ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՇԱԿՆ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող հանգստյան օրերին հայաստանյան հեռուստաեթերը ողողված էր տեսանյութերով այն մասին, որ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է այս կամ այն գործարարին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար: Իհարկե, պարգեւ տալը շնորհակալության մի ձեւ է, բայց արդյո՞ք արժեր հայ գործարարներին այդքան բարձր պատվի արժանացնել՝ իրենց երկրին գումար տալու համար միայն:

Տեղեկացնենք, որ Ս. Սարգսյանի կողմից երախտագիտության եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր աստիճանի մեդալներով պարգեւատրվել են ԱՄՆ-ում բնակվող 5 հայ գործարարներ, ՌԴ-ում բնակվող հայազգի 16 գործարարներ, ինչպես նաեւ՝ 7 անձինք, որոնք բնակվում են աշխարհի տարբեր երկրներում:
Տարօրինակ է, իհարկե, բայց պարգեւատրվողների շարքում չկար ո՛չ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, ո՛չ էլ Սերժ Թանկյանը, որոնք անվճար հիմունքներով Հայոց ցեղասպանության ընդունման լայնամասշտաբ կոչ արեցին եւ մեր երկրի արտաքին PR-ով զբաղվեցին խելահեղ սփռվածությամբ:
Իսկ ովքե՞ր գնահատվեցին Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի ներսում. 22 մարդ, որոնք ապրում եւ աշխատում են Հայաստանում, գումար են վաստակում եւ հարստանում են իշխանության ամենատարբեր օղակների կողմից տրված հնարավորությունների ու արտոնությունների շնորհիվ, հաճախ ՀՀ քաղաքացիների հաշվին: Եւ նրանց մեդալ ստանալու միակ արժանիքն այն է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի միջոցառումներին գործուն աջակցություն են ցուցաբերել, ասել է թե՝ փող են տվել: Ու սա արդեն բավարար էր, որպեսզի նրանց դոշից մեկիկ-մեկիկ մեդալներ կախվեին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվեց «ԱրսՕյլ»-ի սեփականատեր, ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որի ընդդիմադիր ելույթները դեռ զրնգում են հարթակներում, «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արամ Սարգսյանը, որը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրն է: Նրանք եղբայրներով 1 տուփ «պեչենի» գողացողին ոստիկանությանը հանձնեցին եւ իրենց գործունեության հետեւանքով հաճախ հայտնվում են դատական աղմկալի պատմությունների մեջ:
Նույն մեդալին արժանացավ նաեւ «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Թարվերդյանը, որը ՀՀ-ում Շրի Լանկայի հանրապետության պատվավոր հյուպատոսն է եւ զբաղվում է Հայաստան ալկոհոլի ներկրմամբ:
«Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների բաժնետեր, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը եւս պարգեւատրվեց. մարդ, որի ընտանիքի անդամները պարբերաբար իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվում, իսկ ինքն էլ լինելով ԱԺ պատգամավոր՝ երբեւէ իր գործառույթները չի իրականացրել: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ ստացավ նաեւ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի բաժնետեր, դարձյալ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը: Վերջինս մեր հայրենիքի առողջարար ջուրը շշալցնում է եւ վաճառում 1 լիտր կաթից ավելի թանկ գնով՝ ՀՀ քաղաքացիների ու բնության հաշվին իր համար գերշահույթներ ապահովելով: Իսկ ԱԺ պատգամավորի մանդատն օգտագործելով էլ՝ շատ բնակավայրերում մենաշնորհային դիրքեր ունի, արտերկրում էլ իր համար բիզնեսի շուկա է բացում:
Նույն մեդալից ունեցավ նաեւ «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ-ի նախագահ Նորայր Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հենց նրա հրահանգով իր «Իդեալ» խանութի երկրորդ հարկում բնակվող երեւանցի Ամալյա Նազարեթյանը բռնի կերպով հոգեբուժարան տարվեց, քանի որ դեմ էր Նորիկ Խաչատրյանի կամակոր շինարարությանը:
2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվեց նաեւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը: Մարդ, որի ղեկավարած հիմնարկի գործունեությունից բազում քաղաքացիներ են դժգոհ. ինչպես հայտնի է՝ կեղծ կտրոններից սկսած ամենադաժան ապօրինությունների կարելի է հանդիպել բանկային համակարգում:
Դե, իհարկե, հայրենիքին մատուցած ծառայության համար մի մեդալ էլ Գագիկ Ծառուկյանի դոշից կախեցին. «դոդի Գագո» պիտակի հանրայնացումից հետո որեւէ կերպ պետք էր նրա «խաթրը առնել», եւ, ահա, եկավ այդ պահը:
«Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին, Աշոտ Խաչատրյանին եւ գործարարության հետ որեւէ «աղերս չունեցող» Սամվել Ալեքսանյանին եւս 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրեցին:
Բայց սա դեռ ամենը չէ. Սերժ Սարգսյանը երախտագիտության մեդալներ էլ շռայլեց շատերին՝ այդ թվում «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մուրադյանին, «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Հովհաննիսյանին, «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի հիմնադիր Հովհաննես Պողոսյանին, «Մերգերյան կարպետ» ԲԲԸ-ի նախագահ Րաֆֆի Հովհաննէս Մերգերյանին, «Ադամիում» ՍՊԸ-ի նախագահ Վահրամ Ադամյանին, գործարարներ Աշոտ Կարապետյանին, Նորիկ Թորգոմի Պետրոսյանին, Արայիկ Մկրտչյանին, «Բարսել» ՍՊԸ-ի սեփականատեր եւ տնօրեն Կարեն Մկրտչյանին:
Այս ցանկում երկու հետաքրքիր անուն գտանք. մեկը «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանն էր, որը Թեղուտի աղմուկի հիմնական պատճառն էր եւ հայտնի է բնությանը տված իր վնասներով ու բնության հաշվին ահռելի հարստություն կուտակած իր կերպարով: Դե, իսկ երկրորդ անունը «Իքս Գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանն է, որին Սերժ Սարգսյանը Երախտագիտության մեդալ է շնորհել՝ հավանաբար նաեւ Նոր Նորքի բնակիչներին իր «Ջրաշխարհի» գործունեության հետեւանքով անջուր թողելու, Հայաստանի տարբեր խանութներում ժամկետանց կամ այլ վիճահարույց որակով ձու մատակարարելու համար: Հիշեցնենք, որ խոսքը նույն այն Խաչիկ Խաչատրյանի մասին է, որը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է վճարել մոտ 2 մլն դրամ, եւ մեր թերթի հաշիվներն արգելանքի տակ են դրված:
Ահա թե ինչ արժեհամակարգ կրողներ են գնահատվում մեր երկրում: Ստացվում է, որ Հայաստանում գնահատվելու գլխավոր պայմանը փողն է. որքան շատ տրվի, այնքան մեծ կլինի գոհունակությունը:
Վերջում նկատենք, որ երախտագիտության, հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր աստիճանի մեդալներ են շնորհվում նաեւ մեր սահմանը հսկող զինվորներին՝ հետմահու կամ կենդանության օրերին: Արդյո՞ք արժեր այդ մեդալների արժեքը այնքան ցածրացնել՝ արժանացնելով դերժավայի Արկադի կամ ձվերի Խաչիկի մակարդակի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՄՐԻԻ ՓՈՍՏԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՓԱԿՎԵՑ
Երեկ «Հայփոստ» ՓԲԸ-ի Գյումրիի փոստային մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրեցին: Պատճառը փոստային մասնաճյուղը Սպիտակի մասնաճյուղին միացնելն է: Սակայն այս միացման արդյունքում մեկուկես տասնյակ աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի: Բացի այս՝ Գյումրիի փոստային մասնաճյուղի աշխատակիցների պնդմամբ՝ այն Սպիտակին միավորելու արդյունքում դեռ հայտնի չէ, թե նամակները, այդ թվում նաեւ դատական եւ ճանապարհային ոստիկանության ծածկագրերը, թերթերը ինչպես են առաքվելու հասցեատերերին: Խնդրի առնչությամբ «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Հին համակարգն այլեւս գոյություն չունի. հիմա չորս մասնաճյուղ իրականացնում է ամբողջ գործընթացը, որն ավելի բարձրացնում է փոստի օպերատիվությունը, աշխատանքի արդյունավետությունը: Ներկայումս «Լա փոստ»-ի հետ ժամանակին մշակված լոգիստիկ սխեման է իրականացվում: Այն ժամանակին մշակվել է ֆրանսիական փոստի ազգային օպերատոր «Լա Փոստ»-ի հետ համատեղ»: Իսկ գյումրեցին առանց բարդությունների թերթ կստանա՞, թե՞ ոչ, այս հարցին Աբրահամյանը պատասխանեց. «Իսկ թերթերի բաժանումը լոգիստիկ նոր սխեմայով օպերատիվությունը մեծանում է: Թերթերի վաճառքը կիրականացվի Սպիտակի մասնաճյուղի միջոցով: Ոչ թե բաժանմունքներն են փակվել, այլ մասնաճյուղը: Փոստի առաքման մեքենան կգնա ուղիղ բաժանմունք: Գյումրու ընթերցողը չի մնա առանց թերթի»:

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆԵՆ
Նոր Սահմանադրության նախագծի դեմ ձեւավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքին ներկա կլինեն այն ուժերը, որոնք ընդգրկվել են «Ոչ»-ի ճակատում: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությանը միացել են ՀԱԿ, «Ժառանգություն», ՀԺԿ եւ ԱԻՄ կուսակցությունները, սակայն մինչ այս, դրանց առաջնորդները հրապարակային միջոցառումներին դեռ չեն մասնակցել: Ինչպես հայտնի է՝ նախաձեռնությունն իր առաջին հանրահավաքն անցկացրեց սեպտեմբերի 25-ին, Գյումրում:

 

ՉՈՐՍ ՕՐՈՒՄ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ
Վերջին չորս օրերին երեկ արդեն երրորդ անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արարատի մարզ եւ հանդիպել գյուղացիների հետ ու վստահեցրել, որ խաղողի մթերման գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո: Բայց ողջ խնդիրն այն է, որ խաղողի մթերումը ստիպողաբար չի կարող լինել: Գործարարներին պետք է ձեռնտու լինի շատ խաղող մթերելը, այիսնքն՝ նրանք պետք է համոզված լինեն, որ հետագայում կկարողանան իրենց ապրանքն իրացնել: Հակառակ դեպքում գործարարներն այսօր Կառավարության հորդորներով խաղողը կմթերեն, իսկ վաղը կկանգնեն սնանկության շեմին:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԿԱՅԱՆԱՆ
Երեւանի քաղաքապետարանի լրատվության, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ArmLur.am-ին փոխանցեց՝ «Էրեբունի-Երեւան 2797» միջոցառումների ծրագիրը պատրաստ է, կհրապարակվի սեպտեմբերի 30-ին, եւ միջոցառումները կայանալու են: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կայացված այս որոշումն ուշագրավ է այն առումով, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրված տոնական միջոցառումները Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ չեղյալ են հայտարարվել՝ պայմանավորված սեպտեմբերի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով, որի հետեւանքով զոհվել էր 4 զինծառայող, վիրավորվել՝ 16-ը: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտահոգված չէ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ, եւ նրա համար խրախճանքն առաջին տեղում է:

 

ՀԱԿԱՍԵՑ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջացրած սահմանային լարվածությանն ու հրադադարի կոպիտ խախտման դեպքերին, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի, անքակտելի մասն է: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց. «Այս տարի՝ ապրիլին, Սերժ Սարգսյանը Պոզների հետ հարցազրույցում բացատրում էր, թե ինչու չենք ճանաչում Արցախի անկախությունը. եթե ճանաչենք, ապա պետք է դուրս գանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Իսկ հիմա ասում է՝ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է. ի՞նչ նկատառումներով է դա ասում, ես չգիտեմ, բայց որ գեոքաղաքական, քաղաքական առումով այդ հայտարարությունը ոչ մի կանխարգելիչ նշանակություն չունի, դա փաստ է»,- նկատեց Կարապետյանը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՀԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր եւ վիրավորներ»: Պաշտոնական Բաքուն առայժմ հաստատում է միայն երեք ադրբեջանցի զինծառայողի մահվան լուրը։




Լրահոս