել է հենց ինձ: «Miss Earth»-ի վրա ես ծախսելու եմ իմ ամբողջ եռանդը, այնտեղ, բացի արտաքին գրավչությունից, շատ կարեւորվում է տաղանդ ունենալու հանգամանքը, մրցույթի ընթացքում լինելու են համարներ, որոնց միջոցով բացահայտվելու է, թե որքան է շնորհալի մասնակիցը: Քանի որ ես նկարում եմ, գրում եմ ու նաեւ երգում, կստեղծենք մի այնպիսի համար, որտեղ կերեւան իմ շնորհները: Սակայն ինչ համար էլ որ ստեղծենք, դրա միջոցով ես ներկայացնելու եմ Հայաստանը, հայկական մշակույթը»,-ընդգծեց գեղեցկուհին:
Մեր այն դիտարկմանը, որ «Miss Earth»-ը առաջին կարգի մրցույթների շարքում համարվում է ռեկորդային մասնակիցների մեծ թվի շնորհիվ, եւ այն հարցին, թե արդյոք այդ հանգամանքը պարտավորեցնող չէ, Լիլիթը պատասխանեց. «Ինձ համար այդպես ավելի հաճելի կլինի. ես կունենամ ռեկորդային թվով ընկերներ: Եթե մասնակիցների թվում կա այն արժանին, ով պետք է հաղթի, 100 հոգի լինենք, թե 1000, մեր միջից հաստատ կնկատեն նրան»:
Մենք նաեւ հարցրինք` կա արդյոք պրոֆեսիոնալ թիմ, որն օգնում է Լիլիթին նախապատրաստվել այս բարդ մրցույթին. «Թիմի մասին դեռ չեմ կարող խոսել, բայց իմ կողքին է դիզայներ Գայանե Մարտիրոսյանը, ով զբաղվելու է իմ բեմական հագուստներով: Նա հատուկ մրցույթի համար արդեն շատ նոր մտքեր ունի: Բայց, օրինակ, տաղանդը բացահայտող համարի հետ կապված դեռ չեմ գտել մարդիկ, ովքեր կօգնեն ինձ. կարելի է ասել` ընտանիքս է ինձ օգնում այդ հարցում»:
Լիլիթը նաեւ ուրախությամբ տեղեկացրեց, որ վերջերս կայացած «Top Model of the World» մրցույթի շրջանակներում ինքը մի քանի նոր առաջարկ է ստացել: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, մոդելը դեռ չմանրամասնեց` հայտնելով միայն, որ առաջարկները վերաբերում են միջազգային ասպարեզում քայլեր անելուն:
Հիշեցնենք, որ այս տարի «Miss Earth» մրցույթն անցկացվելու է Ավստրիայում, նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 5-ը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿԸՆՏՐԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ
«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը մասնակցում է woman.ru կայքի հայտարարած մրցույթին եւ հաղթելու դեպքում հատուկ մրցանակ կստանա: Կայքն օնլայն քվեարկություն է սկսել, որի արդյունքում ընթերցողները կորոշեն «Նոր ալիք»-ի այս տարվա լավագույն արտիստին: woman.ru-ում հնարավոր է քվեարկել նաեւ Հայաստանի ներկայացուցչի օգտին: Այս պահին Գրիգոր Կյոկչյանն ունի 1600-ից ավել ձայն:
Հիշեցնենք, որ woman.ru կայքը նախորդ տարի հատուկ մրցանակ էր շնորհել «Նոր ալիք-2014»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանին: Կայքի ընթերցողները հենց նրան էին համարել մրցույթի լավագույն արտիստ:
ՆՈՐ ԱՆՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվել է ձեռք բերել 1915թ. արված անհայտ լուսանկարի բնօրինակը:
Նա նշել է, որ լուսանկարում Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթեւան հայ որբերն ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներն են:
«Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը: Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում: Հիրավի, լուսանկարչական բացառիկ մի նմուշ` Ցեղասպանության հետեւանքների տեսարանով»,-գրել է Հայկ Դեմոյանը:
ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹԵՄԱ
«How to win at checkers (every time)» ֆիլմը, որը ներկայացվելու է «Օսկար 2016-ին», պատմում է նույնասեռական ընտանիքի մասին։ Թաիլանդական արտադրության այս ֆիլմը առաջադրվելու է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտում է ABC News-ը։
Ֆիլմում գլխավոր հերոս 11-ամյա Ջոշ Կիմին մեծացնում ու դաստիարակում է իր նույնասեռական եղբայրը։
«Այս ֆիլմը պատմում է այն թեմաներից, որոնց մասին Թաիլանդում չեն բարձրաձայնում»,- ասել է Թաիլանդի կինոյի ազգային ֆեդերացիայի քարտուղար Վիրասակ Կովսուրատը։
Թաիլանդում ֆիլմը վարձույթում հայտնվել է հուլիսից։