ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ մտցնելու անհրաժեշտություն չկա. Յուրի Խաչատուրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու կարիք չկա, քանի որ հայկական զինված ուժերը կարողանում են զսպել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Այս մասին ՀԱՊԿ «Անխախտելի
եղբայրություն 2015» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-­գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, գյուղերում, դիրքերում, թիկունքում, ինչի արդյունքում զոհվել են քաղաքացիական անմեղ անձինք: Մենք համարժեք պատասխան ենք տվել, ինչի արդյունքում նրանք լուրջ կորուստներ ունեն: Ի տարբերություն Ադրբեջանի, մենք գյուղերի խաղաղ բնակիչների վրա չենք կրակում»,­ – ընդգծեց Խաչատուրովը:

Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում են բնակիչների հետ, հայտնում են ձեռնարկվող միջոցառումների մասին` ընդգծելով, որ շատ դժվար է հասարակությանը բացատրել, թե ինչու են զոհվում խաղաղ բնակիչները: Խաչատուրովը նկատեց, որ միջադեպերն ամբողջությամբ կանխել հնարավոր չէ, քանի որ հակառակորդը մեծացրել է զենքերի տրամաչափը և ականանետեր է կիրառում:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հատուկ ընդգծեց, որ հայկական կողմն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, ներդնել
հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է։




Լրահոս