ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում միանվագ վճարը եւ ինչ կարգով է վճարվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Միանվագ վճարը կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանվագ կերպով վճարելն է: Եթե մասնակցի կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի տեսքով:
Բացի վերը նշվածից, օրենքով սահմանված են կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի ձեւով ստանալու հետեւյալ հիմքերը՝
1. մասնակցի` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
2. մասնակցի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում,
3. մասնակցի մահվան դեպքում՝ հիմնական կենսաթոշակի 25-ապատիկի չափով կամ հիմնական կենսաթոշակի 25-ապատիկը չգերազանցող մասի չափով,
4. ՀՀ քաղաքացու՝ մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում,
5. Հայաստանում աշխատող օտարերկրացիների՝ իրենց մշտական բնակության վայր վերադառնալու դեպքում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` միանվագ վճարները սպասվածից լայն սոցիալական խմբերի են առնչվում, եւ վստահ ենք` սոցապ ծառայության ներկայացրած ցանկը կօգնի մեր հայրենակիցներին իրենց իրավունքների մասին տեղեկանալու հարցում: