ԽՈՍՏԱՑԵԼ Է ԼԻՆԵԼ «ՌԱՅԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ նրա հետ նախագահականում ֆոտոսեսիաներին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների զրույցների մանրամասներն այդպես էլ չհրապարակվեցին: Նրանք նաեւ չտվեցին իրենց համաձայնությունը՝ այո-ն, սահմանադրական փոփոխություններին: Եւ այս մոտեցումն ինքնին հասկանալի է:

Ի վերջո, նախագահական գնացած կուսակցությունները չեն կարող պատմել, թե ինչպես են իրենց ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից երաշխիքներ կորզել, կամ ինչ խոստումներ է նա իրենց տվել: Հրապարակային «գաղտնազերծումներն» իրենց բնույթով Սերժ Սարգսյանի կողմից կարող են ընկալվել որպես դիմացինի կողմից «անպարկեշտ» վարքի դրսեւորում՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի ֆոտոսեսիայի մասնակիցները նախընտրում են Սերժ Սարգսյանի հետ իրենց զրույցների բովանդակությունը ներկայացնել «մասնավոր զրույցի» ֆորմատով: Մասնավորապես, «լուսանկարվածները» «Ժողովուրդ»-ի հետ ամենատարբեր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իրենց հավաստիացրել է, որ սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց եւ կառավարման համակարգը փոխելուց հետո ինքը չի պատրաստվում ոչ մի պաշտոն զբաղեցնել: Մասնավորապես, նա մեկ անգամ արդեն հայտարարել է, որ կառավարման համակարգի փոխվելուց հետո ինքը չի պատրաստվում զբաղեցնել ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի պաշտոնը: Իր հետ հանդիպման գնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին Սարգսյանը հավաստիացրել է նաեւ, որ ՀՀ ԱԺ նախագահը եւս չի ցանկանում դառնալ եւ, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ այլեւս կլրանա նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը, ինքը բացառապես լինելու է միայն ՀՀԿ նախագահ:
Սակայն մյուս կողմից նա նախագահական գնացած բոլոր ուժերին հասկացրել է, որ ոչ մեկն էլ չի մոռացվի, եւ բոլորն էլ իշխանական համակարգում ինչ-որ գործ կստանան: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն առանձնապես չի թաքցրել, որ ինքը ցանկանում է իշխանական համակարգը դարձնել այնպիսին, ինչպիսին այն եղել Խորհրդային Հայաստանի տարիներին: Միայն մեկ տարբերությամբ, որ Խորհրդային Հայաստանը հենց օրենքով միակուսակցական երկիր էր, որտեղ ողջ իշխանությունը պատկանում էր կոմունիստական կուսակցությանը եւ կար «պալիտբյուրո»: Իսկ Սերժ Սարգսյանի գծագրած տարբերակում, չնայած Հայաստանը դեյուրե կլինի բազմակուսակցական երկիր, սակայն փաստացի կլինի միակուսակցական, որտեղ կոմկուսի դերը կստանձնի ՀՀԿ, Սերժ Սարգսյանն էլ կլինի «ռայկոմի քարտուղարը»:
Ֆոտոսեսիային մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչներն առանձնապես չեն էլ թաքցնում, որ իրենք համոզված են, որ Սերժ Սարգսյանն առանց դժվարությունների ավարտին կհասցնի Սահմանադրությունը փոխելու գործընթացը: Իսկ դրանից հետո, ըստ նրանց, նա առանց խոչընդոտի 2017 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կձեւավորի, որից հետո Հայաստանը կրկին անգամ կթեւակոխի «պալիտբյուրոյի» կառավարման դարաշրջան: Հայաստանի քաղաքական կյանքի ներկա լճացած վիճակն հիմք ընդունելով՝ «լուսանկարվածները» չեն պատկերացնում, թե Սերժ Սարգսյանի ծրագրերն ինչպես կարող են տապալվել: Այսինքն՝ նրանք իրենք իրենց՝ որպես Սերժ Սարգսյանի ծրագրեր տապալողի չեն դիտարկում, ուստի բնական է, որ չեն էլ հավատում, թե ուրիշ ինչ-որ մեկը դա կարող է անել: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ հայաստանում այսօր եղած քաղաքական ուժերի մոտ 90 տոկոսը «թուլացել» եւ փորձում է «հաճույք ստանալ»:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ հենց այդպես էլ լինելու է, սակայն այսօր, վաղը եւ հետագայում բոլոր` մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունների բուն մեկնարկն ընկած վերլուծությունները, որքան էլ որ Հայաստանի քաղաքական կյանքում առկա վիճակով են պայմանավորված, միեւնույն է, մի շատ կարեւոր, նույնիսկ առանցքային բացթողում ունեն, դրանցում հաշվի չի առնվում, թե ինչպես իրեն կպահի ՀՀ քաղաքացին, կամ ինչպես սիրում են ասել քաղաքական գործիչները` ժողովուրդը: Բանն այն է, որ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել, որ մարդիկ այնքան զզված են ներկա քրեաօլիգարխիկ վարչակազմից, որ նրանք իշխանությունների նույնիսկ ամենաչնչին այլընտրանքի դեպքում փորձել են իրենց կյանքը փոխել, եւ իշխանությունները ստիպված են եղել հսկայական ռեսուրսների, մեծ ջանքերի եւ անգամ զոհերի գնով կանխել իշխանափոխությունը: Իսկ ինչ տեղի կունենա, եթե մարդիկ իսկապես փոփոխության լուրջ հնարավորություն տեսնեն: Այս հարցը առայժմ ընդամենը տեսական հարթությունից է, քանի որ դեռեւս չկա հաջորդ` անխուսափելի հարցի պատասխանը, թե ուր են այդ փոփոխություն առաջարկողները: Բայց, դե, ամեն ինչ իր ժամանակին է լինում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԷԼԻ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին չի հաջողվում ձեւավորել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն ցանկանում իրենց ներկայացուցիչն ունենալ այնտեղ` անիմաստ համարելով: Բանն այն է, որ այնտեղ «գերակշռում» են իշխող ՀՀԿ-ի պատգամավորները, դրա համար էլ մյուս խմբակցությունները չեն ցանկանում ձեւական անդամներ նշանակել: Արդյունքում մինչեւ այսօր հաշվիչ հանձնաժողովը ամբողջությամբ չի կազմավորվել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Աժ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց. «Դեռ չի ձեւավորվել հանձնաժողովը: Այժմ խմբակցություններից թեկնածուներ առաջարկելու փուլն է: Ոչ բոլորն են առաջադրել: ԱԺ նիստերի ընթացքում հարցին ԱԺ-ն կանդրադառնա»:

 

ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԱՆ ԵԽԽՎ-ՈՒՄ
Սեպտեմբերի 28-ին՝ եկող երկուշաբթի, կմեկնարկի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս անգամ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կմասնակցեն ԵԽԽՎ նստաշրջանին: Հայկական պատվիրակության անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել հանդես գալ հայտարարությամբ՝ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի ու զոհերի մասին: Պատվիրակության անդամ պատգամավորները նաեւ փորձելու են անհատական ելույթներով հանդես գալ: Ենթադրվում է, որ այս նստաշրջանը հայկական պատվիրակության համար առավել քան բարդ է լինելու, քանի որ կասկածից վեր է, որ ադրբեջանական պատվիրակությունը փորձելու է ԵԽԽՎ-ում շահարկել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի թեման:

 

ՀԾԿՀ-Ն ԿՏՈՒԳԱՆԻ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է սեպտեմբերի 30-ի նիստում 1 մլն դրամով տուգանել «Արատես Էներջի» ընկերությանը, որը շահագործում է «Նանե» ՓՀԷԿ-ը: Իսկ տուգանելու պատճառն այն է, որ այս տարվա մայիսին ՀԷԿ-ը գերազանցել է իր հաշվարկային հզորությունը: Մեկ այլ որոշմամբ էլ ՀԾԿՀ-ն պատրաստվում է կասեցնել «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ընկերության լիցենզիան: Ընկերությունը խախտել է լիցենզիայի պայմանները. 2 հիդրոագրեգատի փոխարեն տեղակայել է 3-ը: Սակայն ամենամեծ տուգանքը ՀԾԿՀ-ն կկիրառի «ՀայՌուսկոգեներացի» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 10 մլն դրամ, քանի որ այդ ձեռնարկությունը հրաժարվել է վերակնքել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքվող էլէներգիայի առքուվաճառքի պայմանագիրը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
Պարույր Հայրիկյանը ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից նամակ է գրել Սերժ Սարգսյանին` պահանջելով կասեցնել «հակասահմանադրական եւ ապօրինի ընթացակարգով իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը»։
Հայրիկյանը պահանջել է հետ կանչել նախագիծը Ազգային ժողովից, կազմակերպել ներկայացված այլընտրանքային «բացարձակ ժողովրդավարության» տարբերակի հրապարակային քննարկում, այն ներկայացնել համապատասխան միջազգային կառույցներին եւ միայն դրանից հետո ասպարեզում մնացած նախագիծը ներկայացնել Ազգային ժողով։ «Դուք պարտավոր եք հիշել, որ Տիրոջ կամքով Հայաստանը տեր ունի, եւ այդ տերը ոչ թե Դուք եք կամ որեւէ պաշտոնյա, այլ Հայաստանի ժողովուրդը», – հիշեցրել է Հայրիկյանը:

 

ՈՒԿՐԱԻՆԱ ՉԵՆ ԹՌՉԻ
Հոկտեմբերի 25-ից ռուսական ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ կատարել դեպի Ուկրաինա, որի պետական ավիացիոն ծառայությունը դիմել է ռուսական կազմակերպություններին՝ տեղեկացնելով, որ չի թույլատրի ինքնաթիռների վայրէջքը ուկրաինական տարածքում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել Պետրո Պորոշենկոյի կարգադրությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցների պատճառը Ղրիմի բռնակցումն է:

 

1 ՄԻԼԻՈՆ` ԵՄ-ԻՑ
Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները երեկ ստորագրել են փաստաթղթեր՝ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության վերաբերյալ: Եվրամիությունը Հայաստանի եւ Վրաստանի սահմանային շրջաններում սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով հատկացրել է ավելի քան 1 միլիոն եվրո: Ծրագիրն ընդգրկում է բավականին լայն շրջանակ, որը ներառում է վարչական շրջանները՝ սահմանի մոտ 200 կմ երկայնքով: Հայկական կողմից Լոռիի, Շիրակի եւ Տավուշի մարզերն են, վրացական կողմից՝ Քվեմո-Քարթլին եւՍամցխե-Ջավախեթին:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով կբարձրանան դատախազների աշխատավարձերը: Հիրավի, ներկայումս Կառավարությունն ընտրել է սոցիալապես «ամենախոցելի խմբին», ո՞վ չգիտի, թե Հայաստանում դատախազներն ինչ ծանր սոցիալական պայմաններում են ապրում:

 

ՄԱՍՆԱԿԻ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
Կառավարության որոշմամբ՝ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:

 

ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։ ԵԿՄ-ից նշում են, թե այնպես չէ, որ Մ. Գրիգորյանը չի վստահում սահմանին կանգնած զինվորին կամ պաշտպանական բանակին, ընդհակառակը, վստահում է եւ հպարտանում, սակայն այդ քայլով վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ բանակի եւ զինվորի կողքին են։




Լրահոս