«ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԻՐ ՏԵՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրու թատերական հրապարակում կայացավ «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: «Ոչ»-ի ճակատին անդամակցող ուժերից Գյումրիում էին Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ երեկվա հանրահավաքը բավականին մարդաշատ էր, եւ բանախոսների ելույթների ընթացքում հետզհետե մարդկանց թիվն էլ ավելի մեծացավ: Թատերական հրապարակում երեկ քիչ չէին նաեւ ոստիկանները, որոնք հսկողություն էին իրականացնում: Մինչ հանրահավաքը սկսելը, սակայն, պարզվեց, որ քաղաքային իշխանությունները հրահանգել են կտրել հոսանքը, ինչը, հանրահավաքի մասնակիցների գնահատմամբ, ամոթալի քայլ է, որը ցույց է տալիս իշխանությունների վախերի մակարդակը: Քիչ ավելի ուշ, սակայն, Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին պաշտոնապես հավաստիացրեցին, որ «հանրահավաքի կազմակերպիչների կողմից հանրահավաքի անցկացման համար էլեկտրաէներգիայի ապահովման հարց չի բարձրացվել: Կազմակերպիչներից ստացվել է իրազեկում, որում նրանք հայտնել են, որ իրենց կողմից հանրահավաքի կազմակերպման համար օգտագործվելու է շարժական էլեկտրագեներատոր: Բանախոսների կողմից արված հայտարարությունները միտված են աղմուկ բարձրացնելու իրենց հանրահավաքների շուրջ»,- եզրակացրել էին քաղաքապետարանում:
Բացի այս՝ երեկ տարօրինակ միջադեպ էր գրանցվել նաեւ ակտիվիստներին Գյումրի տեղափոխելիս, երբ «Գազել» մակնիշի վարորդը ինչ-որ խորհրդավոր հեռախոսազանգից հետո Ագարակ գյուղի մոտ հրաժարվել էր շարունակել ճանապարհը:
Ինչեւէ. երեկվա հանրահավաքում նախ ելույթ ունեցավ Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով հիշեցրեց, որ չնայած «ինչքան ուզենք-խփենք» հայտնի խոստմանը, իր ձեռքի տակ գտնվող բոլոր լծակների օգտագործման պարագայում անգամ Սերժ Սարգսյանը նախորդ նախագահական ընտրությունների ընթացքում կարողացավ ընդամենը 26 տոկոս «խփել», ուստի եթե այս անգամ էլ գյումրեցիները նույնքան թասիբով լինեն եւ իրենց ոչ-ը ասեն այս ազգակործան նախագծին, ապա Սերժ Սարգսյանի ծրագրերը կձախողվեն: «Իսկ եթե դա չանենք, ուրեմն Սերժիկին հալալ է, ուրեմն սաղով գնացեք «Գրին քարտի» հերթ կանգնեք ու հեռացեք էս երկրից»,- վրդովված ասաց նա:
Լեւոն Բարսեղյանի այս էմոցիոնալ ելույթին հաջորդեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը, ով նախ հարկ համարեց նշել, որ «բոլոր Լեւոնները լավ մարդիկ են», եւ որ դրանում ինքը համոզվեց նաեւ Լեւոն Բարսեղյանի ելույթից հետո: Ապա ՀԱԿ ներկայացուցիչը առաջադրեց «ինչ է այսօր կատարվում Հայաստանում» հարցը` տալով հետեւյալ պատասխանը. «Այսօր Հայաստանում ոչ մի անսովոր կամ տարօրինակ բան չի կատարվում: Ընդամենը Հայաստանի այսօրվա բռնապետը որոշել է երկարացնել իր իշխանությունը: Իհարկե, ինքը չարիք է դարձել այս երկրի համար ու որոշել է, որ սահմանադրությամբ իրեն տրված ժամկետը քիչ է, եւ որոշել է չգնալ ու իշխել Հայաստանի վրա»: Ընդգծելով, որ դրան ամեն գնով պետք է խանգարել, Զուրաբյանը նշեց, որ իրենք պատրաստ են անել այն ամենը, ինչ թույլ կտա քաղաքական իրավիճակը: «Բոլորս հարստացնելու ենք այս շարժման ընթացքը: Սա է պայքարի ամենաարդյունավետ ձեւը: Սա նշանակում է՝ այս հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի իշխանությանն անվստահություն հայտնելու հանրաքվեի»:
ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչը` Արամ Մանուկյանը, նախ ընդգծեց, որ միշտ Գյումրիում սիրո, հպարտության եւ արժանապատվության զգացումով է ելույթ ունենում, ապա փորձեց անեկդոտ պատմել. «Սերժ Սարգսյանը որոշում է բարեփոխել Հայաստանը, դարձնել դեմոկրատ, բոլորին վերադարձնել Հայաստան… չե՞ք հավատում: Էէէ, բա որ դուք չեք հավատում, Մարգոն (նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանին. խմբ), Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը ո՞նց են հավատում, չեք հարցրե՞լ, հավատացողներ կան, եւ Սերժի հույսը սրանք են: Խորհրդարան է, որտեղ եթե քծնանքի «Օսկար» լինի, բոլոր մրցանակները մեր խորհրդարանականները կտանեն», – նշեց նա` հավելելով, որ նման «օսկարակիներ» կան նաեւ Գյումրիում: Օրինակ` քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «Բալասանյանը վախեցավ, ուզում էի հանդիպել, թուքումուր տալ, հրահանգել է ոստիկաններին, եւ նրանք հոսանքը պոկեցին, ամոթ է, պարո՛ն ոստիկանապետ, պարո՛ն Բալասանյան, հո սա այսպես չի մնալու»:
Ինչպես միշտ սուր էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար զարուհի Փոստանջյանի խոսքը: Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում ասաց. «Այսօր Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձեց ցույց տալ մեզ, որ ժողովրդի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել գողությունը, խաբեբայությունը, բայց մենք իրեն ասում ենք ոչ, նաեւ ձեզ ենք ասում ոչ: Քո կրոնը մեզ հետ կապ չունի, այդ կրոնը մեր հասարակության մեջ չի ապրում, այդ կրոնը մեր հասարակության մեջ կորած է»: Փոստանջյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում բռնությամբ տապալել իշխանություններին, այլ այնպես պետք է անեն, որ նրանք սպիտակ դրոշ պարզեն եւ գան, հանձնվեն: «Միասնական գնում ենք տապալելու Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի գործունեությունը», – եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:
Սերժ Սարգսյանին էր ուղղված նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, ով ասաց. «Հիմա պետք է Սերժ Սարգսյանին ցույց տանք իր տեղը: Այստեղ թող ոչ մեկը կասկած չունենա, այսօրվա ցույցի երիտասարդները հրաշալի մարդիկ են, եւ մենք իրենց կողքին լինելու ենք մինչեւ հաղթանակ»:
Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները ներկաների հետ երթ անցկացրեցին: Նրանք շարժվեցին Գյումրիի թատերական հրապարակից եւ շրջելով փողոցներով` իրազեկեցին ներկաներին, որ հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 2-ին` Երեւանի Ազատության հրապարակում:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 
ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՈՐՈՇ Է
ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդան ցեմենտի գործարանի» ճակատագիրը դեռեւս մնում է անորոշ: Ներկայումս ընկերությունը չի աշխատում, սակայն ունի պահեստավորված արտադրանք: Ու ցեմենտի երբեմնի խոշոր արտադրող գործարանն այսօր փակման եզրին է: Պատճառը այս ընթացքում գործարանի կուտակած հսկայական պարտքերն են: Եւ չաշխատելու հետեւանքով հայտնվել է սնանկացման եզրին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս» ընկերությունը օգոստոսի 28-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան՝ «Հրազդան ցեմենտի գործարան»-ին սնանկ ճանաչելու պահանջով: «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս»-ը չեխական ընկերություն է, որին 18 մլն 520 հազար 806 դոլարին համարժեք դրամ պարտք է նաեւ ազգային նախկին ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:
«Հրազդան ցեմենտի գործարան»-ի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ արդեն երկու շաբաթ է, ինչ տարբեր ազգության մարդիկ են գալիս ցեմենտի գործարան, ներկայանում որպես գործարանի գնորդներ եւ պտտվում են տարածքով, զննում սարքավորումներն ու առանց որեւէ բան ասելու՝ հեռանում: Նրանց պատմելով՝ նույնիսկ մի գնորդի համար գործարանը մի քանի օր աշխատել է, որպեսզի վերջինս հաշվարկի՝ եկամտաբե՞ր է ցեմենտի գործարանը, թե՞ ոչ: Ի դեպ, գործարանի վաճառքի մասին տեղեկությունը ղեկավարությունը աշխատակիցներից չի թաքցնում: Սակայն այդպես էլ գործարանը գնորդներ չի գտնում:
Գործարանի աշխատակիցներից մեկի (անունը հարգելի պատճառներով չենք նշում) կարծիքով՝՝ գնորդները գործարանը չգնելու իրենց պատճառներն ունեն. «Գործարանի մեխանիկական մասը հին է, 30-ականների սարքավորումներ են, դրանք անմխիթար վիճակում են եւ ենթակա են փոփոխման»:
«Ժողովուրդ»-ը գործարանի որոշ աշխատակիցներից տեղեկացավ, որ այս տարվա մեջ ցեմենտի գործարանն աշխատել է ընդամենը 17 օր: Իսկ այդ օրերի արտադրված ցեմենտը պահեստավորված է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել: Խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, ապա դրանից էլ հրաժարվեց. «Այս պահին միայն կարող եմ ասել, որ գործարանում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Իսկ սնանկացման մասով ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
Իսկ, ահա, «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ընկերությունը դեռ ժամանակ ունի առարկություններ, ապացույցներ ներկայացնել, որ պարտք չունեն եւ չեն կարող սնանկ ճանաչվել: «Բոլոր ընկերություններն էլ պարտքեր ունեն, բայց դա չի նշանակում, որ կարող են սնանկ ճանաչվել»,- լրացրեց Չիտչյանը:
Այնուամենայնիվ, դեռ շարունակում է օդում կախված մնալ ցեմենտի գործարանի վերագործարկման հարցը: Այն սնանկ կճանաչվի, թե ոչ, առաջիկայում պարզ կդառնա: Չէ որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի էր հանել «Հրազդան ցեմենտի գործարանին» պատկանող մեծ քանակությամբ ցեմենտ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին Տավուշի սահմանագոտում կրկին լարված է: Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը գնդակոծեց եւ հրետակոծեց մարզի սահմանամերձ գյուղերը, եղան անմեղ զոհեր եւ վիրավորներ: Այս պայմաններում փոքր-ինչ անսովոր է տեսնել մի քանի օր շարունակվող ոստիկանական գործողությունները, երբ սահմանից հեռու, ավտոճանապարհներին ինքնաձիգներով զինված ոստիկանները հերթապահում են: Զինված ոստիկանները հերթապահություն են իրականացնում Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում, Հաղթանակ գյուղից ներքեւ, Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ձեռնարկության շենքի մոտ գտնվող խաչմերուկում եւ այլուր: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ այդ միջոցառումը կատարվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր` 6-րդ վարչության հետ համատեղ: Հավելենք, որ սեպտեմբերի 16-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում Արարատ Հարությունյանի տան վրա ավազակային հարձակման, այնտեղից շուրջ 4 միլիոն դրամի եւ ոսկեղենի հափշտակման դեպքը դեռ բացահայտված չէ: Ոստիկանական գործողությունները կարող են կապ ունենալ դրա հետ:

 

ԴԱՍԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվեցին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի 95-ամյա բնակիչ Շուշան Աստրյանը եւ 41-ամյա Սոնա Ռեւազյանը, իսկ Շուշան Աստրյանի դուստրը՝ 62-ամյա Արփիկ Մարալչյանը, եւ 43-ամյա Արմեն Հախվերդյանը բեկորային վնասվածքներ են ստացել: Բարեբախտաբար, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Բերդավանի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել: Բերդավանցիները սեպտեմբերի 24-ի գնդակոծության եւ հրետակոծության ժամանակ իրենց երեխաներին տեղափոխել են անվտանգ բնակավայրեր: Սեպտեմբերի 24-ի երեկոյան 2 արկ էր ընկել Նոյեմբերյան քաղաքի տարածքում: Բարեբախտաբար, դրանք մարդկանց կամ շինություններին վնաս չեն պատճառել: Սեպտեմբերի 25-ին Նոյեմբերյան քաղաքի ավագ եւ հիմնական դպրոցներում դասեր տեղի են ունցել, սակայն դասարաններում եղել են 10-15 աշակերտ: Այդ օրը դպրոցականների բացակայությունները մեծ են եղել հատկապես ցածր դասարաններում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս