«ԴԵ, ՍՊԱՍԻ՛Ր, ՈՐ ՄԱՆԿԻԿԸ ԿՄԵԾԱՆԱ, ԿԿԱՐՈՂԱՆԱ ՂԵԿԱՎԱՐԵԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, ինչ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի թափուր մնացած պաշտոնը հանձնվեց մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդուն` ալտահար Վաչե Հովեյանին, կենտրոնի համակարգում գործող կոլեկտիվները նամակ են հղել ՀՀ մշակույթի նախարարին` իրենց դժգոհությունը հայտնելով այդ նշանակման առթիվ:

Նամակի տակ ստորագրել են մենակատարների անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյանը, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը, «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը: Նամակի հեղինակները նշել են, որ իրենք ակնկալում էին տնօրենի պաշտոնում տեսնել Նորայր Նազարյանին, ով վերջին շրջանում տնօրենի պաշտոնակատարն էր: Նամակումս շեշտվել է, որ այս երկու թեկնածուներն էլ հավասար միավորներ են ստացել, այնինչ՝ տնօրենի պաշտոնում նշանակվել է Վաչե Հովեյանը: Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք նախորդ շաբաթ նամակն առձեռն փոխանցել են Հասմիկ Պողոսյանին, ով նշել է, որ կփորձեն օժանդակել:
«Մենք հրաշալի ճանաչում ենք Նորայր Նազարյանին, ով տնօրենի պաշտոնակատար եղած ժամանակ շատ լավ կարողանում էր կազմակերպել կենտրոնի աշխատանքները: Նա արդեն կայացած, փորձառու ղեկավար է, մեր խնդրանքն է տնօրենի պաշտոնում պահել նրան, հատկապես, որ քննությունը հավասարապես հաջող կերպով հանձնել է: Մենք չենք ուզում նոր տնօրեն բերեն` այդ նոր մարդու մասին չունենալով եւ ոչ մի կարծիք: Կենտրոնը ստեղծվել է բազում բարդություններով, մարդիկ ընթացքում գտել են աշխատանքները ղեկավարելու լավ բանաձեւեր, հիմա գալու է մեկը, ով, բնականաբար, անտեղյակ է գործից: Յուրաքանչյուր տեղաշարժ, ցնցում թանկ է նստում արվեստի վրա…Հիմա դե նորից սպասիր, որ մանկիկը կմեծանա, կկարողանա ղեկավարել… Ժամանակի մեծ կորուստ է սա…»,-կարծիք հայտնեց Հ. Թոփիկյանը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նորայր Նազարյանի հետ:
-Պարո՛ն Նազարյան, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրվեց Վաչե Հովեյանը, եւ ոչ Դուք:
-Ճիշտն ասած, ինձ թվում է` այդ հարցը ինձ չպետք է տաք, այլ մշակույթի նախարարությանը: Ուրիշ բան չունեմ ավելացնելու:
-Ըստ Ձեզ` Վաչե Հովեյանը կարո՞ղ է կենտրոնն ըստ արժանվույն ղեկավարել:
-Պետք է նա գա, հասկանա` կարող է, թե ոչ: Որպես ղեկավարի ես իրեն չեմ ճանաչում, չեմ շփվել. որպես երաժիշտ եմ ճանաչում: Որպես երաժիշտ նորմալ է:
-Ինքներդ սպասո՞ւմ էիք տնօրենի նշանակման հարցում նման հանգուցալուծման:
-Ոչ մի անգամ համոզված չեմ եղել, որ միանշանակ ես կանցնեմ:
-Ըստ Ձեզ` այս պարագայում Հովիկ Հովեյանի միջնորդությունը կարո՞ղ էր ինչ-որ դեր խաղալ:
-Ես չեմ կարող ասել` ինչն է դեր խաղացել, ունենք այն, ինչ ունենք, երկու թեկնածու ենք, երկուսս էլ անցել ենք մեր առջեւ դրված քննությունը, նախընտրել են իրեն…
-Իսկ դա որեւէ կերպ պատճառաբանվե՞լ է:
-Պատճառաբանություն չեն ներկայացրել, պատճառն անհայտ է, եթե հետաքրքրվեք, իմանաք, շատ լավ կլինի:
-Դուք այժմ Հովեյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Նորմալ:
-Իսկ ինչ-որ սպասելիք ունե՞ք նախարարին ուղարկված նամակից:
-Ոչ, իմ կարծիքով նամակը ինչ-որ բանի չի հանգեցնի:
-Եվ վերջում` ինչ հիմնական խնդիրներ եք տեսնում կենտրոնի ներսում, որոնք անհապաղ ենթակա են լուծման, եւ որոնց, գուցե, կարողանաք լուծում տալ տնօրեն դառնալու դեպքում:
-Իմ հայեցակարգի մեջ էլ գրել եմ. առաջին խնդիրը ռոյալի խնդիրն է, որը դրված է համերգասրահում, վատթար վիճակում. լուրջ արտիստներ դրա վրա պարզապես չեն նվագում, այն համարյա չի աշխատում: Երկրորդը` երգչախմբերի եւ նվագախմբի համատեղ համերգ կազմակերպելու հարցն է, նաեւ կցանկանամ բացօթյա համերգներ իրականացվեն մարզերում, Արցախում, ինչպես եղել է նախկինում:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Վաչե Հովեյանի հետ, ով խոստացավ մեկնաբանություն տալ ավելի ուշ:

 

 

 

 
«ՏՈՆԸ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ, ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ»

Արդեն 3000-ից ավել մարդ միացել են մեկ նախաձեռնության շուրջ, որով պահանջում են չեղյալ հայտարարել «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումները եւ Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն ուղղել սահմանամերձ գյուղերին:

Երեւանի քաղաքապետարանում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երեւան 2797» միջոցառումների ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ArmLur.am-ին փոխանցել է, որ միջոցառումները կայանալու են, եւ ծրագիրն էլ կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անկախ արդյունքից ինքն ուրախ է, որ նախաձեռնողները նման մարդկային վերաբերմունք են ցուցաբերում:
«Մարդիկ կարծես թե սկսել են տարբերակել` որն է կարեւորն ու որը` առաջնայինը: Տոնակատարությունը, վերջիվերջո, արվում է, որ մարդիկ հաճույք ստանան դրանից, իսկ մարդկանց մի ստվար զանգված հաճույք կստանա, եթե դրա վրա ծախսվելիք գումարը ծառայի այլ նպատակի: Կյանքը, իհարկե, չպետք է կանգ առնի, գուցե տոնակատարություն արվի, սակայն հնարավոր լինի կրճատել դրա ծախսերը, հրաժարվել ավելորդություններից: Վերջիվերջո, տոնը շքեղության մեջ չէ, այլ բարձր տրամադրության»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանից տրված այն պարզաբանմանը, թե տոնակատարության միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երեւանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե ըստ ցանկության այն տնօրինելու, Ռ. Բաբայանը նկատեց. «Ես բազմիցս առիթ եմ ունեցել շփվելու մասնավոր հատվածի հետ. մեր երկրում կարգը հետեւյալն է՝ որեւէ մասնավոր ներդրող իր կամքով որեւէ նվիրատվություն չի անում, մինչեւ չի ստանում հրահանգ վերեւից, այնպես որ, ասել, թե մասնավոր հատվածն է որոշել դա, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս