ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԽԱԲՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած խաղողի մթերման հետ կապված Արարատի եւ Արմավիրի մարզում տիրող խայտառակ իրավիճակին, երեկ Կառավարության նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը դարձյալ վստահեցրել է, թե խաղողի մթերումը նորմալ ընթացքի մեջ է, եւ արդեն իսկ մթերվել է 80 հազար տոննա խաղող: Նա, իհարկե, խոսել է նաեւ դժվարությունների մասին` դա կապելով այս տարվա 30 տոկոսով ավել բերքի հետ: Նախարարը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք իրենք միայն երեկ են իմացել, որ այս տարի Հայաստանում խաղողի բերքն առատ է լինելու, իսկ եթե ոչ, ապա ինչպես էր նա մի քանի օր առաջ դարձյալ հավաստիացնում, թե ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա, եւ ինչ է մինչ օրս արել` դա թույլ չտալու համար:

Իրականում պատճառն այն է, որ մթերող կազմակերպությունների զգալի մասը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ չի կարողացել ամբողջությամբ իրացնել դեռ նախորդ տարվանից պահեստավորած արտադրանքը` Ռուսաստանի շուկայում տիրող անկայունության հետեւանքով: Այս մասին, սակայն, ԵՏՄ-ին անդամակցելը մեր գյուղատնտեսական վերելքի երաշխիք համարող Սերգո Կարապետյանը շատ չի ցանկանում բարձրաձայնել եւ մեղքը գցում է «առատ բերքի» վրա:
Եվ մինչ ՀՀ թիվ մեկ գյուղատնտեսը զբաղված է լեզվական էկվիլիբրիստիկայով, Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիները չգիտեն, թե ինչ են անելու իրենց աճեցրած խաղողի բերքը, քանի որ մթերող կազմակերպությունները հրաժարվում են այն ընդունել: Օրեր շարունակ մթերող գործարանների դռներին սպասող գյուղացիների համբերությունը երեկ հատել էր. Արարատի մարզի Նարեկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Վերին Արտաշատ եւ այլ գյուղերի բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով փակել էին միջպետական նշանակության ճանապարհը եւ բողոքի մեծ ակցիա անցկացրել:
Նրանք պահանջում են մթերել իրենց ունեցած խաղողը, սակայն վերամշակող ընկերությունները հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե գյուղացիների խաղողը վատորակ է: Բացի այս, եթե գյուղացին պայմանագիր ունի կնքած վերամշակող ընկերության հետ, ապա վերջինս ընդունում է միայն պայմանագրում նշված քանակությունը: Իսկ եթե գյուղացին պայմանագրում նշված քանակությունից ավել բերք է ունենում, ապա վերամշակող ընկերությունները հետ են ուղարկում: Երեկ խաղողագործներից շատերին հետ են ուղարկել տուն՝ հրաժարվելով մթերել պայմանագրում նշվածից ավել քանակությունը: Եվ սա այն դեպքում, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդամենը օրեր առաջ հայտարարեց, թե ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին խաղողի մթերումից բողոքող գյուղացիներին նույն դատարկ խոստումները տվեց նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա մասնավորապես խոստացավ, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը բոլոր գյուղացիների խաղողը կմթերի: «Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ ձեզ օգտակար լինել, ձեր մատից ինչ-որ փուշ հանել: Գործարանը խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, բայց հանձնարարել եմ սեպտեմբերի 21-ից ընդունել բերքը` կիլոգրամը 150 դրամով»,-գյուղացիների հետ հանդիպմանը հայտարարեց Ծառուկյանը: Սակայն, ինչպես պարզվեց հետագա օրերին, Ծառուկյանն էլ իր խոսքին տեր չկանգնեց:
Ստեղծված իրավիճակին ինչ-որ լուծում տալու նպատակով երեկ՝ օրվա վերջին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Արարատի մարզ եւ մարզպետարանում խորհրդակցություն անցկացրել: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` խորհրդակցության ժամանակ վարչապետը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:
Մինչ Արարատի մարզում լարված իրավիճակ է, այս ընթացքում նույն խնդրի առնչությամբ բողոքի ալիք է հասունանում նաեւ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: Այս գյուղի բնակիչ Համլետը, ով երկար տարիներ խաղողի մշակությամբ է զբաղվել, այսօր հայտնվել է աննախանձելի իրավիճակում: «Արդեն մի քանի օր է, ինչ նյարդային ապրումների մեջ եմ: Տոննաներով խաղող ունենք, բայց չեն մթերում: Ես հենց նոր գալիս եմ Սասունիկից, որտեղ գտնվում է «Արմենիա Վայն» ընկերությունը, վաղ առավոտյան գնացել էի Արմավիր: Էլ տեղ չկա, որ գնացած չլինեմ, բայց անարդյունք: Ոչ մի տեղ դրական պատասխան չեն տալիս»,- դժգոհեց Համլետը:
Առատաշենցի մեկ այլ խաղողագործ՝ Կարենը, նույնպես հայտնվել է անելանելի դրության մեջ. «Մենք նախորդ տարի խաղողի այգի ենք գնել, որը Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի 15 տարվա մատակարարն է եղել: Մինչ այգին վաճառելը, նախկին տերը նախորդ տարի նախապես այս տարվա համար պայմանագիր էր կնքել տվյալ ընկերության հետ: Բայց երբ գնում եմ, որ խաղող առաջարկեմ, հրաժարվում են մթերել՝ պատճառաբանելով, որ այգու սեփականատերերը փոխվել են: Արդյունքում տուժում ես, իսկ բերքն էլ փչանում է: Իմ աճեցրած խաղողը հատուկ մթերման համար է նախատեսված, եւ այն ներքին շուկայում չեմ կարող իրացնել»:
Խաղողագործի պնդմամբ՝ Ծառուկյանին պատկանող վերամշակող ընկերություններում, երբ տեսնում են, որ բեռնատարի մեջ լցված խաղողի մեկ հատիկն անգամ փչացած է, անմիջապես հրաժարվում են այն մթերելուց՝ հորդորելով տուն գնալ:
Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանի խոսքերով՝ այս իրավիճակում են հայտնվել Էջմիածնի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերի բնակիչները: Հիմնականում դժվարին կացության մեջ են այն խաղողագործները, ովքեր վերամշակող ընկերությունների հետ չունեն կնքած պայմանագրեր. «Թե չէ գյուղնախարարն ամեն օր խոստանում է, որ բոլոր ընկերություններն էլ խաղողը կմթերեն, իսկ թե այդ օրը երբ է գալու, հայտնի չէ»:
Խաղողի, վարունգի մթերման հարցն այսօր դարձել է օրակարգային խնդիր: Պատկան կառույցները պնդում են, որ ամեն ինչ ձեռնարկում են՝ այս խնդիրը կարգավորելու համար: Արդյունքը, սակայն, դեռ տեսանելի չէ: Օրինակ՝ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը կրկին անդրադարձել էր այս անգամ արդեն Առատաշենում վարունգի մթերման խնդրին: Մեզ հետ զրույցում գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանը խոստացել էր զբաղվել խնդրով: Առայժմ, սակայն, ոչ մի դրական արդյունք: Մինչդեռ առատաշենցիներն ամեն օր տոննաներով վարունգ են թափում:
Փաստորեն, ստացվում է, որ հայրենի Կառավարությունը, Սերգո Կարապետյանի նման գյուղնախարարի ջանքերով, ամեն կերպ նպաստում է, որ Հայաստանում գյուղերը դատարկվեն, որ ողջ տարին հողի հետ կռիվ տված եւ իրենց բերքը մթերող գործարանների դռանը թափած խեղճ գյուղացիները վերջնականապես զզվեն այս իրավիճակից ու իրենց հողերը թողնելով` արտագաղթեն Հայաստանից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
10 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
Իջեւանում կայացած Տավուշի մարզխորհրդի նիստի օրակարգի հարցերից մեկը մարզի համայնքների 2015թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների 8 ամսվա կատարողականի հաշվետվությունն էր, որը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը:
Նա նշեց, որ 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2089,9 միլիոն դրամ, որը 8 ամսվա կտրվածքով նախատեսվածի 97,8 տոկոսն է: Սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 392,5 միլիոն դրամ, կամ կատարվել է 8 ամսվա նախատեսված եկամուտների 86,7 տոկոսը: Ա. Բաբլումյանը ներկայացրեց առանձին հարկատեսակների գծով ամենացածր կատարողական ունեցող համայնքները: Հողի հարկի մասով ամենացածր կատարողականներ ունեն Հաղթանակը՝ 21,3 տոկոս, Պտղավանը՝ 21,7 տոկոս, Խաշթառակը՝ 22,7 տոկոս եւ այլն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Հաղթանակի եւ Պտղավանի գյուղապետեր Վահրամ Շարոյանին եւ Արայիկ Պարանյանին հարցրեց, թե ինչո՞ւ նրանց ղեկավարած համայնքապետարանները հողի հարկի հավաքագրման նման ցածր կատարողական ունեն: Նշված համայնքների ղեկավարները հավաստիացրեցին, որ հողի հարկի հավաքագրման առաջադրանքը կկատարեն:
Մարզպետը նրանց եւ ցածր կատարողական ունեցող մյուս համայնքների ղեկավարներին 10 օր ժամանակ տվեց` հողի հարկի կատարողականը նախատեսվածի 60 տոկոսին հասցնելու համար: Հ. Աբովյանը հայտարարեց, որ հողի հարկի հավաքագրման 60 տոկոս ցուցանիշ ունեցող համայնքապետերն էլ պետք է նշված ցուցանիշը այդ ժամկետում հասցնեն 80 տոկոսի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԺԱՄԿԵՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Կառավարության այսօրվա որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը:
Դա, Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հնարավորություն կտա հստակեցնել Հայաստանի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. «Նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն եւ ամբողջական, ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում»:
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստահեռարձակման անցնելու վերջնաժամկետ էր սահմանված 2016 թվականի հունվարի 1-ը:

 
ԿԱՍԿԱԾԵԼԻ է
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԷՑ-ի սպասվելիք վաճառքին, «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ մեր արդյունաբերական ապրանքների թողարկման մեջ էներգակիրները 50-60 տոկոսն են կազմում, եւ բնական է, որ էներգակիրների ցանկացած թանկացում բերում է ոչ մրցունակ ապրանքի արտադրության: Նրա խոսքով՝ պետք է սպասել մինչեւ աուդիտի ավարտը: Ըստ Սաֆարյանի՝ սպառողը պետք է իմանա` իր սպառած գումարն ուր է գնում, եւ դրա մի մասն ինչպիսի ներդրում է դառնում: Վերջինս նշել է, որ իրենք բազմիցս են ՀԷՑ-ի ղեկավարության ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, որ գյուղերում որակյալ հոսանք չեն վաճառում: «Այդ հսկայական գումարները, որոնք ծախսել են, ինչու դրանք ներդրումների վրա չեն անդրադարձել: Այս խնդիրները պետք է լուծել: Շատ կարեւոր էր ունենալ որակյալ աուդիտի կատարած աշխատանքի արդյունքները: Եթե մենք գնում ենք այդպիսի քայլերի՝ վաճառելով մեր սեփականությունը, ու ակնկալում ենք, որ ապագա սեփականատերը ներողամիտ, ողջախոհ կլինի ու մեր երկրի ներքին շահերից ելնելով` հոսանքի գին բարձրացնելու խնդիր չի առաջացնի, սխալվում ենք»,- եզրակացրել է Սաֆարյանը: Նա նաեւ ընդգծել է, որ իր համար կասկածելի է մնացել, թե ինչու Որոտանի երեք ՀԷԿ-երը վաճառվեցին:




Լրահոս