ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՊԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավել է՝ Հայաստանի հանրությունը սրտի թրթիռով հետեւում է սահմանից ստացվող լուրերին՝ հաճախ հույսը կապելով աշխարհի գերտերությունների ղեկավարների միջամտության հետ: Բայց հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությունը բավական երկար ժամանակ է՝ չի թուլանում: Այս ընթացքում՝ պատերազմի տարիներից հետո առաջին անգամ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտեց՝ հրթիռային կայաններ եւ խոշոր տրամաչափի հրանոթներ օգտագործելով: Արդյունքում, սահմանամերձ գյուղերում խաղաղ բնակչության շրջանում եւս զոհեր եղան, ինչպես նաեւ զոհեր եղան թիկունքի զորամասի հրթիռակոծության պատճառով: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանը միայն սեփական ուժերին կարող է ապավինել: Մեր փոխարեն ոչ ոք չի պաշտպանի մեր հայրենիքը եւ ոչ էլ մեզ համար լավ պետություն կկառուցի: Դրա համար պետք է ունենանք առավել հզոր ու մարտունակ բանակ: Իսկ այդպիսին ունենալու համար նախ պետք է հնարավորինս շուտ Հայաստանը դարձնենք իրապես զարգացող երկիր՝ հզոր տնտեսությամբ, եւ բարձրացնենք մեր մարտական ոգին: Վերջինի դեպքում, կարծես թե, առանձնապես խնդիրներ չունենք, հետեւապես մեր թիրախը պետք է լինի տնտեսությունը:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգեւատրել է տարբեր մեդալներով` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձեւակերպմամբ: Այլ կերպ ասած՝ բոլոր այն հայ գործարարները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար գումար են նվիրաբերել «քեշով», այսօր մեդալ ունեն: Ու անհասկանալի է մնում, թե ինչու մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը` աշխարհահռչակ ռեպեր Քանյե Ուեսթը: Վերջիններս, իհարկե, «քեշ» գումար չէին տվել, բայց նրանց շնորհիվ մոտ մեկ շաբաթ ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա: Նման քարոզչություն կազմակերպելու համար Հայաստանը տարբեր հաշվարկներով մոտ 300 մլն դոլար պետք է ծախսեր: Սերժ Թանկյանի եւ «System of A Down» խմբի մասին էլ չենք խոսում, նրանք եւս «քեշով» չեն աջակցել, հետեւաբար չունեն նաեւ մեդալ:

 

 

 
Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված երեկ՝ ողջ օրը, ՀՀ քննչական կոմիտեից եւ գլխավոր դատախազությունից պարբերաբար տեղեկատվական արտահոսքեր էին հայտնվում լրատվամիջոցներում: Ընդհանուր արտահոսքի թեման մեկն էր՝ Տիգրան Խաչատրյանը, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ, առաջիկայում ազատ կարձակվի: Տեղեկությունների արտահոսքերի միջոցով գերատեսչություններից յուրաքանչյուրը, փորձում էր առաջիկա խայտառակության մեղքը մյուսի վրա բարդել: «Ժողովուրդ»-ը դեռեւս օգոստոսի 11-ին գրել էր, որ մարզպետի որդու ազատման քաղաքական որոշումը վաղուց կայացվել է, եւ իրավապահներն ուղիներ են փնտրում՝ այն հնարավորինս անաղմուկ իրագործելու համար: Տվյալ դեպքում «անաղմուկ» ասվածը ենթադրում է, որ տուժողները` Հարություն եւ Մուշեղ Զաքարյանները, չպիտի բողոքեն: ՔԿ-ն այս խնդիրը կարծես լուծել է, եւ Տիգրան Խաչատրյանն առաջիկա օրերին կրկին ազատության մեջ կհայտնվի:

 

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու օրից` հոկտեմբերի 1-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ օրը գումարվելիք նիստում որոշմամբ հավանություն կտա «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին վաճառելու գործարքին: Իսկ որոշման նախագծի 2-րդ կետում նշված է. «Սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է ՀՀ Կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որեւէ մեկը»: Այսինքն՝ պարզվում է՝ Կառավարությունը, գործարքի հետ կապված ինչ-որ պահանջներ է ներկայացրել ՀԷՑ-ին, սակայն այդ մասին, չգիտես ինչու, չի հայտարարվել ո՛չ Կառավարության համապատասխան նսիտում եւ ո՛չ էլ դրանից հետո:

 

 

 

 

ԻՆՉ ԱՐԵՑԻՆ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի գլխավոր ինտրիգներից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` երեկ՝ ուշ երեկոյան, նախատեսված հանդիպումն էր: Արեւմտյան քարոզչությունը օրնիբուն խոսում է այն մասին, որ Ուկրաինայում երկու տարի առաջ սկսված ճգնաժամից ի վեր Պուտինի վարած քաղաքականության արդյունքում միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը հետզհետե թուլանում է, որ տնտեսական պատժամիջոցները առաջիկա մեկ-երկու տարում վերջնականապես ծնկի կիջեցնեն ռուսական տնտեսությունը, որ Ուկրաինայի հետ վարվող հիբրիդային պատերազմը ուր որ է` կջլատի Ռուսաստանի ուժերը, եւ որ այդ ամենի արդյունքում Մոսկվան մեկը մյուսի հետեւից կկորցնի իր ազդեցության գոտիները: Սրան ի հակառակ, սակայն, Ռուսաստանը, փաստորեն, ամրապնդեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում եւ բացահայտորեն եւս մեկ ձեռնոց նետեց Բ. Ասադի ռեժիմի տապալումը գերխնդիր դարձրած Արեւմուտքին` ցույց տալով, որ Ռուսաստանին աշխարհի գերհզորների ցուցակից հանողները խիստ շտապել են:
Եվ, ահա, Ուկրաինայի «փլատակների տակ» ռուսական տնտեսության «մահը» կանխատեսող քաղաքական իդեոլոգներին նոր հիասթափություն էր սպասվում` ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Պուտին-Օբամա հանդիպման մասին տեղեկատվության տեսքով: Իհարկե, ամերիկացիները ամեն կերպ փորձում են այս հանդիպումը ներկայացնել որպես ռուսական կողմի տեւական խնդրանքների արդյունք, սակայն թե՛ Վլադիմիր Պուտինի` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթը` դրանում տեղ գտած առավել քան հստակ եւ վճռական շեշտադրումներով, թե՛ ամերիկյան հետուստաընկերություններին նախօրեին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականները` ինչպես ԱՄՆ վարած արտաքին քաղաքականության, այնպես էլ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում Կրեմլի դիրքորոշման, եւ, ի վերջո, անձամբ իր եւ Օբամայի փոխհարաբերությունների մասին, կարծում ենք, առավել քան հստակ ցույց տվեցին, որ Օբամա-Պուտին հանդիպումն այս իրավիճակում Միացյալ Նահանգներին եւս խիստ անհրաժեշտ էր:
Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ անդրադառնալով Մերձավոր Արեւելքում առկա լարված իրավիճակը ստեղծողներին եւ ահաբեկչության տարածողներին, ասել է. «Քաղաքական, սոցիալական խնդիրներն այս տարածաշրջանում վաղուց են առաջացել, եւ մարդիկ այստեղ վաղուց էին փոփոխություններ ցանկանում: Բայց ի՞նչ ստացվեց գործնականում: Ագրեսիվ միջամտությունը բերեց նրան, որ ռեֆորմի փոխարեն ավերածություններ եղան»: Ուշագրավ էր այս խոսքերից հետո Պուտինի հնչեցրած հարցը. «Մեծ ցանկություն կա նրանց հարցնելու, դուք հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք»: Եւ իսկապես:




Լրահոս